Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 14-06-2018
Կայացավ «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի առաջին մենահամերգը
«Նարեկացի» արվեստի միությունը շարունակում է իր որդեգրած ազգանվեր գործունեությունը՝ բազմաթիվ միջոցառումների, ծրագրերի եւ նախագծերի միջոցով նպաստելով հայկական մշակույթի ժառանգության պահպանմանն ու զարգացմանը:

Հունիսի 13-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Նարեկացի» արվեստի միության «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի առաջին մենահամերգը` նվիրված Երեւանի հիմնադրման 2800-ամյակին:

«Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը հիմնադրվել է 2015 թ.-ի սեպտեմբերին: Հիմնական նպատակն է փոքրիկներին սովորեցնել անսամբլում աշխատելու արվեստը եւ ճանաչել հայկական ժողովրդական նվագարանները:

Անսամբլի գեղարվեստական ղեկավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դա «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի առաջին մենահամերգն է. «Նախկինում մասնակցել ենք բազմաթիվ համերգների եւ միջոցառումների, որոնց ժամանակ ներկայացել ենք մի քանի համարով, իսկ այսօր Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված համերգին անսամբլը ներկայացնում է այս տարիների ընթացքում կատարած աշխատանքները: Ունենք 20 նվագող եւ 2 երգիչ՝ 12-18 տարեկան»:

Գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ յուրաքանչյուր ստեղծագործություն առանձնանում է եւ առանձնահատուկ մատուցվում, քանի որ ազգայինը միշտ պետք է առանձնահատուկ ներկայացվի: 

«Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) հիմնադիր Նարեկ Հարությունյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում փաստեց, որ 12-18 տարեկան պատանիները, ովքեր նվագում են եւ երգում անսամբլում, շատ տաղանդավոր են: 

«ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանը հսկայածավալ աշխատանք է կատարում ազգային երաժշտության տարածման եւ պահպանման գործում, իսկ «Նարեկացի» արվեստի միությունը պատրաստ է աջակցել ազգանվեր գործերին»,- նշեց Նարեկ Հարությունյանը:

Խմբի ամենակրտսեր մասնակիցը թառահար Պավել Հովսեփյանն է: Նա դեռ 11 տարեկան է, երազում է դառնալ տիեզերագնաց, սակայն մինչ այդ որոշել է ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիա: Փոքրիկ Պավելի խոսքով՝ Հովիկ Սահակյանի ղեկավարությամբ խմբում նվագելը մեծ պատիվ է: 

Նշենք, որ համերգային երեկոյի ընթացքում ելույթներով հանդես եկան նաեւ «Քնար» հոգեւոր եւ ժողովրդական երգերի խումբը (գեղարվեստական ղեկավար՝ Լուսինե Աղաջանյան) եւ  «Գուսան» անսամբլի երաժիշտները:

Պատկերասրահ՝ «Նովա» անսամբլի առաջին մենահամերգը