Նյութը՝ «Այբ» կրթական հիմնադրամից
Լուսանկարները՝ «Այբ» կրթական հիմնադրամից
Տեղադրվել է 26-06-2018
Վարպետության դաս` Հովհաննես Ավոյանի եւ Սամվել Մարտիրոսյանի մասնակցությամբ
Հունիսի 22-ին «Այբ» կրթական հիմնադրամը «Skill» ընկերության հետ կազմակերպել էր «Հաջողության բանաձեւ» նախագծի հերթական վարպետության դասը:

Դասն այս անգամ վարում էին «PicsArt» ընկերության հիմնադիր-տնօրեն Հովհաննես Ավոյանը եւ մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։  

«Ստարտափ հիմնելիս ինձ համար մոտիվացիա էր մարդկանց համար դրական միջավայր ստեղծելը։ Իսկ ստարտափում աշխատելու ընթացքում կարեւոր է կատարած գործից հաճույք ստանալն ու ունենալով նպատակ, սկսելով փոքր բաներից՝ մեծ բարձունքների հասնելուն ձգտելը»,- ասաց Հովհաննես Ավոյանը։ 

Համեմատելով ստարտափի աշխատանքը սար բարձրանալու հետ՝ նա նշեց, որ երկու դեպքում էլ ընթացքը հետաքրքրությամբ ու հաճույքով անցկացնելն է ստեղծում հնարավորություն՝ արդյունքի ողջ կուլմինացիան վայելելու համար։ 

«Ինչպես փաստում է չինական իմաստնությունը՝ վարպետին կրկնօրինակելը լավ է։ Մրցակիցներից սովորելը շատ ընդունված ռազմավարություն է, հատկապես երբ արդյունքում ստեղծում ես արժեքավոր գործ»,- փաստեց Հովհաննես Ավոյանը։



Հանդիպումը շարունակեց Սամվել Մարտիրոսյանը։

«Եթե Google-ում ինչ-որ թեմայով կա 250-ից ավելի նյութ, ապա մեկ շաբաթում ցանկացած մասնագիտությամբ կարող ես դառնալ փորձագետ։ Եթե դուք զգում եք, որ տիրապետում եք տվյալ մասնագիտությանը, հանգիստ ներկայացե՛ք այդպես։ Մարդիկ կառչած են խոսքերից, կարեւորն անունը լավ փաթեթավորելն է»,- նշեց մեդիա փորձագետը։

Վերջում մեկնաբանելով իր հաջողության բանաձեւը եւ անդրադառնալով իր աշխատանքային փորձին՝ Սամվել Մարտիրոսյանը փաստեց. «Իմ դեպքում հաջողությունն անիմաստ է։ Ես ոչ մի ոլորտում այնքան չեմ աշխատել, որ հասնեմ հաջողության։ Իմ անհաջողության բանաձեւը բնածին ծուլությունս ու ներքին ցանկությունս է՝ ծուլությունն ու կոմպլեքսները հաղթահարելու»։