Նյութը՝ Ալմիրա Նիկողոսյանի, Լեհաստանում Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի կամավոր
Լուսանկարները՝ Ալմիրա Նիկողոսյանի
Տեղադրվել է 09-07-2018
Հրաժեշտ նախակրթարանին
Babie Doły: przystanek końcowy… Բաբյե Դուի՝ վերջին կանգառ:

Եվս երեք րոպե եւ ես արդեն նախակրթարանում կլինեմ, ուր ինձ այնքան անհամբեր ու սրտի թրթիռով սպասում եմ հարյուրից ավելի լուսավոր փոքրիկ մարդուկներ: Սակայն, այսօր առավել քան մյուսները, ինձ սպասում են «Դեղին» եւ «Կանաչ» խմբերը, քանի որ ժամեր անց «Հրաժեշտ մանկապարտեզին» ցերեկույթն է տեղի ունենալու: 

Ինչքան քայլերս արագանում են, այնքան արագ էլ մտքերս են սահում: Մտածում եմ, թե ինչեր ասես, որ հաղթահարեցի իմ «ճուտիկների» հետ այս ինը ամիսների ընթացքում: «Ամենախաղաղ» ամիսը թերեւս հոկտեմբերն էր, նոյեմբերի կեսից մեզ «հյուր եկավ» չարաբաստիկ ջրծաղիկը, եւ մեկը մյուսի հետեւից երեխաների մոտ ի հայտ էր գալիս կարմրավուն ցան: Մի օր, երբ չորսամյա Ադամի մոտ հաստատվեց հիվանդությունը, եւ մանկավարժը զանգահարեց երեխայի ծնողներին, փոքրիկ տղան անասելի ցնծության մեջ էր, ծով ուրախությունից փափլիկ այտերը բոցկլտում էին՝ տեղեկանալով, որ երեք շաբաթ մանկապարտեզ չի հաճախելու եւ հնարավորություն է ունենալու վայելել ծնողների ներկայությունը (Լեհաստանում մանկապարտեզները գործում են առավոտյան ժամը 06:30-ից եւ աշխատանքի շտապող ծնողները քնաթաթախ փոքրիկներին այսքան վաղ մանկապարտեզ են տանում):

Դեկտեմբեր-հունվար ամիսներին տարածված էր սուր շնչառական վիրուսները՝ արտահայտված ընդհանուր թուլությամբ: Այս ընթացքում մեկ այլ փոքրիկ՝ հնգամյա Իգնացին, բարձր ջերմություն ուներ: Փոքրիկի մայրը, հեռախոսազանգ ստանալով նախակրթարանից, տեղեկացել էր երեխայի առողջական վիճակի մասին, սակայն հաղորդել էր, որ մեկ ժամից շուտ չի կարողանա հասնել, քանի որ այլ քաղաքում էր աշխատում: Պատկերացրե՛ք, թե այդ մի ժամվա թնթացքում երեխան քա՜նի ու քա՜նի անգամ հարցրեց, թե դեռ ինչքան է մնացել մայրիկի գալուն: 

Մի անգամ տիկին Մաուգոշան՝ Իգնաշի մայրը, անկեղծացավ.

- Երեխաս սկսեց սիրել մանկապարտեզը այն պահից, երբ Դուք ոտք դրեցիք այդ պատերից ներս ու երեխաներին Ձեր սերն ու նվիրումը տվեցիք: Իգնաշն այնքան է սիրում Ձեզ, որ հիվանդ ժամանակ էլ չի ալարում հագնվել ու մանկապարտեզ շտապել: 

Իգնացին այնքան է կապնվել ինձ հետ, որ մինչ մանկապարտեզ հասնելս առնվազն չորս-հինգ անգամ մանկավարժներին հարցնում է, թե դեռ ինչքան ժամանակ է մնացել մինչ ժամը 09:00-ն:

Եվ վերջապես՝ մարտ ամսին, այլեւս չկարողացա շրջանցել հիվանդությունների շարքը եւ մեկ շաբաթից ավելի ստիպված եղա անցկացնել տանը՝ հեռու ինձ այդքան հաճելի մանուկներից ու մանկական առույգ եռուզեռից: Երբ երկարատեւ դադարից հետո վերադարձա մանկապարտեզ, չորսամյա Կայան լացակումած բղավեց.

- Աստվա՛ծ իմ, ես էլ կարծում էի՝ մեր պանին մեզ մոռացել է ու իր երկիրն է վերադարձել:

Բոլորովին վերջերս, երբ գիտակցում եմ, որ արդեն շատ քիչ ժամանակ է մնացել ծրագրի ավարտին, հարցրեցի փոքրիկներին, թե ինչ կանեն, եթե մի օր այլեւս չգնամ մանկապարտեզ:

- Մենք այնքան ամուր կգրկենք պանիին, որ նա չի կարողանա ազատվել մեզանից, այնպես չէ՞, ընկերնե՛ր,- բղավեց Կայան:

Այս փոքրիկ աղջնակն այնքան հուզիչ բառեր ասաց, որ մինչ օրս հուզմունքս գլուխ է բարձրանում, երբ պատկերացնում եմ մուտալուտ բաժանումը իմ սիրելիներից… 

Վերջ տխրագին խոհերիս. ահա մտնում եմ մանկապարտեզ: Պետք է այսօր երբեւէ ամենազվարթ դիմակը կրեմ, քանի որ երեխաները շատ զգայուն են, նրանցից գրեթե անհնար է որեւէ բան թաքցնել: Երեք տասնյակից ավելի փոքրիկներ հրաժեշտ են տալու իրենց արդեն հարազատ դարձած նախակրթարանին եւ փոքրիկներին պետք է լայն ժպիտով ճանապարհել: 

Մանկավարժներն ու երեխաները, ինչպես հարկն է, պատրաստվել էին հրաժեշտի ցերեկույթին, որին ես էլ իմ լուման ունեի՝ փոքրիկներին սովորեցնելով հայկական երգ ու պար, նաեւ հայալեզու բանաստեղծություն: Ծնողները մեծ ոգեւորությամբ ու ակնապիշ ունկնդրում էին, թե իրենց «ձագուկները» ինչպես էին հմտորեն արտաբերում առաջին հայացքից սարսափելի դժվար եւ միեւնույն ժամանակ իրենց մայրենիից բոլորովին տարբերվող հայերենի հնչյունները:
Ասմունքին հաջորդեց երգն ու միասնական շուրջպարը: Միջոցառման ավարտից հետո ծնողների հոսքը չէր դադարում ուսուցչանոց: Այնքան հաճելի էր լսել նրանց, ովքեր շնորհակալություն էին հայտնում իրենց փոքրիկներին անվերապահրեն սիրելու եւ ինչ-որ նոր բան սովորեցնելու համար: 

Babie Doły: przystanek końcowy… Կարծում եմ՝ ես դեռ երկար կհիշեմ այս արտահայտությունը, որն իր մեջ երջանկության բանաձեւն է ամփոփում: