Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-06-2018
Օվսաննա Հովսեփյան. տարվա «Երիտասարդ բնապահպան»
Eritasard.am-ի զրուցակիցը «Դինգո Թիմ» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Օվսաննա Հովսեփյանն է, ով հաղթող է ճանաչվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացված «Երիտասարդ-2017» մրցանակաբաշխության «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում:
Մասնագիտությամբ հոգեբան Օվսաննա Հովսեփյանը կենդանիների պաշտպանության խնդիրներով սկսել է զբաղվել դեռեւս 2007 թ.-ից: 2008 թ.-ին՝ շուրջ մեկ տարի, որպես կամավոր համագործակցել է «Փրկենք կենդանիներին» կազմակերպության հետ: 2009 թ.-ին իր ֆեյսբուքյան էջում ստեղծել է «Մի՛գնիր, որդեգրի՛ր» լուսանկարների ալբոմը: Թափառող կենդանիների առաջին կացարանը նրա տունն էր, որտեղ բուժում, խնամում էր կենդանիներին, ապա լուսանկարները տեղադրելով ալբոմում՝ տեր փնտրում նրանց համար: 

2010 թ.-ին Օվսաննա Հովսեփյանը ստեղծել է «Adopt a Pet / Կենդանի որդեգրի՛ր» ֆեյսբուքյան էջը, իսկ 2011 թ.-ին կամավորներ Աննա Ժամհարյանի եւ Սեմ Սացկեւիչի հետ  հիմնադրել «Դինգո Թիմ»  կենդանասեր կամավորների ՀԿ-ն: 



- Օվսաննա՛, շնորհավորում եմ Ձեզ հաղթանակի  կապակցությամբ եւ նոր ձեռքբերումներ մաղթում:

- Շնորհակալ եմ: Շատ հաճելի անակնկալ էր ինձ համար: Մրցանակաբաշխությունից ընդամենը 2 օր առաջ եմ տեղեկացել, որ իմ թեկնածությունն առաջադրվել է «Երիտասարդ բնապահպան» անվանակարգում: Մրցանակները, իհարկե, ամենակարեւորը չեն կյանքում, սակայն, ինչ խոսք, հաճելի է, երբ աշխատանքդ նկատվում ու գնահատվում է:

- Որպեսզի մեր զրույցի միջոցով կարողանանք հնարավորինս ամբողջական ներկայացնել Ձեր գործունեությունը, նախ պետք է ծանոթանանք ակունքներին: Կենդանիների նկատմամբ նման բացառիկ հոգատարությունը, նրանց պաշտպանելու ձգտումները ե՞րբ են սկսել դրսեւորվել: 

- Շներին միշտ եմ սիրել՝ վաղ մանկությունից: Ծնողներս հիշում են, որ ինձ հանդիպած շների կողքով երբեք անտարբեր չեմ անցել: Դժվար է հստակ ժամանակահատված առանձնացնել, բայց կենդանիներին պաշտպանելու, խնամելու ձգտումն ու ցանկությունը եւս մանկուց են դրսեւորվել: Բակից, փողոցից գտած ձագերին պարտադիր տուն էի տանում, խնամում, առողջացնում, ապա նրանցից բաժանվում դժվարությամբ, լաց ու կոծով. ծնողներս դեմ էին տանը կենդանի պահելուն, եւ դա իմ անկատար երազանքն էր: Երբեմն հաջողվում էր նկուղում նրանցից գաղտնի շուն պահել, բայց դա, որպես կանոն, ժամանակավոր էր: Երազանքս իրականություն դարձավ ավելի մեծ տարիքում, երբ ձեռք բերեցի Դինգոյիս: 

Հիշում եմ նաեւ՝ ինչպես էի «աշխատանքներ տանում» բակում, ընկերներիս  սովորեցնում, որ կենդանիներին պետք է սիրել ու պաշտպանել:  



- Ե՞րբ սկսեցիք զբաղվել անտուն կենդանիների խնդիրներով: 

 
- Առհասարակ, բնապահպանական խնդիրներով պաշտոնապես սկսել եմ զբաղվել Թեղուտի անտառի փրկության շարժման ժամանակ: Շարժման ակտիվիստներից էի եւ ավելի շատ հետաքրքրված էի անտառի կենդանական աշխարհի խնդիրներով, նրանց սպառնացող մարտահրավերներով: Այնուհետեւ շարունակեցի բնապահպանական գործունեությունս՝ որսագողության դեմ ստորագրահավաքներ կազմակերպելով: Որոշ ժամանակ անց ծանոթացա նաեւ անտուն կենդանիների խնդիրներին: Այդ ոլորտում տիրող իրավիճակը բավականին անմխիթար էր, քանի որ գրեթե ոչինչ չէր արվում: Գործում էր միայն մեկ՝ «Փրկենք կենդանիներին» կազմակերպությունը, որի կամավորները կացարան էին հիմնել եւ խնամում էին իրենց փրկած կենդանիներին: Մեկ տարի համագործակցեցի կազմակերպության հետ՝ որպես կամավոր: Կացարանը շատ  փոքր էր, տեղը՝ խիստ սահմանափակ, եւ դրսում մնացած կենդանիների խնդիրը, ըստ էության, մնում էր չլուծված: Կազմակերպությունը միայն իր ուժերով անկարող էր ավելին անել, եւ ինքնըստինքյան սկսեցի զբաղվել ինքնագործունեությամբ:   

Նախ իմ տունը ծառայեցրի որպես կացարան: Ինքս բուժում էի հիվանդ կենդանիներին, ապա տերեր էի փնտրում նրանց համար: Սկսեցի օգտագործել Ֆեյսբուքը, քանի որ այլընտրանք չկար: Գրում էի նույնիսկ անծանոթ մարդկանց՝ հիմնականում նրանց, ում լուսանկարներում շուն կար, կամ լուսանկարներից դատելով՝ մտածում էի, որ կցանկանան կենդանի որդեգրել (ժպտում է): Հաջորդ քայլս լուսանկարների ալբոմ ստեղծելն էր: Այն անվանեցի «Մի՛ գնիր, որդեգրի՛ր»: Շուտով մարդիկ սկսեցին հետաքրքրվել, դիմում էին ինձ, որպեսզի նաեւ իրենց բակի կենդանիների համար տերեր փնտրեմ: Այնուհետեւ ստեղծեցի կենդանասեր կամավորների խումբ: Ի սկզբանե կազմակերպություն ստեղծելու ցանկություն չեմ ունեցել: Մեծ ծավալով աշխատանքներ էինք իրականացնում, արդյունքը տեսանելի էր, եւ ինձ համար դա արդեն բավարար էր: Սակայն մեր կամավորների խմբի ակտիվ անդամներից Աննա Ժամհարյանը եւ Սեմ Սացկեւիչը բառացիորեն «ստիպեցին» կազմակերպություն ստեղծել: Կամավորների թիվն արդեն շատ մեծ էր, անհրաժեշտ էր աշխատանքները համակարգել, եւ 2011 թ.-ին պաշտոնապես ստեղծվեց «Դինգո Թիմ» ՀԿ-ն: Բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել գրեթե ամեն օր: Դժվարին ճանապարհ ենք անցել: Մենք անգամ կացարան չունեինք եւ շներին ժամանակավոր կացարան տրամադրելու դիմաց տարբեր մարդկանց օրավարձ էինք վճարում՝ բացառապես նվիրատվությունների շնորհիվ: 



- Եթե փորձենք խիստ համառոտ ներկայացնել «Դինգո Թիմ»-ի գործունեությունը, ի՞նչ կառանձնացնեք՝ որպես այս տարիների ամենակարեւոր ձեռքբերում: 
 
- Այս տարիների ընթացքում փողոցից տուն է գնացել ավելի քան 5000 կենդանի, ավելի քան 1500 կենդանի ստերջացվել է…

Սակայն գլխավոր ձեռքբերումը, անշուշտ, կենդանիների փրկությունը չէ: Մեր կարեւորագույն խնդիրներից մեկը մարդկանց գիտակցության հետ աշխատելն է, քանի որ հակառակ դեպքում կկանգնենք կոտրած տաշտակի առաջ: Մենք այցելում ենք բակ առ բակ, զրուցում մարդկանց հետ, պատմում նրանց կենդանիներ պահելու մշակույթի մասին, եւ  ինձ համար առաջնայինը հենց դա է: Այսինքն՝ մեր նպատակն է կենդանիներին փրկելու միջոցով նպաստել, որ հասարակությունն այդ առումով ավելի գիտակից դառնա:

Ուրախությամբ պետք է նշեմ, որ անտուն կենդանիների նկատմամբ հասարակության վերաբերմունքի մեջ փոփոխություններն ակնառու են: Պարզ օրինակ բերեմ. նախկինում, երբ տեսնում էին, որ փողոցում ինչ-որ մեկը վնասում է կենդանուն, գուցե մարդկանց սիրտը ցավում էր, բայց  հիմնականում անցնում-գնում էին՝ գլխացավանքի մեջ չընկնելով: Հիմա շատ բան է փոխվել այս առումով: Շատերը գիտեն, որ այդպիսի իրավիճակում կարող են անմիջապես դիմել մեզ: Մի անգամ զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Բաղրամյան փողոցում էի ապրում, բակում շան ձագեր կային, որոնց խնամում էի եւ տեր էի փնտրում: Պատշգամբից նկատեցի, որ ձագերը դեպի փողոց են գնում: Իջա ու զայրանալով, ոտքս գետնին խփելով (որպեսզի փողոցի նկատմամբ բացասական ռեակցիա առաջացնեմ)՝ քշեցի նրանց դեպի բակ: Մի աղջիկ նկատեց ու խիստ զայրացած մոտեցավ, նախատեց ինձ կենդանիների նկատմամբ նման վերաբերմունքի համար, ապա սպառնաց՝ «Ես Ձեզ վրա «Դինգո» եմ բերելու» (ժպտում է): Շատ ուրախացա. գիտեր, որ կա մի կազմակերպություն, որին կարող է դիմել եւ անմիջապես արձագանք ստանալ: 

Ես ուրախությամբ եմ արձանագրում նմանատիպ փոփոխությունները: Կենդանու նկատմամբ հոգատար վերաբերմունք ունեցող հասարակությունը չի կարող սրտացավ չլինել մարդու հանդեպ: Դրանք փոխկապակցված են: 



- Ես տեղեկացա, որ Ձեր կազմակերպության շնորհիվ, Ձեր անմիջական ջանքերով անգամ ԱՄՆ-ից են կենդանիներ որդեգրել: Խնդրում եմ՝ մի քանի առանձնահատուկ դեպքեր հիշե՛ք: 

-Մեր կացարանից ԱՄՆ ուղարկել ենք միայն հաշմանդամ կենդանիների, որոնք այնտեղ հաջողությամբ որդեգրվել են եւ ապրում են անհոգ կյանքով: Սակայն դա ինձ այնքան չի ոգեւորում: Ես ավելի շատ փորձում եմ այստեղ զարգացնել հաշմանդամ կենդանիներ որդեգրելու մշակույթը: Վերջին տարում Հայաստանում որդեգրվել է 18 հաշմանդամ կենդանի: 

Առանձնահատուկ դեպքերն էլ շատ են: Մենք շուն ունեինք, որին մեքենան հարվածել էր: Կլինիկայում ասում էին, որ չի քայլի: Երկար տառապանքներից հետո հիմա ոչ միայն քայլում ու վազում է, այլեւ որդեգրվել ու երջանիկ ապրում է: Հուզիչ է նաեւ 3 ոտք ունեցող մեր Ռոբինի պատմությունը: Կրկին ավտոմեքենայի հարվածից ոտքը վնասվել էր, ու տերերը դուրս էին հանել տնից: Բնակվում էր մեր կացարանում: Մեր կամավորներից մեկը, ով չգիտեր այդ շան մասին, երազ էր տեսել, որ Ռոբին անունով շուն ունի: Ապա տեսավ Ռոբինին ու մեծ ոգեւորությամբ որդեգրեց նրան: Այդպիսի դեպքերը շատ են…