Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 17-06-2018
Մեկնարկեց «ԲարՔեմփ Երեւան 2018»-ը
Հունիսի 16-ից 17-ը Հայաստանի ամերիկյան համալսարանում անցկացվում է «ԲարՔեմփ Երեւան 2018» (չ)կոնֆերանսը: (Չ)կոնֆերանսի նպատակն է գիտելիքների, հմտությունների եւ փորձի փոխանակումը, ինչպես նաեւ ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:
(Չ)կոնֆերանսին այս տարի ելույթներով հանդես եկան բազմաթիվ միջազգային հյուրեր. Էվան Շելհամերը, Լեոնիդ Կուլիգինը խոսեցին արհեստական բանականության, Դանիել Տոնկոպիյը՝ ապագայի տրանսպորտի, Եվգենի Կալուժնին՝ փոքր հրթիռների, Իլյա Խաննիկովը՝ թռչող ավտոմեքենաների եւ սմարթ քաղաքների, Գրեգորի Պետրովը, Ֆիլիպ Կրենը՝ ծրագրավորման խնդիրների, որոնողական համակարգերի, Ջոել Բըրքը՝ e-Residency-ի մասին: Ներկայացան նաեւ Yandex-ի թիմը, Cloudflare-ի ամերիկյան գրասենյակից Արեգ Հարությունյանը։

Այս տարի եւս «ԲարՔեմփ Երեւան 2018»-ի շրջանակում ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից անցկացվեցին վարպետության դասեր, կայացավ աշխատաշուկա, որին մասնակցեցին տասնյակ ՏՏ ընկերություններ:



Կազմակերպիչների հավաստմամբ՝ միջոցառմանն ամեն տարի մասնակցում են աննախադեպ թվով երիտասարդներ: 
 
Միջոցառման ժամանակացույցին եւ հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում www.barcamp.am: (Չ)կոնֆերանսի պաշտոնական հաշթեգն է #barcampevn18: 

Արդեն 10 տարի է, ինչ «ԲարՔեմփ Երեւան»-ը մեկ հարկի տակ միավորում է ՏՏ ոլորտի հազարավոր մասնագետների:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ եւ մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձեւաչափ է: «ԲարՔեմփ Երեւան» միջոցառումները ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփն անցկացվում է 2009 թ.-ից: