Նյութը՝ «ԵՄԻԿ» ՊՈԱԿ-ից
Լուսանկարները՝ «ԵՄԻԿ» ՊՈԱԿ-ից
Տեղադրվել է 18-06-2018
Գործընկերային ուսուցողական հանդիպում Լեհաստանում
Հունիսի 9-17-ը Լեհաստանում տեղի ունեցավ Եվրոպական կամավորական ծրագրի (EVS) գործընկեր-համակարգող կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպումը:

Հանդիպմանը Հայաստանից ներկա էր «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» EVS համակարգողը, ինչպես նաեւ Լեհաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Թուրքիայի, Մոլդովայի, Ռումինիայի, Իսպանիայի, Իտալիայի, Պորտուգալիայի՝ EVS կամավորական ծրագիրը հաջողությամբ իրականացնող կազմակերպությունների համակարգողները: Հանդիպման նպատակն էր համակարգողների ցանցի ստեղծումն ու վերջին հինգ տարիների համագործակցության շնորհիվ ձեռք բերված փորձի փոխանակումը, նաեւ Լեհաստանում գործող եւ կամավորներ հյուրընկալող կազմակերպություններ  համեմատական այցեր կատարելը: 

ԵՄԻԿ ՊՈԱԿ-ի փորձը դիտարկվեց որպես կամավորության գաղափարի լավագույնս կրող պետական մարմին, մեր հյուրընկալած եւ ուղարկված կամավորների աշխատանքի ծավալների, ակտիվության մասին ուսուցողական ժամ անցկացվեց, մեր հյուրընկալած կամավորների պատրաստած՝ «Ինչո՞ւ/ինչպե՞ս կամավորություն անել Հայաստանում» գիրքը եւ մեր կողմից ուղարկված կամավորների՝ արտերկրում իրենց աշխատանքի, կամավորության գաղափարի տարածմանը նպաստող հոդվածների շարքը www.erit.am կայքում մեծ հետաքրքրություն առաջացրեց, համագործակցային, համատեղ շարքեր հրատարակելու պայմանավորվածություններ ձեռք բերվեցին: 

Լեհական կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ կարեւոր էին հատկապես այցերն այնպիսի օբյեկտներ, որոնց մասին Հայաստանում կարծրատիպային պատկերացումներ ունենք, եւ սովորաբար կամավորները խուսափում են այդ վայրերում առկա թափուր կամավորի հայտարարություններն անգամ մինչեւ վերջ կարդալուց: Ծերանոց, գրադարան, այլընտրանքային ցերեկային կենտրոններ. սրանք վայրեր էին, որտեղ կամավորություն անելը ոչ միայն կկոտրի կարծրատիպերը, նոր մասնագիտական հմտություններ կտա, այլեւ հաճույք կպատճառի ենթակառուցվածքների, տեղանքի, դիզայնի շնորհիվ: 

Դիտարկվեց Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավորների՝ Հովհաննես Կարապետյանի, Ալմիրա Նիկողոսյանի կամավորական ներուժը՝ որպես կամավորի լավագույն օրինակ: Նրանց եւ Իսպանիայում մեր կամավոր Զարուհի Ասկարյանի նյութերին erit.am-ի ընթերցողներն արդեն ծանոթ են, այս շաբաթվանից Լեհաստանում իր կամավորական աշխատանքն է սկսում նաեւ մեր հաջորդ կամավոր Մարինա Ադամյանը, ում նյութերին անհամբեր կսպասենք: 

Հանդիպումը, ուսուցողական, գործընկերային հնարավորություններից զատ, օգնեց տեղում տեսնել մեր ուղարկած կամավորների աշխատանքը, կեցության պայմանները: Դա կօգնի հետագայում ավելի հստակ պատասխանել ապագա կամավորների հարցերին: 

EVS կամավորական եւ երիտասարդական փոխանակման այլ ծրագրերով հետաքրքրվողները «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» ֆեյսբուքյան էջում կարող են գտնել բոլոր նոր հնարավորությունները: