Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Կազան, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 07-07-2018
Աշխարհի առաջնության 23-րդ օրը. չեմպիոնական պայքարը թեժանում է
Բրազիլիայի եւ Ուրուգվայի հավաքականները դուրս մնացին Մունդիալից՝ մրցաշարը վերածելով եվրոպական երկրների հավաքականների միջեւ պայքարի։

Ռուսաստանում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության հաղթողի հավակնորդները հուլիսի 6-ին Նիժնի Նովգորոդում եւ Կազանում որոշեցին Մունդիալի կիսաեզրափակիչի մասնակիցներին։ Դեպի եզրափակիչ ընդամենը մեկ քայլ է մնում եվրոպական հարեւան երկրների ընտրանիներին՝ Բելգիային եւ Ֆրանսիային։

1/4 եզրափակիչ փուլի Ուրուգվայ – Ֆրանսիա դիմակայությունը Հարավային Ամերիկա – Եվրոպա ֆուտբոլային հավերժական թվացող առճակատման առաջին արարն էր։ Նիժնի Նովգորոդ քաղաք էին եկել աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր երկրպագուներ։ Տրիբունաներում ներկա էր ավելի քան 43 հազար ֆուտբոլասեր։

Ի տարբերություն փլեյ-օֆֆ փուլի առաջին՝ Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպման՝  Ուրուգվայի հավաքականի կազմում մեկ լուրջ կորուստ կար. վնասվածքի պատճառով թիմին չէր կարողանալու օգնել Էդինսոն Կավանին։ Ֆրանսիայի հավաքականի կազմում էլ 2 դեղին քարտեր ստանալու արդյունքում որակազրկված էր Բլեզ Մատյուիդին։

Չնայած ուրուգվայցիները բավականին ակտիվ սկսեցին այս հանդիպումը եւ վտանգավոր պահեր ստեղծեցին ֆրանսիացիների դարպասի մոտ, մինչեւ առաջին խաղակեսի ավարտը Ֆրանսիայի հավաքականին հաջողվեց հանգստացնել խաղը։ Հանդիպման 40-րդ րոպեին էլ Ռաֆայել Վարանին հաջողվեց բացել խաղի հաշիվը։ Տուգանային հարվածի խաղարկումից հետո Մադրիդի «Ռեալի» պաշտպանին հաջողվեց շեղել գնդակի ուղղությունը դեպի Ֆերնանդո Մուսլերայի պաշտպանած դարպասը՝ 1-0 հօգուտ ֆրանսիացիների։

Երկրորդ խաղակեսի սկզբում Հարավային Ամերիկան ներկայացնող Ուրուգվայի հավաքականում երկու փոփոխություն տեղի ունեցավ. խաղադաշտ դուրս եկան հարձակման միտված խաղացողներ՝ Մաքսիմիլիանո Գոմեսը եւ Կրիստիան Ռոդրիգեսը։ Իհարկե, ուրուգվայցիները կարող էին փրկել խաղը, սակայն Անտուան Գրիզմանի հեռահար հարվածից հետո անվստահ գործեց Ֆերնանդո Մուսլերան, ինչի արդյունքում ֆրանսիացիները կրկնապատկեցին հաշիվը։ Դարպասի գրավումն արձանագրվել ոչ թե որպես ինքնագոլ. աչքի ընկնողը Անտուան Գրիզմանն էր։

Երկրորդ բաց թողած գոլից հետո Ուրուգվայի հավաքականը թեւաթափ եղավ։ Անգամ այնպիսին էր իրավիճակը, որ հանդիպման 80-րդ րոպեից հետո թիմը չէր հավատում, որ կարող է հաջորդ փուլի ուղեգիր ստանալ։ Թերեւս դա էր պատճառը, որ որոշ ֆուտբոլիստներ հանդիպումը դեռ չավարտած արդեն հուզվել էին ու արցունքախեղդ վիճակում էին հայտնվել։

Ֆրանսիայի հավաքականին հաջողվեց մինչեւ վերջին որպեն անառիկ պահել սեփական դարպասը եւ հաղթանակ տոնել 2-0 հաշվով։ Հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվեց դիմակայության լավագույն ֆուտբոլիստ։ Ֆրանսիայի հավաքականը կիսաեզրափակիչում է. թիմն առնվազն երկու հանդիպում դեռ պետք է անցկացնի մրցաշարում։

Ֆրանսիացիները մրցակիցը որոշվեց Կազանում կայացած Բրազիլիա – Բելգիա դիմակայության արդյունքում։ Հանդիպմանը տրիբունաներից հետեւում էր ավելի քան 42 հազար երկրպագու, որոնց մեծ մասը սատարում էր պենտակամպիոններին՝ Բրազիլիայի հավաքականին։

Չնայած բրազիլացիներն ակտիվ սկսեցին հանդիպումը եւ Տիագու Սիլվան կարող էր շատ արագ առաջ մղել Բրազիլիայի հավաքականին, սակայն մարզական բախտը երես թեքեց ֆուտբոլիստից։ Ընդամենը րոպեներ անց պարզ դարձավ, որ այս խաղում մարզական բախտը Բրազիլիայի ընտրանու կողիքին չի լինելու։ Բելգիացիները ստացան անկյունային հարվածի իրավունք, որի խաղարկումից հետո Ֆերնանդինյոն անզգուշորեն գնդակն ուղարկեց սեփական դարպասը։

Մինչեւ առաջին խաղակեսի վերջը Բելգիայի հավաքականին հաջողվեց եւս մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Ռոմելու Լուկակուի ձեռնարկած արագ հակագրոհի արդյունքում հարվածային դիրքում հայտնվեց Կեւին դե Բրյոյնեն եւ չվրիպեց՝ 2-0 հօգուտ եվրոպացիների։ Թվում էր, թե կարող է կրկնվել խաղային օրվա առաջին հանդիպման սցենարը, սակայն այդպես չեղավ. բրազիլացիները մինչեւ վերջ պայքարեցին։

Փոխարինումներ կատարելով երկրորդ խաղակեսի սկզբում Բրազիլիայի հավաքականը սկսեց շատ ավելի արագ ֆուտբոլ խաղալ։ Արդյունքում բելգիացիները ստիպված էին մեծ ուժերով հետ գնալ ու մտածել պաշտպանության մասին։ Հանդիպման 73-րդ փոխարինման մտած Ռենատո Աուգուստոն կարողացավ խաղադաշտում անցկացրած երրորդ րոպեին աչքի ընկնել՝ կրճատելով խաղի հաշիվը։

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը փոփոխություններ կատարեց, որ կարողանա զսպել բրազիլացիների առաջխաղացումը հետագա րոպեներին։ Չնայած ամբողջովին փակել մրցակցին սեփական կիսադաշտում չստացվեց, բայց բրազիլացիների հետագա գրոհները Տիբո Կուրտուայի դարպասի գրավմամբ չպասկվեցին այլեւս։ Վերջնարդյունքում գրանցվեց 2-1 հաշիվ՝ հօգուտ Բելգիայի հավաքականի։

Որքան էլ շատերի համար կարող է անսպասելի թվալ, սակայն Բրազիլիայի հավաքականը եւս հեռանում է Ռուսաստանից։ Բելգիայի հավաքականը առաջ է շարժվում, եւ կիսաեզրափակիչում բելգիացիները կմրցեն Ֆրանսիայի հավաքականի հետ։ Այսպիսով՝ Լատինական Ամերիկայի ամենատիտղոսակիր հավաքականի Մունդիալից դուրս մնալու արդյունքում՝ մրցաշարը դառնում է պայքար եվրոպական երկրների հավաքականների միջեւ։ Չորրորդ անգամ անընդմեջ Եվրոպան ներկայացնող չեմպիոն կլինի։

Ի դեպ, Կեւին դե Բրյոյնեն ճանաչվեց Բրազիլիա – Բելգիա հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Հենց նրա գործողությունները կարող են օգնել բելգիացիներին առավել ուժեղ լինել Ֆրանսիայի հավաքականի հետ խաղում։ Այն տեղի կունենա հուլիսի 10-ին Սանկտ Պետերբուրգում։