Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-07-2018
Երիտասարդական փոխանակման ծրագրեր՝ ԱՄՆ-ում
Աշխարհի զարգացմանը զուգընթաց՝ աշխատանքային ոլորտում հաջողությունների հասնելու համար երիտասարդները մասնակցում են փոխանակման տարբեր ծրագրերի:

Gradstudyabroad.ru-ն ներկայացնում է երիտասարդական փոխանակման ծրագրերը ԱՄՆ-ում: 

Au Pair 

Շնորհիվ այս ծրագրի՝ երիտասարդները կարողանում են ընկղմվել ԱՄՆ մշակույթի մեջ՝ լայն իմաստով: Մասնակիցները ծրագրի շրջանակում մեկ տարի ապրում են ամերիկյան ընտանիքներում, այցելում քոլեջ, օգնում ընտանիքի երեխաների խնամքին: Այս ծրագրին կարող են մասնակցել 18-26 տարեկան երիտասարդները, ովքեր ունեն երեխաների հետ աշխատելու 2 տարվա փորձ: Ծրագրի մասնակիցների համար գործում է պարտականությունների եւ իրավունքների հստակ կանոնակարգ, որոնք չպետք է խախտվեն 1 տարվա ընթացքում: 

Camp Counselor

Այս ծրագիրը նախատեսված է 18-25 տարեկան երիտասարդների համար, ովքեր ունեն մանկավարժական ջիղ եւ հետաքրքիր մտքեր՝ մանկական ճամբարներում աշխատելու համար: Այս ծրագրի շրջանակում հատկացվում է աշխատավարձ, որը կախված է ճամբարից: Կարեւոր նախապայմաններից մեկն անգլերենի գերազանց իմացությունն է: 



College and University Student Program 

Այլ երկրների ուսանողները հնարավորություն են ունենում սովորել ամերիկյան ուսումնական հաստատություններում կամ մասնակցել ստաժավորման դասընթացների: Դրա համար անհրաժեշտ է ունենալ ԱՄՆ կառավարության կամ միջազգային որեւէ կառույցի ֆինանսական աջակցություն, ընդ որում՝ այդ կառույցը պետք է համաձայնագիր ունենա ԱՄՆ-ի հետ: Ծրագրի տեւողությունը 24 ամիս է: Այդ ամիսների ընթացքում ուսանողները կարող են անցնել աշխատանքի՝ ոչ լրիվ աշխատանքային օրով: 



Government Visitor Program

Այս ծրագրին կարող են մասնակցել դաշնային, պետական եւ տեղական մարմինների աշխատակիցները, ովքեր նպատակ ունեն զարգացնելու անձնական կարողություններն ու ԱՄՆ-ի գործընկերների հետ իրենց հարաբերությունները: Տվյալ ծրագրի մասնակիցները պետք է լինեն ակտիվ եւ բաց բանակցային շփումների համար: 

Intern Program 

Այս ծրագիրը նախատեսված է 20-32 տարեկան այն երիտասարդների համար, ովքեր ունեն 2 տարվա աշխատանքային փորձ եւ ակադեմիական կրթություն: Ծրագրի տեւողությունը 2-18 ամիս է: 

Physician Program 

Այս ծրագրի միջոցով բժիշկներնը ԱՄՆ-ի բժշկական հաստատություններում կարող են անցնել կլինիկական եւ ոչ կլինիկական պրակտիկա: Դրա համար անհրաժեշտ է փաստաթղթերում ունենալ Առողջապահության նախարարության կողմից տրամադրվող նամակ առ այն, որ տվյալ մասնակիցը կարիք ունի կադրերի համալրման համար անցնել համապատասխան կուրսեր: Մասնակիցը պետք է լինի 18 տարեկանից ոչ ցածր: 



Professor and Research Scholar Program 

Այս ծրագիրն այն երիտասարդների համար է, ովքեր ցանկանում են փորձի փոխանակում եւ հետազոտություններ իրականացնել, որոնք հնարավոր կլինի ներդնել ոլորտային զարգացման մեջ: Այս ծրագրի կարեւոր նախապայմաններից է, որպեսզի մասնակիցը չհանդիսանա այլ ծրագրի մասնակից եւ մասնակցած չլինի այլ ծրագրի՝ վերջին 24 ամսվա ընթացքում: 



Secondary School Student Program 

Այս ծրագիրը նախատեսված է այն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են կրթություն ստանալ ԱՄՆ-ի պետական եւ մասնավոր քոլեջներում: Մասնակիցները պետք է լինեն 15-18.5 տարեկան եւ մասնակցած չլինեն նման ծրագրի: Ծրագրի մասնակիցները չեն կարող ապրել հարազատների հետ եւ կատարել վճարովի աշխատանք: 



Short-Term Scholar Program 

Այս ծրագիրը նախատեսված է պրոֆեսորների, գիտնականների  համար, ովքեր ԱՄՆ-ում դասախոսություններ կարդալու, կոնֆերանսների եւ սեմինարների մասնակցելու ցանկություն ունեն: Ծրագրի տեւողությունը 6 ամիս է: 



Specialist Program

Սա 1 տարի տեւողությամբ ծրագիր է, որը նախատեսված է փորձագետների համար: Վերջիններս պետք է ծրագրի շրջանակում իրականացնեն գաղափարների փոխանակում, ունենան ԱՄՆ մեկնելու ցանկություն՝ գիտելիքների խորացման նպատակով, պատրաստ լինեն երկար ժամանակ ապրել այնտեղ: 



Summer Work and Travel Program 

Սա թերեւս ամենահայտնի ծրագրերից մեկն է, որի շրջանակում ուսանողները 5 ամիս պետք է անցկացնեն ԱՄՆ-ում: Այդ 5 ամիսներից 4-ի ընթացքում կարելի է աշխատել, իսկ 1-ն օգտագործել ճամփորդելու համար: Անգլերենի լավ իմացությունն այս ծրագրի շրջանակում կարեւոր է: Մասնակիցը պետք է լինի 18 տարեկանից ոչ ցածր: 



Teacher Program 

Օտարերկրյա ուսուցիչները կարողանում են այս ծրագրի շրջանակում դասավանդել ԱՄՆ-ի դպրոցներում: Բարձրագույն մասնագիտական կրթությունը կարեւոր պայման է, իսկ տարիքային շեմը՝ մինչեւ 39 տարեկան: