Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 09-07-2018
Համաշխարհային ֆուտբոլի լեգենդները Երեւանում էին
Լատինական Ամերիկայի եւ Եվրոպայի երբեմնի լավագույն ֆուտբոլիստները, որոնք այսօր արդեն կենդանի լեգենդի կարգավիճակում են, մասնակցեցին ֆուտբոլային մրցավեճի «Հանրապետական» ստադիոնում՝ ուրախություն պարգեւելով հազարավոր հայ ֆուտբոլասերների։
Հուլիսի 7-ին Երեւանը դարձավ ֆուտբոլային յուրօրինակ մայրաքաղաք, քանի որ այստեղ էին եկել համաշխարհային ֆուտբոլի երբեմնի լավագույն ներկայացուցիչները։ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք «Լեգենդների խաղ»-ի նախօրեին Ազատության հրապարակում համաշխարհային ու հայկական ֆուտբոլի աստղերն իսկական տոն էին նվիրել երկրպագուներին՝ մասնակցելով թենիսբոլի մրցաշարի։
 
Ֆուտբոլի կենդանի լեգենդները՝ Լուիշ Ֆիգուն, Կաֆու եղբայրները, Վենսան Կանդելան, Ռոման Բերեզովսկին, Խորեն Հովհաննիսյանն ու մյուսները փոքրիկ ֆուտբոլային դիմակայությունների մասնակցեցին ու մրցեցին Հայաստանի ներկայացուցիչների դեմ՝ հաղթելով 4-1 հաշվով։ Սա մի տեսակ նախապատրաստական փուլն էր այն իրադարձության, որը տեղի ունեցավ հուլիսի 8-ին։
 
Երեւանյան տապին ու Վարդավառի տոնակատարությանը հաջորդեց ֆուտբոլասերների միեւնույն վայրում անպայմանորեն հավաքվելու ցանկությունը. «Հանրապետական» ստադիոնում խաղալու էին համաշխարհային ֆուտբոլի առաջին մեծության աստղերը՝ բաժանվելով երկու՝ Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի ընտրանիների։ Աստղային թիմերը ոչ պակաս հայտնի մարզիչներ ունեին՝ իտալացի պաշտպան Պաոլո Մալդինին ու բրազիլացի հարձակվող Ռոնալդոն:
 
Հանդիպման 8-րդ րոպեին Եվրոպայի թիմին առաջ մղեց Լուիշ Ֆիգուն՝ ապացուցելով, որ ինչ էլ լինի լավ ֆուտբոլիստը մնում է բարձունքի վրա։ Եվրոպացիների ուրախությունը երկար չտեւեց: Ռոման Բերեզովսկիի պաշտպանած դարպասը հաշված վայրկյաններ անց գրավեց արգենտինական ֆուտբոլի ամենավառ դեմքերից մեկը՝ Գաբրիել Բատիստուտան՝ 1-1:
 
Ինչպես առաջին խաղակեսում, այնպես էլ երկրորդ 40 րոպեների ընթացքում (որոշվել էր խաղալ 40 րոպե տեւողությամբ երկու խաղակես) մի շարք փոփոխություններ էին կատարվում՝ շարժելով հայ երկրպագուների ուրախությունը. ամեն անգամ նոր ֆուտբոլային հայտնի աստղ էր դաշտ մտնում։ Երկրորդ խաղակեսում Լատինական Ամերիկան ավելի ակտիվ սկսեց գործել եւ հաշվի մեջ առաջ անցավ. գոլի հեղինակն էր Խավյեր Սավիոլան:
 
Քիչ անց տրիբունաներում հայտնվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Երկրպագուները ՀՀ վարչապետին մեծ ոգեւորությամբ ընդունեցին։ Ավելին ընդամենը հաշված րոպեներ անց բոլորը միասին վանկարկեցին իսլանդական հայտնի «huh»-ը:
 
Դա ոգեւորեց ֆուտբոլային աստղերին, որոնք արագորեն հանդիպումը վերածեցին գոլառատ խաղի։ Վերջնարդյունքում գրանցվեց 5-2՝ հօգուտ Լատինական Ամերիկայի հավաքականի։
 
Հանդիպման ավարտից հետո տասնյակ երկրպագուներ կարողացան մուտք գործել խաղադաշտ եւ լուսանկարվել իրենց սիրելի աստղերի հետ։ Հատկանշական է, որ ֆուտբոլային աստղերը բոլորին սիրով էին ընդունում եւ չէին մերժում լուսանկարվելու առումով։
 
Իսկական ֆուտբոլային տոն էր....

Պատկերասրահ՝ Համաշխարհային ֆուտբոլի լեգենդները Երեւանում