Նյութը՝ Դավիթ Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-07-2018
Հայաստանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» մրցույթում կներկայացնի Ռոմելլա Թամարյանը
Հայաստանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» միջազգային գեղեցկության մրցույթում կներկայացնի մոդել, դերասանուհի Ռոմելլա Թամարյանը:
Միջազգային ստուգատեսն այս տարի կանցնի Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հուլիսի 18-27-ը: Այս տարի գեղեցկության մրցույթը նվիրված է Աստանայի հոբելյանին:  

Մրցույթին կմասնակցեն ԱՊՀ անդամ երկրների 18-25 տարեկան 25 գեղեցկուհիներ, ովքեր հաղթել են իրենց երկրներում կայացած ընտրական մրցույթներում։

Միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ եւ բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային նորաձեւության եւ կինոարտադրության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում եւ մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների եւ կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտներում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն: Մրցույթի նպատակներից է նաեւ ամրապնդել ԱՊՀ երկրների միջեւ միջազգային հարաբերությունները մոդելինգի եւ գեղեցկության ոլորտներում: 

Այս տարի եւս գեղեցկության մրցույթի եզրափակիչը կլուսաբանեն հայտնի բլոգերներ, նորաձեւության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձեւության քննադատներ, դիզայներներ եւ հայտնի աստղային դեմքեր, ովքեր հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար կժամանեն Ղազախստան: Միջոցառմանը ելույթ կունենան նաեւ հայտնի ու ճանաչված աստղեր: 

«ՄԻՍՍ ԱՊՀ 2018»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի փորձառու մասնագետներ Հայաստանից ու տարբեր երկրներից: 

Հայ գեղեցկուհի Ռոմելլա Թամարյանը ծնվել է 1995 թ., 23 տարեկան է: Սովորել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, 9 տարի զբաղվել է պարով: Ունի բազում նախասիրություններ, այդ թվում՝ զբաղվում է դիմահարդարմամբ:  

Նշենք, որ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը նախորդ տարի անցկացվել էր Հայաստանում:  «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիրն ու կազմակերպիչը մեր հայրենակից «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանն է։