Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-06-2018
«Ավրորա»-յի դափնեկիրը պատմեց իր ժողովրդի դժվարությունների մասին
«Ավրորա» մրցանակի երրորդ դափնեկրի անունն արդեն հայտնի է բոլորին: Իրավաբան, ակտիվիստ Չո Լա Աունին Հայաստանում մեծարանքի է արժանացել բազում յուրահատուկ միջոցառումներով: Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը հունիսի 11-ին հյուրընկալեց միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկրին:
Հանդիպման մեկնարկին Չո Լա Աունը խոսեց իր անցած ճանապարհի, հաղթահարած դժվարությունների մասին: Նա նշեց՝ 78 տարեկան է, բազմիցս բանտարկվել է: Եվ չնայած բոլոր բռնաճնշումներին, հետապնդումներին եւ հալածանքներին՝ «Ավրորա»-յի հերոսը պայքարել է մյանմացի ռոհինջա ժողովրդի հավասարության, կրթության եւ մարդու իրավունքների համար։ 

«Ավելի քան 10 դար ռոհինջա ցեղն ապրում է Մյանմայում, բայց վերջին տարիներին բռնություններն ավելի են շատացել: Այդ իսկ պատճառով ռոհինջա ցեղից շատերն ապաստան են գտնում այլ վայրերում: Բանգլադեշ հասնելը հեշտ է, միայն գետը պետք է անցնեն, բայց այն ամենաաղքատ երկիրն է տարածաշրջանի երկրների շարքում, տնտեսական վիճակը Բանգլադեշում վատ է»,- հանդիպմանը նշեց «Ավրորա»-յի հերոսը: 

Որպես «Ավրորա» մրցանակի 2018 թ. դափնեկիր՝ Չո Լա Աունն ստացել է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, ինչպես նաեւ նվիրատվության շղթան շարունակելու հնարավորություն՝ 1,000,000 ԱՄՆ դոլարի մրցանակն իր ընտրությամբ նվիրաբերելով ներքոնշյալ երեք միջազգային կազմակերպություններին, որոնք Մյանմայում բժշկական օգնություն եւ օժանդակություն են տրամադրում փախստականներին.
«Բժիշկներ առանց սահմանների», Լոնդոն (Médecins Sans Frontières),
MERCY մալայզիական բժշկական նպաստամատույց, Մալայզիա (Malaysian Medical Relief - MERCY Malaysia),
Միգրացիայի միջազգային կաթոլիկ հանձնաժողով, Շվեյցարիա, ԱՄՆ (ICMC – International Catholic Migration Commission):

Նա խոստովանեց, որ ստացած գումարն օգտագործելու է կրթական եւ առողջապահական ոլորտներում գործունեություն ծավալելու համար: Չո Լա Աունը փաստեց, որ շատ է կարեւորում կրթությունը՝ սեփական իրավունքների համար պայքարելու համատեքստում: 

Չո Լա Աունը տասնամյակներ շարունակ մեծ նվիրումով գործել է՝ իրավապաշտպանի իր հմտություններն ի սպաս դնելով քաղաքացիությունից զրկված ռոհինջա ժողովրդի մարդու հիմնարար իրավունքների համար մղած պայքարին։ Ստանձնած առաքելության հետեւանքով կյանքի 12 տարին նա անցկացրել է բանտարկության մեջ, ծանրագույն զրկանքների է ենթարկվել նրա ընտանիքը։