Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 29-06-2018
«Նախկինների խրոնիկան». բաժանվելու պատճառները եւ ժամանակակից հարաբերությունների դժվարությունները
Հունիսի 29-ին «Մեդիա կենտրոնում» անցկացվեց «Նախկինների խրոնիկան» վավերագրական ֆիլմի պրեմիերան: Կինոնկարի հեղինակներն են Սոնա Սիմոնյանը եւ Հովհաննես Իշխանյանը:

«Նախկինների խրոնիկան» նկարահանվել է Մեծ Բրիտանիայի կառավարության Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ` տարածաշրջանային chai-khana.org մուլտիմեդիոն հարթակի համար:

Ամուսնությունը Հայաստանում այլեւս հարաբերություններ ամրագրելու միակ ձեւը չէ։ Քաղաքաբնակ երիտասարդ հայաստանցիներն այժմ ավելի լայն հնարավորություններ ունեն իրենց կյանքը տնօրինելու, քան խորհրդային տարիներին։ Ոմանց համար մեկ հոգու հետ ամբողջ կյանքն ապրելն այլեւս իրագործելի չէ, երբ ակնկալիքները չեն բավարարվում: Ի վերջո, նրանք բաժանվում են՝ շարունակելով հարաբերությունների այլ ձեւերի փնտրտուքը: 

Ֆիլմի հեղինակներ Սոնա Սիմոնյանը եւ Հովհաննես Իշխանյանը հանդիպում են իրենց նախկիններին՝ քննարկելու բաժանվելու պատճառները եւ ժամանակակից հարաբերությունների դժվարությունները։ 

«Ես նկարել եմ Սոնային՝ իր նախկին ամուսնու հետ զրուցելիս, անձնական կյանքի մասին խոսելիս, Սոնան նկարել է ինձ եւ իմ նախկինին: Ու ընդհանուր քննարկումներ ենք նկարահանել այն մասին, թե ինչ խնդիրներ կան մեր սերունդների հարաբերությունների մոդելներում: Դրա համար էլ ֆիլմը կոչվում է «Նախկինների խրոնիկան»»,- Eritasard.am-ի հետ զրույցում նշեց ֆիլմի համահեղինակ Հովհաննես Իշխանյանը: 

Նրա խոսքով՝ մեր սերունդը կարողացել է իր համար ստեղծել այնպիսի պայմաններ, որ չպարտադրվի, թե ինչպիսին պետք է լինեն իր հարաբերությունները. «Ազատվելով հին ավանդական մոդելներից՝ մեր սերունդն իր համար կոնկրետ մոդելներ չի ստեղծել»: 

Հեղինակի խոսքով՝ ֆիլմը նախատեսում են նաեւ ներկայացնել կինոփառատոների: 

Նշենք, որ Հովհաննես Իշխանյանը նկարահանել է ստալինյան բռնաճնշումների մասին «Ընտանեկան ալբոմ» ֆիլմը եւ ԼԳԲՏ համայնքի մասին պատմող «Լսիր ինձ. չպատմված պատմություններ ատելությունից անդին» ֆիլմի սցենարի հեղինակն է: Նա նկարահանել է նաեւ մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։ 

Սոնա Սիմոնյանը նկարահանել է դաունի սինդրոմ ունեցող աղջկա մասին «Նինա» վավերագրական ֆիլմը։ Այժմ աշխատում է իր առաջին երկարամետրաժ ֆիլմի վրա։ Նկարահանել է մի քանի կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր: