Նյութը՝ Մարինա Ադամյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ Մարինա Ադամյանի
Տեղադրվել է 11-07-2018
Cześć! Ողջո՛ւյն
Չորս երկրների օդանավակայաններում ընդհանուր 25 ժամ անցկացնելուց հետո հայտնվեցի Գդանսկի միջազգային օդանավակայանում, որտեղ ինձ դիմավորեց հայ կամավոր Հովիկը, ում հետ հայացքների ակնթարթային փոխանակումը սկիզբ դրեց մեր մտերիմ ընկերությանը:

Գդինյա քաղաքում ապրելու առավելություններից մեկն այն է, որ մեր բնակարանից մինչեւ Գդանսկի միջազգային օդանավակայան տեւում է ընդամենը 30 րոպե եւ շատ մատչելի գներով ամբողջ Եվրոպայով թե՛ նավով, թե՛ գնացքով, թե՛ ինքնաթիռով ճանապարհորդելու հնարավորություն է ընձեռում: Մեկ ամիս՝ այստեղ գտնվելու ընթացքում, հասցրել եմ այցելել Վիեննա, Բուդապեշտ եւ Ստոկհոլմ եւ արդեն պլանավորել եմ հուլիս եւ օգոստոս ամիսների ճանապարհորդություններս: 

Տրիսիթին՝ Գդանսկը, Գդինյան եւ Սոփոթը միասին, բազմազան  մշակութային միջոցառումների  լեհական Մեքքան է. ամբողջ տարվա ընթացքում տեղի են ունենում միջազգային փառատոներ՝ կինոյից մինչեւ երաժշտություն, թատերական ներկայացումներ եւ ժամանակակից արվեստի բազում այլ դրսեւորումներ, որոնց մեծամասնության մուտքն անվճար է:

Գդինյայի մեր տանը, երկու հայերից բացի, բնակվում են կամավորներ Իտալիայից, Պորտուգալիայից, Ուկրաինայից եւ մեր հարեւան Վրաստանից. մի խոսքով, պարզ է, որ երեկոյան խոհանոցային հետաքրքիր ու խորքային զրույցները լրացնում ենք բաղադրատոմսերի եւ լեզվամշակութային առանձնահատկությունների փոխանակմամբ: Ռուսերենի իմացությունն ինձ շատ է օգնում լեհերեն սովորելու հարցում, չնայած որոշ լեհերեն բառեր ռուսերենում լրիվ հակառակ իմաստն ունեն:

Արեւառատ եղանակային պայմանները հնարավորություն տվեցին վայելելու /հուսով եմ՝ դեռ էլի կվայելեմ/ Բալթիկ ծովն ու մաքրամաքուր ավազը, որով եւս հայտնի է այս տարածաշրջանը:

Ինձ շատ զարմացրեց նաեւ քաղաքում բազմաթիվ գրադարանների առկայությունը, ինչը խոսում է բնակչության ընդհանուր կրթվածության մակարդակի մասին: Գրադարաններում կարող ես բավարարել նույնիսկ խստապահանջ ընթերցողի հետաքրքրասիրությունը՝ շատ սիմվոլիկ գումար վճարելով անդամակցության համար:

Հաջողացրեցի մոլորվել, երբ աշխատանքից առաջին անգամ մենակ էի վերադառնում տուն: Առաջին պատահած կնոջից հարցրեցի՝ ինչպես գտնեմ մեր փողոցը, իսկ նա, ճանապարհը ցույց տալու փոխարեն, առաջարկեց իր մեքենայով ինձ տուն հասցնել, չնայած ապրում էր քաղաքի մյուս ծայրում:

Ընդհանուր առմամբ լեհերը սրտաբաց եւ ընկերասեր են ու պատրաստ են օգնելու:

Do zobaczenia! Ասել է թե՝ մինչ հանդիպում: