Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Մոսկվա, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 27-06-2018
Աշխարհի առաջնության 13-րդ օրը. Արգենտինայի հավաքականը՝ բոլորի ուշադրության կենտրոնում
Ֆուտբոլային տոնին կշարունակեն մասնակցել Ֆրանսիայի, Դանիայի, Խորվաթիայի եւ Արգենտինայի հավաքականները, որոնք միասին կազմեցին 1/8 եզրափակիչ փուլի զույգերին։

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում երկրպագուները շարունակում են քաղաքից քաղաք գնալ՝ վայելելու իրենց երկրի ներկայացուցիչ հավաքականի հանդիպումը։ Խմբային փուլի ավարտական հանդիպումներ տեղի ունեցան «C» եւ «D» խմբերում։ Հատկապես լարված ու դրամատիկ ստացվեց «D» խմբում կայացած Նիգերիա-Արգենտինա դիմակայությունը։ Սակայն ամենը ներկայացնեմ՝ ըստ ժամանակագրության։

Չնայած Ավստրալիայի հավաքականին հաղթանակ էր անհրաժեշտ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած Պերուի ընտրանու դեմ խաղում, սակայն այս խմբում ամեն ինչ կախված էր Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում զուգահեռաբար ընթացող Դանիա-Ֆրանսիա դիմակայությունից։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մնացի Մոսկվայում։

Թե՛ Դանիայի ընտրանուն, թե՛ Ֆրանսիայի հավաքականին ձեռնտու էր ոչ-ոքի արդյունքը։ Եթե հենց այդ արդյունքը գրանցվեր, ապա ֆրանսիացիները փլեյ-օֆֆ դուրս կգային առաջին, իսկ դանիացիները՝ երկրորդ տեղով։ Սա կարծես թե երկու կողմերին էր բավարարում, քանի որ անկախ Ավստրալիայի ընտրանու գրանցած արդյունքից՝ եվրոպական երկու ներկայացուցիչները կխաղային 1/8 եզրափակիչ փուլում։ Ուղիղ 90 րոպե երկու թիմերը չփորձեցին անգամ 50-60 տոկոսի չափով խաղ անցկացնել։ Դա նաեւ նկատեցին երկրպագուները, որոնք ամբողջ երկրորդ խաղակեսի ընթացքում սուլում էին երկու կողմերին դարպասի գրավման ուղղությամբ չաշխատելու եւ նվիրված, ուժերի ներածին չափով ֆուտբոլ խաղալու ցանկության բացակայության համար։

Չկար ցանկություն, չկար եւ արդյունավետ խաղ. արձանագրվեց աշխարհի առաջնության առաջին ոչ արդյունավետ խաղը՝ 0-0 արդյունքով։ Հանդիպման լավագույն խաղացողը ֆրանսիացիների կազմում էր խաղում. այդպիսի պատվի արժանացավ Նգոլո Կանտեն։

Զուգահեռաբար ընթացող Ավստրալիա-Պերու խաղում շատ ավելի հետաքրքիր ու դրամատիկ իրադարձություններ էին տեղի ունենում։ Արդեն առաջին կեսում Անդրե Կարիլոյին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը՝ ի չիք դարձնելով ավստրալացիների՝ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու երազանքը։ Երկրորդ խաղակեսում էլ հոլիվուդյան ֆիլմի սցենար գրվեց. մրցաշարի մեկնարկից օրեր առաջ խաղալու թույլտվություն ստացած Պաոլո Գերերոն՝ պերուացիների ավագը, որին զրկել էին ֆուտբոլ խաղալուց կոկաին օգտագործելու համար՝ երկարաժամկետ պարապուրդի մատնելով, կարողացավ գնդակն ուղարկել ավստրալացիների դարպասը։ Իհարկե, ինչպես ֆուտբոլիստի, այնպես էլ ամբողջ պերուացի երկրպագուների շրջանում մեծ ուրախություն էր տիրում։

Պերուի հավաքականը հաղթեց 2-0 հաշվով, հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Անդրե Կարիլոն, իսկ ավստրալացիները ստիպված էին ընդունել, որ «C» խմբի հետնապահն իրենք են։ Սա է գուցե պատճառը, որ հանդիպումից անմիջապես հետո շատ արագ հրաժարական տվեց Ավստրալիայի հավաքականի մարզչական շտաբը։

«D» խմբի Իսլանդիա-Խորվաթիա հանդիպումը կայացավ «Ռոստով Արենայում»։ Արժեր այնտեղ հասնել ու տեսնել, թե ինչպես է խորվաթների փոխարինողների կազմը հաղթում կատաղի իսլանդացիներին, սակայն չպետք է մոռանալ, որ այս խմբի ամենակարեւոր հանդիպումը տեղի էր ունենում զուգահեռաբար, եւ դիմակայության վայր էր ընտրվել Սանկտ Պետերբուրգի նորակառույց «Կրեստովսկի» ստադիոնը՝ հյուրընկալելով Նիգերիայի եւ Արգենտինայի հավաքականներին։

Դոնի Ռոստովում կայացած հանդիպման մասին նշեմ, որ խորվաթների մեկնարկային կազմում, ի տարբերություն արգենտինացիների դեմ հաղթական հանդիպման, արվել էր 9 փոփոխություն. հանգստանալու հնարավորություն էին ստացել բոլոր առաջատարները՝ բացի Իվան Պերիշիչից եւ թիմի ավագ Լուկա Մոդրիչից։ Նրանք էլ փորձեցին դնել խորվաթների 3-րդ հաղթանակի հիմնաքարը։

Անարդյունավետ առաջին խաղակեսից հետո թիմերը որոշեցին մի փոքր ավելի բաց ֆուտբոլ ցույց տալ եւ ուրախացնել ֆուտբոլասերներին։ Ընդմիջումից հետո շատ արագ խորվաթներին հաջողվեց բացել հանդիպման հաշիվը։ Աչքի ընկավ Միլան Բադելը։

Իսլանդացիները չընկճվեցին եւ շարունակեցին առավել վտանգավոր գործել, քան մրցակիցը, ինչպես գրեթե բոլոր խաղերում։ Խաղի 76-րդ րոպեին Իսլանդիայի ընտրանին պարգեւատրվեց 11-մետրանոց հարվածով, քանի որ մրցակիցը կանոնները խախտել էր իր տուգանային հրապարակում։ Եթե նիգերիացիների դեմ խաղում Գիլֆի Սիգուրդսոնին չէր հաջողվել դիպուկ գտնվել նշակետից, ապա դա ոչ մի կերպ ազդեցություն չունեցավ այս խաղում. իսլանդական ֆուտբոլի առաջատարն անվրեպ էր 11-մետրանոցն իրացնելիս՝ 1-1:

Խորվաթներին ձեռնտու հաշիվ էր, սակայն հաղթելը միշտ ավելի հաճելի է։ Արդյունքում գլխավոր մարզիչը խաղադաշտ դուրս բերեց Իվան Ռակիտչին՝ փոխարինելով 100 տոկոս փոխանցումների արդյունավետություն ցույց տված Մատեո Կովաչիչին։ Այդ պահին Լուկա Մոդրիչն այլեւս չկար, եւ պետք էր կիսապաշտպան, որին թիմակիցները հասկանում են կես շարժումից։ Այդպիսի քայլը թույլ տվեց խորվաթներին ավելի ակտիվացնել հարձակումը։ Արդյունքում՝ Իվան Պերիշիչը ստացավ շատ լավ պահ հաղթական գնդակը խփելու համար եւ օգտագործեց այն հանդիպման 90-րդ րոպեին՝ 2-1:

Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Միլան Բադելը, իսկ խորվաթները հնարավորություն ունեն 100 տոկոս արդյունքով՝ երեք հաղթանակ երեք խաղում, շարունակել պայքարը 1/8 եզրափակչում։ Ի դեպ, փլեյ-օֆֆ փուլում խորվաթների մրցակիցը կլինի Դանիայի հավաքականը։

«Կրեստովսկի» ստադիոն ժամանած հազարավոր արգենտինացիներ իրենց գլխավոր աստղի՝ Լիոնել Մեսսիի տաղանդը վայելելու հերթական հնարավորությունը ստացան, չնայած արդարության համար պետք է նշել, որ արգենտինացիները վերջին երկու շաբաթվա ընթացքում այդպես էլ չեն կարողանում թիմային գործողություններ իրականացնել։ Խորվաթների դեմ պարտված հանդիպումից հետո մի շարք փոփոխություններ էին առկա արգենտինացիների կազմում, այդ թվում՝ հիմնական կազմում էր հայտնվել կիսապաշտպան Էվեր Բանեգան, ով խաղը կարդալու հիանալի ու բացառիկ հմտություններ ունի։

Նիգերիայի հավաքականի կազմում որեւէ արժեքավոր փոփոխություն չկար։ Իսլանդիայի ընտրանուն հաղթելուց հետո աֆրիկացիները իրական հնարավորություն ունեին անցնելու հաջորդ փուլ, բայց դեռ պետք է 90 րոպե խաղային աշխարհի չեմպիոն դառնալու համար Ռուսաստան եկած մի թիմի դեմ, որը միայն անհատների ներուժով արդեն ավելի զորեղ է։

Վերոնշյալը գիտակցելով՝ նիգերիացիները բավականաչափ զգույշ սկսեցին խաղը։ Չէր անցել անգամ 15 րոպե, երբ Լեո Մեսսին, խորքից ստանալով Էվեր Բանեգայից իրեն հասցեագրված գնդակը, ի ցույց աշխարհի ներկայացրեց իր տաղանդը. հիանալի կասեցնելով գնդակը՝ 31-ամյա հարձակվողը բացեց հանդիպման հաշիվը՝ յուրատեսակ ռեկորդ արձանագրելով։ Լեո Մեսսին միակ ֆուտբոլիստն է, որին հաջողվել է կյանքի տարբեր տասնամյակներում գոլի հեղինակ դառնալ Մունդիալի ժամանակ։

Երկրորդ խաղակեսում հաղթական հաշիվ պահպանել արգենտինացիներին չհաջողվեց։ Ավելի շուտ այլ պլաններ էր նախատեսել Խավյեր Մասկերանոն։ Արգենտինացիների փորձառու ֆուտբոլիստը խաղի կանոնները խախտեց իրենց տուգանային հրապարակում, ինչի արդյունքում Նիգերիայի ընտրանին ստացավ 11-մետրանոց իրացնելու հնարավորություն։ Վիկտոր Մոզեսը չվրիպեց, եւ խաղի հաշիվը հավասարվեց՝ 1-1:

Ամեն ինչ կարող էր ավարտվել արգենտինացիների համար հանդիպման 76-րդ րոպեին, երբ իրենց տուգանային հրապարակում ձեռքով խաղաց Մարկոս Ռոխոն։ Արգենտինացի պաշտպանի կողմից խաղի կանոնների խախտում արձանագրելու համար գլխավոր մրցավար, թուրք Ջունեթ Չակիրը դիմեց «VAR» տեսակրկնությունների համակարգին։ Չնայած պարզ երեւում էր, որ արգենտինացին ձեռքով է խաղացել, սակայն թուրք մրցավարը գտավ, որ այլ ելք տվյալ դեպքում պաշտպանը չուներ, հետեւաբար ձեռքը գտնվել է բնական դիրքում, ասել կուզենք՝ չկա 11-մետրանոց հարվածի կարիք։

Այդ դրվագի՝ իրենց օգտին դրական լուծում ստանալուց հետո արգենտինացիները նետվեցին առաջ։ Նրանց աջակցում էին տրիբունաները, նաեւ լեգենդար Դիեգո Մարադոնան, որին հաճախ էին ցույց տալիս մարզադաշտի մեծ էկրանին՝ բավականին լավ տրամադրության մեջ։ Դա չէին կարող չտեսնել նաեւ ֆուտբոլիստները։ Ստանալով սիրելի լեգենդի աջակցությունը եւ խաղադաշտում նաեւ Լեո Մեսսի ունենալով՝ արգենտինացիները առաջ նետվեցին ։

Հանդիպման 86-րդ րոպեին արգենտինացիների համար նոր հերոս ծնվեց, ի դեմս Մարկոս Ռոխոյի։ Հարձակմանը միացած ձախլիկ պաշտպանը կարողացավ աջ ոտքով գնդակն ուղարկել մրցակցի դարպասը։ Ուղիղ 5 րոպե տրիբունաները ցնծում էին. չէ՞ որ Լեո Մեսսին ու թիմակիցները կխաղան փլեյ-օֆֆ փուլում։ Ի դեպ, արգենտինացիներին 1/8 եզրափակիչ փուլում կդիմակայի Ֆրանսիայի հավաքականը։ Անկասկած, հեշտ գուշակելի էր, թե ով կլինի Նիգերիա-Արգենտինա հանդիպման լավագույն ֆուտբոլիստը. գոլ եւ թիմային գործողությունների կառավարման համար պարգեւը ստացավ Լեո Մեսսին։

Այսպիսով՝ հունիսի 30-ին Կազանում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Արգենտինայի ընտրանու դեմ, իսկ հուլիսի 1-ին՝ Նիժնի Նովգորոդում ուժերը կչափեն Դանիայի եւ Խորվաթիայի ազգային հավաքականները։