Նյութը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 08-06-2018
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային հանդիպում Ծաղկաձորում
Ծաղկաձորում ընթանում է ԱՊՀ երկրների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի խորհրդի հերթական նիստը:

Խորհրդի աշխատանքներին մասնակցում են Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտի պետական մարմինների, ինչպես նաեւ ԱՊՀ Գործադիր կոմիտեի եւ «Ասիայի երեխաներ» խաղերի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ: Նիստը կտեւի երկու օր՝ հունիսի 7-ից 8-ը՝ Ծաղկաձորի «Մուլտի Ռեստ Հաուզ» համալիրում: 

Նիստի մասնակիցներին ողջույնով դիմել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Լեւոն Վահրադյանը. «Լինելով չափսերով փոքր՝ Հայաստանը աշխարհին է ներկայանում որպես մարզական նշանակալի ձեռքբերումներով երկիր: Մենք պարտավոր ենք պահպանել եւ ավելացնել մեզ հասած մարզական ժառանգությունը: Իսկ նմանատիպ հանդիպումները հիանալի հարթակ են բարեկամ երկրների ոլորտի ղեկավարների հետ ռազմավարական կարեւոր խնդիրներ քննարկելու եւ դրանց լուծման ճանապարհները գտնելու համար: Շնորհակալություն եւ բարի գալուստ մեր երկիր»,- ասել է նախարարը: 

Նիստի երկու օրերի ընթացքում մասնակիցները քննարկելու են 2019-2020 թվականներին ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի, ինչպես նաեւ ազգային մարզաձեւերի զարգացմանն ուղղված միջոցառումներին, առողջ ապրելակերպի գաղափարների քարոզչության արդյունավետության բարձրացմանը, սպորտային բժշկության եւ հակադոպինգային քաղաքականությանը վերաբերող եւ այլ հարցեր: 

Խորհրդի անդամների քննարկմանը կդրվի նաեւ 2018 թվականին Ղրղզստանում  անցկացվելիք ազգային մարզաձեւերի փառատոնի նախապատրաստական աշխատանքների պլանը, ինչպես նաեւ տեղի կունենա «Ասիայի երեխաներ» մարզական միջոցառման ներկայացումը (պրեզենտացիան):