Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 10-07-2018
Այսօր «Ալաշկերտը» մրցում է ահեղ «Սելտիկի» դեմ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Հայաստանի չեմպիոնին բաժին է հասել համաշխարհային ֆուտբոլում հայտնի անուն ունեցող շոտլանդական «Սելտիկը»։



Երեւանի «Ալաշկերտը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում այսօր մեծ փորձության կենթարկվի. մեկնարկում է Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլ եւ մեր երկրի չեմպիոնը հանդիպելու է շոտլանդական «Սելտիկի» հետ: Հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպեցին «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը եւ թիմի ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանը:



Ըստ Վարուժան Սուքիասյանի՝ հաջողվել է մրցակցին լավ ուսումնասիրել, բայց պետք է եւ հաշվի առնել հայկական թիմի ֆուտբոլիստների պոտենցիալը. «Տակտիկական ու ֆիզիկական առումով պատրաստ ենք: Տղաները տրամադրված են ու հուսախաբ չեն անի երկրպագուներին: Մեզ դժվար հակառակորդ է բաժին հասել։ Առաջին հերթին պետք է աշխատենք, որ գոլ բաց չթողնենք: Բոլորի ցանկությունն առաջին փուլը հաղթահարելն է, սակայն եկեք առաջ չընկնենք ու սպասենք խաղին»:



«Ալաշկերտի» գլխավոր մարզիչը խոսեց նաեւ եղանակային պայմանների մասին՝ նշելով, որ չնայած շոգ է, այն վստահաբար կազդի թիմի խաղային տեմպի վրա, սակայն նույն վիճակում են լինելու «Սելտիկի» ֆուտբոլիստները, այնպես որ այս առումով որեւէ կողմ առավելություն չունի։ Վարուժան Սուքիասյանը վստահեցրեց, որ իր գլխավորած թիմն անպայմանորեն կպայքարի։



«Ալաշկերտի» առանցքային ֆուտբոլիստ Արտակ Եդիգարյանի խոսքով՝ մրցակիցը շատ ուժեղ է, բայց թիմի ֆուտբոլիստների տրամադրությունը բարձր է. «Տանն ենք խաղալու ու պետք է փորձենք լավ արդյունք գրանցել: Նման թիմերի դեմ խաղալը բոլորիս մեծ մոտիվացիա է տալիս, եւ պետք է բոլոր ֆուտբոլիստներն իրենց լավ դրսեւորեն»:



Ֆուտբոլիստը եւս անդրադարձավ եղանակային պայմաններին՝ նշելով, որ Երեւանում շատ շոգ է, բայց հայկական կողմի համար ավելի հեշտ կլինի, քան մրցակցի, որովհետեւ խաղը կայանում է Հայաստանում: Չնայած դրան՝ ըստ Արտակ Եդիգարյանի, միայն տանը խաղալը որեւէ շոշափելի առավելություն չի տալիս «Ալաշկերտին» բացի երկրպագուների աջակցությունից, ինչին սպասում է ամբողջ թիմը եւ մարզչական շտաբը։



«Սելտիկի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն էլ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի հաղթահարել երեւանյան տոթը, գոլեր խփել ու հաղթանակած վերադառնալ տուն՝ Շոտլանդիա: «Կելտերի» գլխավոր մարզչի հավաստմամբ՝ իրենք լավ ծանոթ են հայկական թիմին, գիտեն, թե ինչ է պետք սպասել. «Վտանգ կարող են սպասել բոլորից։ Որեւէ կերպ չենք թերագնահատել մրցակցին։ Վստահեցնում եմ այդ։ Ամեն ինչ կերեւա խաղի ժամանակ»։



Ինչպես մրցաշրջանին պատրաստվող «Ալաշկերտի», այնպես էլ շոտլանդացիների համար այս հանդիպումն առաջինը կլինի նոր մրցաշրջանում: Բրենդան Ռոջերսի սաները չեն գտնվում բարձր ֆունկցիոնալ պատրաստվածության մակարդակում, սակայն նկատելի առավելություն ունեն զուտ անհատական վարպետության առումով։ Դա նկատելի էր 2 թիմերի նախախաղային մարզումների ընթացքում։



Վարուժան Սուքիասյանի գլխավորած «Ալաշկերտը» մեծ հավանականությամբ հույսը դնելու է իր տրամադրության տակ եղած ֆուտբոլիստներից ամենափորձառուների վրա, որոնք քիչ թե շատ նմանօրինակ հանդիպումների փորձ ունեն: Իհարկե, թիմում կան նորեկ լեգեոներներ, բայց այս պահին սպասելիքները մեծ չեն։



«Սելտիկի» պարագայում կադրային որոշակի խնդիրներ կան։ Դեռեւս թիմին չեն միացել Մունդիալի մասնակիցները: Խոսքը թիմի ամենաառանցքային պաշտպաններ Դերդիյոկ Բոյատայի (Բելգիա), Միկայել Լուստիգի (Շվեդիա), ինչպես նաև կիսապաշտպան Տոմ Ռոգիչի (Ավստրալիա) մասին է: Մյուս կողմից Բրենդան Ռոջերսն ուզում է հաղթանակած հեռանալ Երեւանից և այստեղ թիմին օգնության կարող է գալ հարձակման գծի ֆուտբոլիստները՝ Մուսա Դեմբելեն եւ Էդուար Օդսոնը:



Իհարկե, սա որակավորման փուլի առաջին հանդիպումն է, սակայն «Ալաշկերտի» համար այն մեծ կարեւորություն ունի, քանի որ հաջող մեկնարկը կարող է եւ թեւեր տալ։ Այստեղ մեծ դեր ունեն հայ երկրպագուները, որոնք կարող են «Հանրապետական» ստադիոնում սատարել հայկական թիմի ֆուտբոլիստներին, չէ՞ որ հանդիպման մուտքն ազատ է լինելու բոլոր ցանկացողների համար։