Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-06-2018
«Երաժշտության գանձեր: Հայաստան» երգչախմբային սկավառակի երեւանյան շնորհանդեսը
Հունիսի 25-ին հանրությանը ներկայացվեց «Երաժշտության գանձեր: Հայաստան» (Treasures of Music) միջազգային երգչախմբային ձայնասկավառակը:

Այդ ծրագրի նպատակն է բացահայտել եւ հանրությանն ու աշխարհին ներկայացնել հայ երիտասարդական շնորհալի եւ ակտիվ գործունեություն ծավալող երգչախմբերին ու դիրիժորներին, հայ երգչախմբային արվեստը հասու դարձնել աշխարհին նաեւ կրթական գործընթացի միջոցով, քանի որ ծրագրին մասնակցել են ոչ միայն հայ, այլեւ օտարազգի երգչախմբեր:

«Ձայնասկավառակի ստեղծմանը մասնակցել են 14 երգչախումբ, 9-ը՝ Հայաստանից, մնացածը արտերկրից՝ Գերմանիա, Լեհաստան, Ուկրաինա, Մոլդովա: Հայաստանի երգչախմբերը պատանեկան ու երիտասարդական են: Մեր նպատակն է քաջալերել նրանց եւ միջազգային հանրությանը ճանաչելի դարձնել հայ կոմպոզիտորների գործերը: Ներառված է հայ կոմպոզիտորների 26 ձայնագրություն»,- մեզ հետ զրույցում նշեց «Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիա» ՀԿ-ի համահիմնադիր նախագահ Քրիստինե Շերոյանը:  

Նրա խոսքով՝ սկավառակն ընդգրկում է դասական հեղինակներից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորների գործեր: Սկավառակն արդեն իսկ ներկայացվել է Լեհաստանում: Ի դեպ, դրա ստեղծումը հովանավորել է հենց լեհական կողմը: 

Շնորհանդես-համերգի ընթացքում մասնակիցներն ունկնդրեցին միջազգային ծրագրի մասնակից երիտասարդական եւ մանկապատանեկան երգչախմբերի հայ երգչախմբային՝ տարբեր ժանրերի ստեղծագործությունների կատարումներ: Նշենք նաեւ, որ ձայնասկավառակի շապիկի հեղինակը 11-ամյա Ջուլիետտա Ադամյանն է:

Պատկերասրահ՝ «Երաժշտության գանձեր: Հայաստան» երգչախմբային սկավառակի շնորհանդեսը