Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 17-06-2018
Յուրահատուկ եւ զվարճալի տոներ, որոնց մասին քչերը գիտեն
Տարվա ընթացքում աշխարհը տոնում է միջազգային մի շարք օրեր, որոնք առանձնանում են իրենց կարեւորությամբ եւ նշանակությամբ: Այդ տոների կողքին կան նաեւ օրեր, որոնք տոնական են, սակայն՝ ոչ այդքան հայտնի: Դրանցից մի քանիսը շատ զվարճալի են եւ անհավանական:
Հունվարի 3. Կոկտեյլի ձողիկի ծննդյան օր
 
Կոկտեյլի ձողիկի (Drinking Straw Day) ծննդյան օրը յուրահատուկ է: Ըստ լեգենդի՝ առաջին ձողիկը ստեղծել է ամերիկացի Մարվին Սթուոն: Եթե նախկինում կարելի էր հանդիպել մեկ կամ երկու երանգի ձողիկներ, ապա այսօր՝ բազմագույն ու բազմապիսի: Ձողիկների դիզայնը եւս յուրահատուկ տեսք է հաղորդում կոկտեյլին:


Հունվարի 11. Շնորհակալության միջազգային օր
 
Շնորհակալության օրն (International Thank You Day) ամենակարեւոր տոներից մեկն է տարվա ընթացքում: Այդ օրը մարդիկ միմյանց շնորհակալություն են հայտնում ընկերության, սիրո, ջերմության եւ այլ՝ կյանքի կարեւոր արժեքների համար:


Հունվարի 21. Գրկախառնության միջազգային օր
 
Գրկախառնության միջազգային օրը (International Hug Day) 1986 թվականին ծագել է ԱՄՆ-ում: Այն յուրահատուկ տոն է շատերի համար: Այդ օրը մարդիկ իրար գրկում են… առանց պատճառի: 



Հունվարի 28. Օր՝ առանց համացանցի

Շատերն են լսել Համացանցի միջազգային օրվա մասին (International Internet-Free Day), սակայն քչերը գիտեն, որ կա նաեւ Առանց համացանցի օր՝ հունվարի 28-ը: Հիմնական նպատակը մարդկանց գոնե մեկ օրով համացանցից եւ համակարգչից հեռու պահելն է, քանի որ աշխարհում գրեթե չկա կենդանի շփում: Անգամ միջոցառումների եւ հավաքների ժամանակ մարդիկ կառչած են համացանցից: 


Փետրվարի 6. Բարմենի միջազգային օր
 
Բարմենների միջազգային օրը (International Bartender's Day) տոնում են բազմաթիվ երկրներում: Տոնական օրն ընտրվել է ոչ պատահական, այլ Սուրբ Ամանդայի օրը, ով հայտնի առեւտրական եւ գինեգործ է եղել:


Փետրվարի 12. Ամուսնության գործակալությունների միջազգային օր
 
Ամուսնության գործակալությունների միջազգային օրը (International Day of Marriage Agencies) հռչակվել է Ուկրաինայում: Գաղափարը պատկանում է ամուսնության գործակալություններից մեկին, որը գործում է հենց Ուկրաինայում: Նշվում է, որ ամուսնության գործակալություններն ունեն ավելի քան 360 տարվա պատմություն: Առաջին ամուսնական գործակալությունը դեռեւս 1650 թ.-ի սեպտեմբերի 29-ին բացվել է Լոնդոնում: 


Փետրվարի 17. Բարության ինքնաբուխ դրսեւորման օր
 
Բարության ինքնաբուխ դրսեւորման օրվա (Random Acts of Kindness Day) արմատները գալիս են ԱՄՆ-ից: Այդ տոնը նշում են անկախ ազգային եւ կրոնական պատկանելիությունից: Արեւմտյան Եվրոպայում եւ ԱՄՆ-ում այդ տոնն առանձնահատուկ նշանակություն ունի: Կազմակերպվում են բազմաթիվ միջոցառումներ եւ տոնական համերգներ: 


Փետրվարի 26. Չշտապելու միջազգային օր
 
Չշտապելու կամ դանդաղության օրն արդեն ձեռք է բերել միջազգային օրվա կարգավիճակ: Այդ օրվա գաղափարը պատկանում է իտալացիներին: Հենց այդ ակտիվ ազգն էր, որ 2007 թ.-ին որոշեց նշել այդ օրը: Հիմնական գաղափարն այն է, որ մարդիկ վայելեն կյանքի ամեն վայրկյանը, րոպեն, ժամն ու օրը: 


Մարտի 1. Հաճոյախոսությունների միջազգային օր
 
Քիչ տեղեկատվություն կարելի է համացանցում գտնել Հաճոյախոսությունների միջազգային օրվա (World Compliment Day) մասին: Չկա նաեւ տեղեկատվություն, թե երբ է այդ օրն առաջացել: Հիմնական գաղափարն ու նպատակն այն է, որ մարդիկ տարվա մեջ մեկ անգամ հաճոյախոսություններ շռայլեն միմյանց: 


Մարտի 2. Լուցկու միջազգային օր 
 
Մարտի 2-ին նշվում է ամենայուրահատուկ տոներից մեկը՝ Լուցկու միջազգային օրը: Լուցկին ինքնին համարվում է ամենայուրահատուկ հայտնագործություններից մեկը, որը փոխել է մարդկանց կյանքը: 


Մարտի 9. DJ-ի միջազգային օր 
 
DJ-ի միջազգային օրը (World DJ Day) ավելի շատ պաշտոնական տոների ցանկին է դասվում: Տոնն առաջացել է 2002 թվականին: Ամեն տարի տարբեր երկրներում կազմակերպվում են համերգային ծրագրեր, որոնց հասույթն ուղղվում է բարեգործությանը:


Մարտի 14. π թվի միջազգային օր 

π թվի միջազգային օրը (International π Day) ծագել է 1988 թվականին: Այն եւս դասվում է յուրահատուկ տոների թվին: 


 
Ապրիլի 3. Երեկույթի միջազգային օր
 
Երեկույթի միջազգային օրը (World Party Day) երիտասարդների սիրելի օրն է: Այդ օրը հայտնի է ամբողջ աշխարհում: Երիտասարդները եւ առհասարակ երեկույթների սիրահարները փորձում եմ ամբողջ օրն անցկացնել ընկերների շրջապատում՝ զուգորդված բարձր երաժշտությամբ: 


Ապրիլի 4. Առնետի միջազգային օր 
 
2003 թ.-ից աշխարհը տոնում է Առնետի միջազգային օրը (World rat day): Այդ օրն առնետների հանդեպ յուրահատուկ դրսեւորում է լինում: Այո՛, այո՛, առնետներն անտանելի են, սակայն տարվա մեջ մեկ անգամ՝ տանելի:

 
Մայիսի 4-Աստղային պատերազմների օր 
 
Մայիսի 4-ը տոն է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են «Աստղային պատերազմներ»  (Star Wars Day)  ֆիլմաշարը: 


Մայիսի 8. Կանանց գիշերվա օր 
 
Այն, որ Կանանց միջազգային օրը նշվում է մարտի 8-ին, գիտեն բոլորը, սակայն քչերին է հայտնի, որ մայիսի 8-ին նշվում է Կանանց գիշերվա օրը (Kvinnehistorisk Natt): Այդ տոնը ներառված է նորվեգացիների տոնացույցում՝ ի պատիվ այն կանանց, ովքեր պատմության մեջ կարեւոր դերակատարություն են ունեցել: Տոնը նշվում է 2006 թ.-ից:


Մայիսի 15. Մատնահարդարման օր
 
Մայիսի 15-ը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների սիրելի օրերից է: Օրը քվեարկության միջոցով ընտրվել է 2016 թ.-ին: Դեռեւս 2009 թ.-ին, երբ ստեղծվել էր Nail_ru-ն՝ կանայք իրենց մատնահարդարման գաղտնիքներով կիսվում էին միմյանց հետ: 


Մայիսի 25. Հարեւանների օր 
 
Այս յուրահատուկ օրը (European Neighbours Day) 2000 թ.-ին Փարիզում սահմանվել է Ատանազ Պերիֆանի կողմից, ով նպատակ ուներ մարդկանց միջեւ ամուր եւ ընկերական հարաբերություններ ստեղծել: 

 
Մայիսի 28. Սեւահերների միջազգային օր  եւ Մայիսի 31՝ Շիկահերների միջազգային օր
 
Սեւահերների տոնը պատասխանն էր մայիսի 31-ին սահմանված Շիկահերների տոնին: Շիկահերների եւ սեւահերների միջեւ պայքարը մշտապես է ընթանում, սակայն գեղեցկություն ասվածը չի ճանաչում սեւահեր կամ շիկահեր կանանց: 


Հունիսի 6. Համբույրի միջազգային օր
 
Համբույրի միջազգային օրը (World Kiss Day կամ World Kissing Day) սահմանվել է Մեծ Բրիտանիայում: Այդ օրը տարբեր երկրներում կազմակերպվում են միջոցառումներ եւ մրցույթներ: 


 
Հուլիսի 11. Շոկոլադի միջազգային օր
 
Հուլիսի 11-ն իսկական տոն է բոլոր քաղցրակերների համար, քանի որ աշխարհում նշվում է Շոկոլադի միջազգային օրը (World Chocolate Day): Տոնը 1995 թ.-ին հռչակվել է Ֆրանսիայում: Այդ օրը եւս կազմակերպվում են միջոցառումներ եւ երեկույթներ: 


Հուլիսի 14. Վարունգի միջազգային օր
 
Զարմացա՞ծ եք: Այո՛, աշխարհում Շոկոլադի, Համբույրի, Գրկախառնության եւ այլ տոների կողքին կա նաեւ հետաքրքիր տոն՝ Վարունգի միջազգային օր: Այդ օրը մարդիկ հավաքվում եւ ներկայացնում են իրենց այգու բերքը, սակայն գլխավոր դերում լինում է վարունգը: 

 
Օգոստոսի 5. Լուսացույցի միջազգային օր
 
Լուսացույցը, որը 1914 թ.-ին ստեղծվել է ամերիկյան Քլիվլենդ քաղաքում, ունի տոն: Օգոստոսի 5-ին կարեւոր օր է համարվում մարդկության համար, քանի որ առանց լուսացույցի փողոցային երթեւեկությունն անհնար է պատկերացնել: 


Օգոստոսի 13. Ձախլիկների միջազգային օր 
 
Բոլորս կունենանք ընկերներ եւ ծանոթներ, ովքեր ձախլիկ են: Եվ հատուկ նրանց համար օգոստոսի 13-ին սահմանվել է միջազգային օր: 


Սեպտեմբերի 9. Գեղեցկության միջազգային օր
 
20-րդ դարը կոսմետիկայի ոլորտում իրական հեղափոխություն առաջացրեց: Կոսմետոլոգների միջազգային կոմիտեի որոշմամբ՝ սեպտեմբերի 9-ը սահմանվել է Գեղեցկության միջազգային օր (International Beauty Day): Մի շարք երկրներում այդ օրը կազմակերպվում են գեղեցկության մրցույթներ: 


Սեպտեմբերի 16. Ջուլիետի ծննդյան օր
 
Սեպտեմբերի 16-ին Իտալիայի Վերոնա քաղաքում նշում են Ջուլիետի ծննդյան օրը: Շեքսպիրյան Ջուլիետին ոչ ոք չի մոռացել: Մինչեւ հիմա աշխարհի տարբեր երկրներից սիրային նամակներ են ուղարկում Վերոնա, որտեղ պատմում են իրենց սիրո պատմությունները: Նամակներն ուղարկվում են Ջուլիետի ակումբ (Club di Giulietta), որը հիմնադրվել է 1972 թվականին: Ակումբը տարեկան 5000 նամակ է ստանում: 


Սեպտեմբերի 19. Սմայլիկի միջազգային օր
 
Սեպտեմբերի 19-ը յուրահատուկ օր է, քանի որ նշվում է բոլորիս հայտնի սմայլիկների օրը: Դեռեւս 1982 թ.-ին հայտնի պրոֆեսոր Սքոթ Ֆալմանն առաջարկեց 3 սիմվոլ կիրառել, որոնք հետագայում վերածվեցին սմայլիկների: 


Հոկտեմբերի 5. Ժպիտի միջազգային օր
 
Ժպիտի միջազգային օրը (World Smile Day) նշելու համար մարդիկ շնորհակալ պետք է լինեն նկարիչ Հարվի Բելուին: Ժպիտը գեղեցկացնում է մարդուն եւ ջերմությամբ լցնում շրջապատը: 


 
Հոկտեմբերի 12. Ձվի միջազգային օր
 
Ձվի միջազգային օրը՝ (World Egg Day) նրա սիրահարների օրն է: Զարմանալի կթվա, սակայն մարդիկ մեծ շուքով են նշում այդ օրը: Բացի դրանից՝ ձուն համարվում է ամենաօգտակար մթերքներից մեկը, որն անհրաժեշտ է մարդուն: 


Հոկտեմբերի 28. Զոքանչի միջազգային օր
 
Չնայած Զոքանչի միջազգային օրը (Mother-In-Law Day) դեռեւս պաշտոնապես չի նշվում, սակայն շատ հայտնի է: Այդ տոնը ստեղծվել է 1930 թ.-ին ԱՄՆ-ում: Ամեն տարի այն ավելի է տարածվել մարդկանց շրջանում եւ դարձել սիրելի տոներից մեկը: 


 
Նոյեմբերի 8. КВН-ի օր
 
Բոլորիս հայտնի եւ սիրելի КВН-ը եւս ունի օր՝ նոյեմբերի 8-ը: Չնայած այն ստեղծվել է 1961 թ.-ին, սակայն ծննդյան օրը սկսել են նշել 2001 թ.-ից: Ամեն տարի արդեն հայտնի եւ սիրված խմբերը հավաքվում են մեկ բեմում եւ նշում իրենց սիրելի ակումբի ծննդյան օրը: 
 

Նոյեմբերի 11. Շոփինգի միջազգային օր 
 
Այն սկսել են տոնել 2009 թ.-ից, երբ «Alibaba Group»-ն ինտերնետ հարթակում հայտարարեց «Շոփինգի միջազգային օր»՝ սահմանելով 50% զեղչ: 


Նոյեմբերի 13. Բարության միջազգային օր
 
Բարության միջազգային օրը (World Kindness Day) սկսել են նշել 1998 թ.-ից, երբ Տոկիոյում անցկացվում էր Բարության համաշխարհային շարժումը (World Kindness Movement): Այդ շարժմանը մասնակցում էին Ավստրալիայի, Կանադայի, Թայլանդի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ներկայացուցիչները: 


Նոյեմբերի 17. Սեւ կատուների պաշտպանությա ն օր
 
2007 թ.-ից նոյեմբերի 17-ն Իտալիայում նշում են որպես Սեւ կատուների պաշտպանության միջազգային օր: Այդպիսով փորձում են կոտրել այն կարծրատիպն ու սնահավատությունը, որ սեւ կատուներն անհաջողություն են բերում մարդկանց, երբ հանդիպում են նրանց ճանապարհին: 


Նոյեմբերի 19. Զուգարանի միջազգային օր
 
2002 թ.-ի նոյեմբերի 19-ից նշվում է Զուգարանի միջազգային օրը (World Toilet Day): Այդ օրը սահմանվել 2001 թ.-ին՝ Սինգապուրում կայացած միջազգային կոնֆերանսի ժամանակ: 


Նոյեմբերի 21. Ողջույնի միջազգային օր
 
Ողջույնի միջազգային օրը (World Hello Day), որը նշվում է նոյեմբերի 21-ին, նպատակ ունի մարդկանց ուշադրությունը սեւեռել միմյանց նկատմամբ սիրալիր լինելուն: Այդ տոնը 1973 թ.-ին սահմանվել է Մայքլ եւ Բրայան եղբայրների կողմից՝ ի պատասխան Եգիպտոս-Իսրայել հակամարտության: 


Նոյեմբերի 23. Սեւ ուրբաթ
 
ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում ամեն տարի անցկացվում է «Սեւ ուրբաթ», որը չունի ամրագրված ամսաթիվ ու տեղի է ունենում Գոհաբանության տոնից հետո, այսինքն՝ նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրվան հաջորդող ուրբաթ օրը։ Այդ օրը հայտնի է խելահեղ զեղչերով ու հազարավոր հերթերով, սակայն զեղչերից կարելի է օգտվել նաեւ տանը նստած՝ առցանց խանութներից գնումներ կատարելով։


Նոյեմբերի 26. Կոշկակարի միջազգային օր

Նոյեմբերի 26-ին նշվում է այն վարպետների օրը, որոնք մեզ համար կոշիկներ են կարում եւ վերանորոգում: Կոշկակարի մասնագիտությունն իրավմամբ խորն արմատներ ունի: 

 
Դեկտեմբերի 4. Ձմեռ պապիկին նամակներ գրելու օր
 
Դեկտեմբերի 4-ը մանուկների համար այնքան սիրելի է, որքան Նոր տարին: Այդ օրը նրանք նամակներ են գրում Ձմեռ պապիկին՝ հավատալով, որ Ձմեռ պապը կկատարի իրենց նվիրական երազանքները: