Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 27-07-2018
Երիտասարդական փոխանակման ծրագրեր՝ Գերմանիայում
Այս անգամ ներկայացնում ենք երիտասարդական փոխանակման այն ծրագրերը, որոնք իրականացվում են Գերմանիայում: Anyway.ua կայքը ներկայացրել է ամենահայտնի եւ հետաքրքիր ծրագրերը:

Work and Travel Germany

Գերմանիայի հրաշք բնությունը, ամրոցները, պատմական վայրերն ու հուշարձանները տեսնելը շատերի համար երազանք է: Սակայն այդ երազանքը կարելի է իրականացնել «Work and Travel Germany» ծրագրի միջոցով: 

Ի՞նչ է անհրաժեշտ Գերմանիա մեկնելու համար

Այս ծրագիրը երիտասարդական փոխանակման ծրագրերից մեկն է, որը թույլ է տալիս միջազգային փորձ ձեռք բերել հյուրանոցային տուրիզմի ոլորտում, ներթափանցել այդ երկրի մշակութային ոլորտ: Ինչպես ամռան, այնպես էլ ձմռան արձակուրդների ժամանակ 19-24 տարեկան երիտասարդները մեկնում են Գերմանիա՝ ստաժավորման: Յուրաքանչյուր երիտասարդ, ով տիրապետում է գերմաներենին, առավելություն ունի: Իհարկե միայն լեզվի իմացությունը բավարար չէ, այլ անհրաժեշտ են մի շարք հմտություններ, ինչպես նաեւ նախաձեռնողականություն եւ ակտիվություն: Ծրագրի մասնակիցները պետք է աշխատեն իրենց ծախսերը հոգալ ծրագրի շրջանակում տրամադրվող 990 եվրոյի սահմաններում: 1 ժամվա համար երիտասարդներին տրվում է 8.5 եվրո:

Ուսանողների համար աշխատանք

Որպես աշխատանքային վայրեր ուսանողներին առաջարկվում են ռեստորանները, սրճարանները, հյուրանոցները, խաղահրապարակները եւ այլն: Նշված վայրերում աշխատելով՝ աշխատողները վարձատրվում են՝ ըստ ունեցած աշխատանքային փորձի, գերմաներենի իմացության: Շաբաթական աշխատանքային ժամերը կազմում են 40 ժամ, ինչպես նաեւ՝ 2 հանգստյան օր: Ծրագրի ավարտից հետո հնարավորություն է տրվում ճամփորդելու Գերմանիայի քաղաքներով: 

Ինչո՞ւ են շատերը երազում ստաժավորում անցնել հենց Գերմանիայում

Գերմանիա մեկնելու պատճառները կարող են բազմազան լինել: Իհարկե ճամփորդելուց զատ՝ գայթակղիչ կարող են լինել աշխատանքային առաջարկներն ու ուսումը: «Work and Travel Germany» ծրագիրն այն բացառիկ ծրագրերից է, որը թույլ է տալիս ճամփորդել ողջ Գերմանիայի տարածքով: Այն յուրահատուկ ճամփորդություն է, որը թույլ կտա բացահայտել Բեռլինն ու մյուս քաղաքները, պատմության էջերում մշտապես հիշատակվող հուշարձաններն ու պատմական վայրերը: 


Hospitality

Եթե դուք նպատակ ունեք աշխատանքային փորձ եւ նոր գիտելիքներ ձեռք բերել արտերկրում, ապա այս ծրագիրը հենց ձեզ համար է: Դուք այդպիսով ե՛ւ աշխատելու, ե՛ւ ճամփորդելու լավ հնարավորություն ունեք: 

Ո՞ւմ համար է ստաժավորման այս ծրագիրը

Սա հիանալի տարբերակ է այն երիտասարդների համար, ովքեր ավարտել են բուհը՝ մասնագիտանալով հյուրանոցային, ռեստորանային եւ զբոսաշրջության բիզնեսը զարգացնելու ոլորտներում, ինչպես նաեւ լավ տիրապետում են անգլերենին, ցանկանում են զարգացնել իրենց գիտելիքները: Այս ծրագրում առկա է տարիքային որոշակի սահմանափակում. կարող են դիմել 18-35 տարեկան երիտասարդները: Սա լավ հնարավորություն է ոլորտում նոր բարձունքների հասնելու համար, ինչը թույլ կտա աշխատանք գտնել ամենահեղինակավոր ընկերություններում: 

Ինչպե՞ս դառնալ ծրագրի մասնակից

Իհարկե նմանօրինակ ճամփորդության մեկնելն ամենեւին էլ հեշտ չէ: Ամենադժվարը փաստաթղթային փուլի հաղթահարումն է, ինչը շատերին խանգարում է այս ծրագրին մասնակցելուն: Սակայն մասնագետները խորհուրդ են տալիս փաստաթղթերի լրացման եւ մի շարք կարեւոր հարցերի հետ կապված խորհրդատվության դիմել, ինչը թույլ կտա մեծացնել հնարավորությունները վիզա ստանալուառումով: 


Au-Pair

Բացե՛ք ձեզ համար նոր հնարավորություններ Գերմանիայում: Օգտագործե՛ք ձեր հնարավորությունը Գերմանիայում սովորելու, ճամփորդելու եւ գումար վաստակելու համար: Այդ գործում ձեզ կարող է օգնել «Au-Pair» ծրագիրը: 

Ի՞նչ պետք է իմանալ այս ծրագրի մասին

Ծրագրի մասնակիցների պարտականությունների մեջ են մտնում երեխաների մասին հոգ տանելը, իսկ ազատ ժամանակ լեզուների դասընթացներին հաճախելը: Ինչպես տեսնում եք՝ ծրագիրը ե՛ւ սովորելու, ե՛ւ աշխատելու հնարավորություն է տալիս: Այն ընտանիքում, որտեղ պետք է հաստատվի մասնակիցը, ունենում է առնվազն 3 երեխա: Այս ծրագրում առավելությունը տրվում է իգական սեռի ներկայացուցիչներին, սակայն արական սեռի ներկայացուցիչները եւս կարող են մասնակցել՝ դառնալով ընտանիքի վարորդ: 

Օգտակար խորհուրդներ մասնակիցների համար

Գերմանիան այն երկրներից է, որն ունի ուրույն մշակութային դիմագիծ եւ ավանդույթներ: Որպեսզի գործատուն գոհ լինի, իսկ դուք էլ բավականություն ստանաք ձեր աշխատանքից, ապա պետք է հետեւեք մի շարք խորհուրդների: Պետք է լինեք հնարավորինս ակտիվ, դրական տրամադրվեք երեխաների, ընտանիքի անդամների նկատմամբ: Աշխատանքային եւ ուսման ժամերից զատ՝ դուք ունեք հանգստյան ժամեր, որոնք կարող եք ինքներդ տնօրինել: Դուք կարող եք հետաքրքիր եւ ժամանցային վայրեր այցելել՝ լիցքաթափվելու համար: