Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Մոսկվա, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 26-06-2018
Աշխարհի առաջնության 12-րդ օրը. եկել է հրաժեշտ տալու ժամանակը
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը «A» խմբից լքեցին Սաուդյան Արաբիայի եւ Եգիպտոսի, իսկ «B» խմբից՝ Իրանի եւ Մարոկկոյի ազգային հավաքականները, հաջորդ փուլ անցածներն ամենեւին էլ վստահ չխաղացին վերջին հանդիպումներում։

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունը այդ երկրի ազգային հավաքականին հասցրել էր Սամարա։ Այդ քաղաքի գլխավոր ստադիոնում էլ կայացավ Ուրուգվայ-Ռուսաստան հանդիպումը։ Դիմակայության արդյունքում որոշվում էր խմբի հաղթողը, քանի որ երկու թիմերին էլ հաջողվել էր առաջին երկու խաղերում հաղթել։

Արդեն առաջին խաղակեսում Ուրուգվայի հավաքականն ապահովեց հաղթանակը։ 10-րդ րոպեին տուգանային հարվածից գոլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը։ 13 րոպե անց Դենիս Չերիշեւը, որին հաջողվում էր առաջին երկու խաղերում հերոսանալ, մրցակցի հարվածի դիմաց կանգնելիս մի փոքր անզգույշ գտնվեց եւ գնդակը հայտնվեց դարպասապահ Իգոր Ակինֆեեւի պաշտպանած դարպասում։ Սա դեռ բավարար չէր. 36-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ եւ խաղադաշտից հեռացվեց պաշտպան Իգոր Սմոլնիկովը։

Չնայած երկրորդ խաղակեսում ռուսներին հաջողվեց մի քանի վտանգավոր գրոհ կազմակերպել, բայց այդպես էլ մրցակցի դարպասը գրավել չստացվեց։ Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին էլ աչքի ընկնելու հերթն ուրուգվայցիների մյուս առաջատարինն էր։ Էդինսոն Կավանին գոլ հեղինակելուց հետո արագ փոխարինվեց։

Ռուսաստանը երկրորդ տեղը զբաղեցրեց, իսկ ուրուգվայցիների համար հարյուր տոկոսանոց՝ 3 խաղից հետո 3 հաղթանակ ապահոված Լուիս Սուարեսը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։ Ի դեպ, Լուիս Սուարեսը Ուրուգվայի հավաքականի կազմում անցկացրեց 100-րդ հոբելյանական հանդիպումը։

«A» խմբի երկրորդ խաղում ուժերը չափեցին արաբական երկու թիմերը՝ Եգիպտոսի եւ Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականները։ Եվ որքան էլ 26-ամյա Մոհամեդ Սալահը լինի ավարտված մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, այնուամենայնիվ նրա առաջնորդությամբ ոչ մի կերպ Եգիպտոսի հավաքականի խաղը գոհացնող չենք անվանի։ Անգլիական «Լիվերպուլում» շատ փայլուն խաղ ցուցադրող եգիպտացին բացեց սաուդների թիմի դեմ հանդիպման հաշիվը՝ իրեն հատուկ ակնթարթային որոշում կայացնելով եւ գնդակը մրցակցի դարպասապահի գլխավերեւով ցանցի մեջ կախելով։ Եգիպտոսի հավաքականի այդ առավելությունը երկար չտեւեց։

Առաջին խաղակեսի վերջին Ալմուվալադ Ֆահադը հնարավորություն ստացավ հավասարեցնելու հանդիպման հաշիվը. գլխավոր մրցավարը կանոնների խախտում էր արձանագրել եգիպտացիների տուգանային հրապարակում։ Չնայած այս անգամ դիպուկ 11-մետրանոց հարված չիրացվեց, բայց ընդամենը հաշված վայրկյաններ անց Սաուդյան Արաբիայի հավաքականը երկրորդ 11-մետրանոց հարվածն իրացնելու հնարավորություն ստացավ։ Այս անգամ հարվածն իրացնելու ճնշումն իր վրա վերցրեց Ալիֆառաջ Սալմանը։ Կիսապաշտպանը դիպուկ էր՝ 1-1:

Ամբողջ երկրորդ խաղակեսում Սաուդյան Արաբիայի հավաքականն ամեն ինչ արեց՝ հաղթանակը կորզելու համար։ Արդյունքում հանդիպման՝ մրցավարի կողմից ավելացված վերջին 5-րդ րոպեն հիշեցրեց արաբական արշավանքների մասին «Հայոց պատմության» գրքերում գրվածը, երբ մեծ ուժերով պաշարում է տեղի ունենում։ Այդպիսին էր Եգիպտոսի հավաքականի տուգանային հրապարակը, եւ դրա արդյունքը եղավ եւս մեկ դարպասի գրավում. Սաուդյան Արաբիայի ընտրանին հեռանում է «A» խմբի հետնապահի պիտակը մրցակցի վրա դաջած։ Ի դեպ, եգիպտացիները կարող են փարատվել միայն այն հանգամանքով, որ Մոհամեդ Սալահը դարձավ հանդիպման լավագույն խաղացող, իսկ Եգիպտոսի հավաքականը ավելի քան քառորդ դար (28 տարի) անց կարողացավ հանդես գալ ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։

«B» խմբում առավելապես հավասար պայքար ծավալվեց Պորտուգալիա-Իրան հանդիպման ժամանակ։ Եթե իրանցիներին հաջողվեր հաղթել, ապա հենց նրանք էին անցնելու հաջորդ փուլ՝  1/8 եզրափակիչ։ Արդեն առաջին րոպեին Քրիշտիանու Ռոնալդուն կարող էր բացել դիմակայության հաշիվը, սակայն Սարանսկի «Մորդովիա Արենայում» աչքի ընկնելու բոլոր հնարավորությունները պորտուգալացին չօգտագործեց։

Պուրտուգալացիների ավագի դժգույն խաղի համեմատ՝ լավ հանդես եկավ Ռիկարդու Կուարեժման։ 34-ամյա հարձակվողը մրցաշարում առաջին անգամ արժանացել էր գլխավոր մարզիչ Ֆեռնանդու Սանտուշի վստահությանը եւ հայտնվել մեկնարկային կազմում։ 45-րդ րոպեին նրան հաջողվեց բացել հանդիպման հաշիվը՝ հրաշալի հարվածով գնդակն ուղղելով մրցակցի դարպասի վերին անկյունը։

Երկրորդ խաղակեսը գրեթե նոր մեկնարկած՝ պորտուգալացիները «VAR» տեսակրկնությունների համակարգի շնորհիվ ստացան 11-մետրանոց իրացնելու հնարավորություն։ Չնայած իրանցիների բողոքին՝ գլխավոր մրցավարը որոշումը չփոխեց։ Քրիշտիանու Ռոնալդուի հարվածից հետո 25-ամյա Ալի Բեյրանվանդը փրկեց իր թիմին՝ հետ մղելով պորտուգալացու անկասելի թվացող հարվածը։ Ավելի ուշ տեղի տվեցին Պորտուգալիայի հավաքականի ավագի նյարդերը։ Քրիշտիանու Ռոնալդուն միտումնավոր հարվածեց մրցակցին, ինչը չվրիպեց տեսակրկնությունների օթյակում աշխատող մասնագետների աչքից։ Գլխավոր մրցավարը որոշեց այդ խախտման համար դեղին քարտ ցույց տալ աստղային ֆուտբոլիստին, սակայն եթե հեռացներ նրան խաղադաշտից, ոչ ոք չպետք է խոսեր անարդար որոշման մասին։

Ընդհանրապես այս խաղում տեսակրկնությունների համակարգի աշխատանքի իսկական թեստ էր։ Հանդիպմանն ավելացված լրացուցիչ ժամանակում գլխավոր մրցավարը տեսակրկնությունը նայեց եւ որոշեց, որ պորտուգալացիների պաշտպան Սեդրիկը միտումնավոր ձեռքով է խաղացել։ Դրան հետեւեց այս խաղում երկրորդ 11-մետրանոցի նշանակումը։ Իրանցիների հարձակվող Կարիմ Անսարիֆարդն անվրեպ էր՝ 1-1:

Չնայած հանդիպման ավարտին հաշված վայրկյաններ էին մնում, սակայն Իրանի հավաքականը շարունակեց առաջ նետվել հաղթանակի հույսով։ Այն Կառլուշ Կեյրուշի թիմին կօգներ դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ։ Հանդիպման վերջին հնարավորությունը, սակայն, իրանցիները չօգտագործեցին, եւ պորտուգալացիներին հաջողվեց հաջորդ փուլի ուղեգիր ապահովել։ Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Պորտուգալիայի ընտրանու կազմում միակ գոլի հեղինակը դարձած Ռիկարդու Կուարեժման։

Տեսակրկնությունների կիրառման շնորհիվ միավոր կարողացավ վաստակել Իսպանիայի ազգային հավաքականը, որը Մարոկկոյի ընտրանու հետ խաղում բազմաթիվ դժվարությունների հանդիպեց։ Արդեն 14-րդ րոպեին իսպանացիների պաշտպանությունը ճաք տվեց. ֆուտբոլիստները միմյանց չհասկացան, ինչի արդյունքում Խալիդ Բութալիբը բացեց հանդիպման հաշիվը։

Ընդամենը չորս րոպե անց իսպանացիների բազմաքայլ գրոհը ավարտվեց Անդրես Ինյեստա – Իսկո զույգի փայլուն համագործակցությամբ ծնված գոլով։ Աչքի ընկավ Իսկոն։ Առաջին խաղակեսում այլ գոլեր չգրանցվեցին։

Երկրորդ խաղակեսի վերջում մարոկկացիներն ակտիվացան։ Արդյունքում հաջողվեց ստանդարտ իրավիճակի խաղարկումից հետո հաշվի մեջ առաջ անցնել։ Գլխի շեշտակի հարվածով գնդակը դե Խեայի պաշտպանած դարպասն ուղարկեց Յուսեֆ Էն-Նեսիրին։

Ի պատասխան մարոկկացիների՝ իսպանացիներն ակտիվացան՝ մտածելով խմբում առաջին տեղը գրավելու կարեւորության մասին։ Յագո Ասպասին հաջողվեց կրնկով գնդակն ուղարկել մրցակցի դարպասը, սակայն եզրային մրցավարը բարձրացրել էր դրոշակը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստների բողոքից հետո գլխավոր մրցավարը դիմեց «VAR» տեսակրկնությունների համակարգին եւ դարպասի գրավումը հաշվեց՝ 2-2: Նորից գոլառատ ֆուտբոլ ստացվեց Կալինինգրադում. դրանից երկրպագուները միայն երջանիկ էին։

Իսպանացիները կշարունակեն պայքարը՝ առաջին տեղով փլեյ-օֆֆ դուրս գալով «B» խմբից։ Նրանց առաջատար Իսկոն էլ ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։

Ի դեպ, խմբերում խաղերը կայանում են զուգահեռաբար, որպեսզի հնարավոր չլինի որոշակիորեն նախընտրելի արդյունք գրանցել։ Առաջին երկու խմբերում ավարտված երեք տուրերից հետո հայտնի է, որ 1/8 եզրափակիչ փուլում Իսպանիայի հավաքականը կմրցի Ռուսաստանի ընտրանու հետ, իսկ Ուրուգվայի հավաքականը կփորձի 1/4 եզրափակիչ փուլ դուրս գալ՝ հաղթելով Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի ընտրանուն։