Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-06-2018
«Ավրորա»-յի հավակնորդները հանդիպեցին. բացահայտելով նրանց սխրանքները
Հունիսի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդիպեցին «Ավրորա» մրցանակի այս տարվա երեք հավակնորդները: Հնդկաստանում սեռական բռնությունների դեմ պայքարի, Մյանմայում ռոհինջա ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ Մեքսիկայում կենտրոնաամերիկացի փախստականներին ապահով ապաստան տրամադրելու գործում ցուցաբերած անձնուրաց նվիրումի համար առաջադրված մարդասերները ՀԱՀ-ում հանդիպեցին երիտասարդների հետ:

Սունիտա Քրիշնանը, Չո Լա Աունը, Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյոն մեր օրերի հերոսներն են: Հերոսներ, ովքեր, չնայած իրենց բաժին հասած սարսափելի փորձություններին, չեն ընկրկել ու շարունակել են պայքարել հանուն հազարավոր այլ մարդկանց: 

«Ձեզնից յուրաքանչյուրը հույսի ու լույսի ճառագայթ է, ո տարածվել է տարբեր երկրներում»,- դիմելով հավակնորդներին՝ նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Հարութ Շիթիլյանը: Նա պատմեց, որ Կանադայում է ծնվել, եւ այնտեղ մի ասացվածք կա՝ «Եթե ուզում ես հեռուն գնալ, պետք է ամուր արմատներ ունենաս ու թեւեր՝ սավառնելու համար»: Եվ «Ավրորա» մրցանակի երեք համահիմնադիրները հետեւել են այդ ասացվածքին: Շիթիլյանի խոսքով՝ հայերն այս մրցանակով ճանաչում ու օգնում են նրանց, ովքեր Ավրորայի գործն են շարունակում: 

2016 թվականին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր էր դարձել Բուրունդիի «Մեզոն Շալոմ» («Խաղաղության տուն») խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր Մարգարիտ Բարանկիցեն: Նա կրկին Երեւանում է: 

«Մենք այստեղ ենք նշելու սերը: 2016 թ. իմ կյանքում ամեն ինչ փոխվեց: Ես կորցրել էի իմ հայրենիքը, բայց ապրիլի 24-ին ամեն ինչ փոխվեց: Դուք Բուրունդիին նոր հույս պարգեւեցիք: Մենք այստեղ ենք խոսելու ոչ թե պատերազմի, այլ սիրո մասին: Ես փրկել եմ ավելի քան 20 հազար երեխայի: Ես հավատում եմ սիրուն, Աստված մեզ արարել է որպես մեծ մարդկանց»,- ասաց առաջին դափնեկիրը: 

Երեք հավակնորդներին Արցախից ուղիղ տեսակապով ողջունեցին մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ նախորդ տարվա մրցանակակիր Թոմ Քաթինան: Արցախում վերջինս հիանալի ժամանակ է անցկացնում: 

Հավակնորդ Սունիտա Քիշնանն ընդամենը 15 տարեկան է եղել, երբ խմբակային բռնաբարության զոհ է դարձել: «Ես սովոր չեմ, որ ինձ հոտնկայս ծափահարում են: Սովորաբար ինձ հարվածում են: Չեմ կարող նկարագրել, թե «Ավրորա»-յի կողմից նման ճանաչումն ինչ ուժ է ներշնչում ինձ: Ահավոր դեպքից՝ բռնաբարությունից հետո ես, որ գերազանցիկ, օրինակելի վարք ունեցող մարդ էի, վայր էի ընկել: Ես զգում էի, որ արժեք չունեցող մարդ եմ: Ինձ մեղադրում էին մի հանցանքի համար, որը ես չէի արել: Դա իմ զայրույթն առաջացրեց: Եվ հենց այդ զայրույթն էլ ստիպեց հասկանալ, որ ես հենց այդ գործին եմ ուզում նվիրվել»,- նշեց Սունիտա Քիշնանը: Իրենց պատմություններով կիսվեցին նաեւ մյուս հերոսները: 
Հերոսների մասին 

Չո Լա Աուն, իրավաբան եւ ռոհինջա ժողովրդի առաջնորդ, Մյանմա։ Ազգությամբ ռոհինջա, մուսուլման Չո Լա Աունը թեեւ ընդհանուր առմամբ 12 տարի անցկացրել է բանտերում՝ համակարգային խտրականության եւ բռնաճնշումների դեմ խաղաղ բողոքներ կազմակերպելու մեղադրանքով, իրավապաշտպանի իր հմտությունները մշտապես ծառայեցրել է իր համայնքի կարիքներին՝ պայքարելով հանուն անհավասարության վերացման, մարդու իրավունքների առաջխաղացման եւ կրթական հնարավորությունների ստեղծման։ Նա պարգեւի է առաջադրվել միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք Մյանմայում բժշկական եւ ընդհանուր օգնություն են տրամադրում փախստականներին։

Հեկտոր Թոմաս Գոնսալես Կաստիլյո, «72. տուն եւ ապաստան միգրանտների համար» կազմակերպության հիմնադիր, Մեքսիկա։ Ֆրանցիսկյան ուխտի վանահայրը ապաստան, սնունդ, ջուր, խորհրդատվություն եւ իրավական աջակցություն է տրամադրել ավելի քան 50,000 կենտրոնաամերիկյան ներգաղթյալների՝ Մեքսիկայի տարածքով իրենց դժվարին ճանապարհորդությունների ընթացքում, օգնություն մատուցելով բոլորին, այդ թվում՝ հարձակումներից ու առեւանգումների փորձերից տուժածներին եւ իրենց երկրներից արտաքսվածներին։ Նա պարգեւի է առաջադրվել այն կազմակերպությունների կողմից, որոնք ակտիվորեն գործում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների իրավունքների առաջխաղացման, ինչպես նաեւ Մեքսիկայում մայա ժողովրդին մշակութային կրթությամբ ապահովելու ուղղություններով։

Սունիտա Քրիշնան, «Փրաջվալա» կազմակերպության համահիմնադիր, Հնդկաստան։ Խմբակային բռնաբարության ենթարկված, սակայն հետագայում կանանց իրավունքների ակտիվիստ կինը ցավը վերածել է զորության եւ ներշնչանքի աղբյուրի, որպեսզի փրկի, վերականգնի եւ հասարակությանը վերաինտեգրի սեռական թրաֆիքինգի եւ հարկադիր մարմնավաճառության զոհերին՝ ստեղծելով մի կազմակերպություն, որը դրական ազդեցություն է գործել ավելի քան 17,800 կանանց եւ երեխաների կյանքում։ Նա պարգեւի է առաջադրվել այն կազմակերպությունների կողմից, որոնք Հնդկաստանում պայքարում են գենդերային անհավասարության, սեռական բռնությունների եւ թրաֆիքինգի դեմ։

Երեք մարդասերները մեծարման կարժանանան «Ավրորա» մրցանակի շնորհման երրորդ հանդիսավոր արարողության ընթացքում, որը 2018 թվականի հունիսի 9-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երեւանում։ 

Պատկերասրահ՝ Հանդիպում «Ավրորա» մրցանակի 2018 թ.ի երեք հավակնորդների հետ