Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 08-07-2018
Փառատոնային տրամադրությամբ Վարդավառ Գառնիում եւ Գեղադավանքում
Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ արդեն 5-րդ տարին անընդմեջ իրականացվեց Վարդավառ միջազգային փառատոնը։

Վարդավառը յուրաքանչյուր միջավայրում յուրովի է տոնվում։ Արդեն հինգերորդ տարին է, ինչ հանրության, հատկապես երիտասարդության կողմից սիրված այս տոնը նշվում է փառատոնի տրամաբանությամբ եւ տրամադրությամբ՝ մեկտեղելով հարյուրավոր երիտասարդների, որոնք Վարդավառը տոնում են ոչ միայն որպես միմյանց վրա ջուր ցողելու տոնակատարություն։ Այս մարդկանց միավորում է միեւնույն գաղափարի շուրջ համախմբվելը Վարդավառի շրջանակում։

Վարդավառ միջազգային փառատոնի նպատակը երիտասարդությանն ու հանրության մյուս շերտերին Վարդավառի տոնածիսական առանձնահատկությունների ներկայացումն է, սակայն ազգային-ավանդական մշակույթի հանրահռչակումը Հայաստանում եւ երկրի սահմաններից դուրս եւս կարեւոր է փառատոնի կազմակերպիչների համար: Ամեն տարի Հայաստանի բազում բնակավայրերից, Սփյուռքից եւ արտասահմանից մարդկանց համախմբող հեղինակավոր այս փառատոնն անցկացվեց է համաշխարհային նյութական մշակույթի գանձարանի մասը կազմող Հայաստանի պատմամշակութային երկու խոշոր հուշարձաններում՝ Գառնիում եւ Գեղարդում:

Վարդավառի փառատոնը այս անգամ եւս մեկնարկեց վաղ առավոտից։ Առաջին կանգառը Գեղարդի վանական համալիրում էր։ Այստեղ Տիրոջ Պայծառակերպությանը նվիրված Սուրբ պատարագ մատուցվեց, որի ընթացքում պատարագիչը ջուր ցողեց գավթում հավաքված հավատացյալների վրա: Տեղի ունեցավ ավանդական դարձած երիտասարդության օրհնության կարգ, այնուհետև գուսան Հայկազունի ազգագրական երգերի ներքո փառատոնի հյուրերը ճանապարհ ընկան դեպի Գառնիի տաճար, որտեղ նրանց սպասվում էր ազգային ուրախ երգ ու պար, Վարդավառի տոնին նվիրված ավանդական խաղեր:

Կեսօրին արդեն Գառնիի տաճարի հարակից հրապարակում շուքով մեկնարկեց Վարդավառի տոնակատարությունը, որին մասնակցում էին մեծաթիվ հայ հեթանոսներ։ Ամեն ինչ մատուցվեց հեթանոսական ավանդույթների համաձայն՝ ներկայացվեց տոնի խորհուրդը, պատմությունը, եղան հայոց դիցարանի ներկայացուցիչ Աստղիկ դիցուհուն նվիրված հին հայկական ծիսակատարություններ:

Զուգահեռաբար Գառնիի «Նոյան այգի» մշակույթի կենտրոնում մեկնարկեց Վարդավառ միջազգային փառատոնի պաշտոնական մասը։ Բացման խոսքով հանդես եկավ Հայաստանի երիտասարդական ակումբների դաշնության նախագահ, Վարդավառ միջազգային փառատոնի հիմնադիր Ատոմ Մխիթարյանը: Նրա խոսքով՝ փառատոնը մշակութային եւ կրոնական բազմաթիվ շերտեր ունեցող Վարդավառը միջազգային տոն դարձնելու մեծ հեռանկար ունի: 

«Վարդավառն այն տոներից է, որն ունի և՛ քրիստոնեական, և՛ ազգային-հեթանոսական հիմքեր: Հայաստանի տարբեր մարզերում այն նշվում է յուրովի: Մեր նպատակն է, որ մարդիկ իմանան՝ Վարդավառի տոնն ավելին է, քան պարզապես միմյանց ջրելու զվարճալի արարողություն: Այն շատ ավելի հարուստ խորհուրդ ունի, ու բազմաթիվ հետաքրքիր ծեսեր կան կապված այս տոնի հետ», - նշեց Ատոմ Մխիթարյանը՝ հավելելով, որ  փառատոնի ծրագիրը մշակելիս գործակցել են ազգագրագետների հետ՝ ուսումնասիրելու և վերակենդանացնելու հայկական ժողովրդական նախաքրիստոնեական տոնի մոռացված արարողությունները: 

Մասնակիցներին ողջույնի խոսք հղեցին «Նոյան այգի» մշակույթի կենտրոնի տնօրեն Արամայիս Սուքիասյանը և Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետի խոսքով՝ այժմ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Կոտայքի մարզը դառնա հնարավորինս առավել հարմարավետ վայր, որը նախընտրելի է զբոսաշրջիկների համար. «Այսօրինակ միջոցառումները մեր մարզում շատ ողջունելի են։ Անհրաժեշտ է միահամուռ ուժերով աշխատել, բարեկարգել մեր համայնքը։ Եկել ավելի լավ ենթակառուցվածքներ ստեղծելու ժամանակը»։

Տաճարի հարակից տարածքում գործող «Նոյան այգի» մշակութային կենտրոնում փառատոնի հյուրերը ծանոթացան ազգային տաղավարներին. ներկայացված էին Հայաստանի տարբեր տարածաշրջանների մշակույթն ու ավանդույթները։ Բացի այդ հնարավորություն կար տեղում բացահայտելու լավաշ թխելու, գորգ գործելու, փայտից զարդանախշեր ստանալու, կավով փոքր սափոր պատրաստելու, հայկական մրգերից չիր պատրաստելու գաղտնիքներին: 

Վարդավառի փառատոնի մշտական ուղեկիցն է նաեւ հայկական ազգային երգն ու պարը, հին հայկական խաղերը։ Այս անգամ եւս նոր եւ հետաքրքիր բացահայտումներ եղան փառատոնի հյուրերի համար. նրանք խաղացին հին հայկական ազգային խաղեր, ապա ձեռքի տակ առկա դույլերը, ջրային խաղալիքները վերցնելով՝ գործի անցան... Եկավ իրար ջրելու պահը։

Մի լավ զվարճանալուց հետո ելույթ ունենալու հերթը պարային համույթներինն էր։ Գեղեցիկ ստացվեց Զավեն Խաչատրյանի ղեկավարած Չարենցավանի «ԱԶԴ» պարային համույթի ելույթը։ Փառատոնի մասնակիցները հնարավորություն ունեին նաեւ լուսանկարվելու հայոց դիցարանի ներկայացուցիչներ Աստղիկ  և Վահագն աստվածների կերպարները մարմնավորող դերասան-դերասանուհիների հետ՝ գեղեցիկ ակնթարթ՝ լուսանկար, տանելով իրենց հետ ազգային տոնից: 

Հատուկ Վարդավառ միջազգային փառատոնի համար պատրաստված էր տոնական գաթա, նաեւ ավանդական հայկական գինու հյուրասիրությունից կարող էին օգտվել հյուրերը։ Ի դեպ, ավանդական գաթան պատրաստվել էր նախանիների բաղադրատոմսով եւ խորհրդանշական քանակով՝ 5 հատ:

Հ.Գ.։ Գրեթե 5 ժամ տեւած Վարդավառ միջազգային փառատոնը ոգեւորություն պարգեւեց Գառնի տաճար եկած զբոսաշրջիկներին, որոնք ոչ միայն թրջվում էին, այլեւ մասնակցում տոնական տրամադրությամբ ջրոցիին։ Ինչ խոսք, Հայաստանի մասին հիշելիս նրանք գուցե այլեւս երբեք չմոռանան այս տոնը՝ Վարդավառը....

Պատկերասրահ՝ Վարդավառ - 2018