Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ auroraprize.com-ից
Տեղադրվել է 10-06-2018
Հայտնի է «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկրի անունը
Ամենամյա «Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկիր է ճանաչվել իրավաբան եւ ակտիվիստ Չո Լա Աունը՝ մեծարանքի արժանանալով այն նվիրման համար, որով նա, չնայած բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին, պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։
Նրա անունը՝ որպես դափնեկիր, հայտարարվել է Հայաստանում՝ արեւածագին Արարատ լեռան ստվերի տակ տեղի ունեցած միջոցառման ընթացքում: «Ավրորա» մրցանակը շնորհում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Հայոց ցեղասպանության վերապրողների անունից` ի երախտագիտություն նրանց փրկողների։ Չո Լա Աունը «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր է ընտրվել 115 երկրից առաջադրված 750 թեկնածուների ցանկից։

Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունը ստանալու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, ինչպես նաեւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով հետեւյալ երեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մյանմայում բժշկական օգնություն եւ օժանդակություն են տրամադրում փախստականներին.

«Բժիշկներ առանց սահմանների», Լոնդոն (Médecins Sans Frontières),
MERCY մալայզիական բժշկական նպաստամատույց, Մալայզիա (Malaysian Medical Relief - MERCY Malaysia),
Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով, Շվեյցարիա, ԱՄՆ (ICMC – International Catholic Migration Commission):

Չո Լա Աունը տասնամյակներ շարունակ մեծ նվիրումով գործել է՝ իրավապաշտպանի իր հմտություններն ի սպաս դնելով քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների համար մղած պայքարին։ Զորեղ է նրա նվիրումը Մյանմայի Կառավարության կողմից հետապնդվող հարյուր հազարավոր մուսուլման փախստականների եւ կրթությունից զրկված երեխաների իրավունքների եւ արդարության պայքարին։ Ստանձնած առաքելության հետեւանքով կյանքի 12 տարին նա անցկացրել է բանտարկության մեջ, ծանրագույն զրկանքների է ենթարկվել նրա ընտանիքը։

«Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր հռչակվելու վերաբերյալ Չո Լա Աունն ասել է. «Իմ ժողովուրդը ենթարկվում է դաժան սահմանափակումների եւ արդեն կորցրել է իր խիզախությունն ու իր ուժերի նկատմամբ հավատը, դարձել անգրագետ, ուստի եւ՝ ընչազուրկ։ «Ավրորա» մրցանակի աջակցությունը կարեւոր ճանաչում է բերում մարդու իրավունքների խախտումների ենթարկված բոլոր մուսուլմաններին, եւ ռոհինջա ժողովրդի թշվառ կացությունն օրեցօր ավելի նկատելի է դառնում միջազգային հանրությանը»։

«Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկրին պատվելու համար Հայաստան են ժամանել միջազգային մարդասիրական հանրության առաջատար ներկայացուցիչներ, ինչպես նաեւ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամներ, որոնց թվում են Նոբելյան մրցանակի դափնեկիր Շիրին Էբադին, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության հիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բերնարդ Քուշները, Լոնդոնի կայսերական քոլեջին կից Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Արա Դարզին եւ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը։