Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-07-2018
«Ով չի կորցնում իր հոգու հեքիաթը, նա կյանքը զարդարող մարդկանց թվին է պատկանում… ». Էլֆիք Զոհրաբյան
«Ես երիտասարդ գրող եմ…» հեղինակային շարքի ներքո ընթերցասեր հանրությանը շարունակում ենք ներկայացնել հայ ժամանակակից գրողներին և նրանց ստեղծագործությունները: Այս անգամ մեր հյուրը արձակագիր, մանկագիր, դրամատուրգ, թարգմանիչ և դերասան Էլֆիք Զոհրաբյանն է:
«Ես երիտասարդ գրող եմ, ով պատկանում է այն սերնդին, որ շրջադարձային ու քաղաքական ամեն ինչից տեսավ քիչ-քիչ: Դա հարստացրեց մեր կենսափորձը, իսկ որքան հարուստ կենսափորձ, այնքան հետաքրքիր...»,- ասում է Էլֆիք Զոհրաբյանը:
 
Ծնվել է Վանաձորում: Հեղինակ է գրականագիտական հոդվածների, պիեսների, հեքիաթների: Այդ աշխատանքները տպագրվել են ինչպես հանրապետական գրական մամուլում` «Դրամատուրգիա», «Գրական թերթ», «Նարցիս», «Գարուն», «Գրեթերթ», «Երկունք», այնպես էլ սփյուռքի մամուլում` ԱՄՆ-ում («Կռունկ» հանդես), Ռուսաստանում («Գործ Արար» հանդես) և Իրանում: 2009-2014 թվականներին նշանակվել է Հայաստանի թատերական գործիչների Լոռու մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար և դրամատիկական ստուդիայի ղեկավար:  Թարգմանել է Վիլյամ Սարոյանի, Օսկար Ուայլդի, Լիա Կարավիայի, Արամ Սարոյանի, Սեմյուել Բեքեթի և այլ գրողների երկեր: Բեմադրվել են հեղինակի «Ա՜խ, այդ Վհուկը» և «Սոխակը»  հեքիաթ-պիեսները,  «Թեթև տարեք» տրագիկոմեդիան: 2012 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է: Իսկ 2017 թվականին նշանակվել է Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնի գրական մասի վարիչ:
 
Էլֆիք Զոհրաբյանը, չնայած մասնագիտական լայն ոլորտների, հանրությանը առավել հայտնի է որպես արձակագիր-մանկագիր, ով հեղինակել է 2017 թվականին լույս տեսած «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գիրքը: Գաղտնիք չէ, որ փոքրիկ ընթերցողներին հասցեագրված ստեղծագործություններ գրելը ենթադրում է մեծ պատասխանատվություն. պետք լինել առավել ուշադիր, նրբանկատ, որպեսզի գրագետ խոսքի միջոցով ասելիքդ համոզիչ դարձնես, և պատանին ընկալի ասվածը: Մանկագիրն է, անխոս, այն մարդը, որը երեխայի մեջ սերմանում է նաև հետաքրքրություն և սեր դեպի ընթերցանությունը, գրականությունը: Իսկ դա արվում է, անշուշտ, իր հեքիաթների և գրական հերոսների միջոցով:


 
Ընթերցողների դրական արձագանքները, հեղինակի հեքիաթների գրքի վաճառքի ծավալները և գրականագետների կարծիքները հիմք են տալիս ասելու, որ Էլֆիք Զոհրաբյանը կարողանում է իրականացնել մանկագրի առաքելությունը. նա և Բյուրեղապակե մարդը սիրված են թե՛ մանուկ ընթերցողների և թե՛ մեծահասակների շրջանում:
 
- Հիշո՞ւմ եք Ձեր առաջին գրական փորձերը: 
 
- Այս հարցն ընթերցողին գուցե ավելի կհետաքրքրի գրողի մահից հետո, երբ նա ուսումնասիրի, թե իր պաշտելի հեղինակը երբվանի՞ց է սկսել գրել ու այդ ո՞նց եղավ, որ գրիչ վերցրեց: Ինչ վերաբերում է ինձ՝ երբ առաջին անգամ տեսա՝ ո՞նց է մի ճանաչված տիկին «ջերմությամբ» խոսում իր «մտերիմ» մարդու հետ, իսկ նրա գնալուց հետո հողին հավասարեցնում նրա մարդկային տեսակը, ցնցում ապրեցի. «ինչպե՞ս կարող է մարդը ժպտալ ու սրիկա լինել...»: 
 
- Ինչո՞ւ որոշեցիք գրել ստեղծագործություններ` հասցեագրված մանուկներին և պատանիներին: 
 
- Հատուկ չեմ որոշում: Ուղղակի ասելիքս նաև հեքիաթի տեսքով է մատուցվում...
 
- Փորձե՞լ եք նոր ժանրում ստեղծագործել: Եթե ոչ, ապա ունե՞ք նման ցանկություն: 
 
- Ինքնաբուխ է գալիս «ժանրը»: Գրում եմ այն ժանրաձևերով, որոնք ինձ մոտ գուցե ստացվում է մի քիչ......


 
- Ո՞րն է սատիրա գրելու ամենամեծ դժվարությունը: 
 
- Լավ գրելը դժվար է, բայց անամոթաբար իմ բոլոր սատիրաները «չեմ մշակում». էքսպրոմտ են, հենց բառ փոխում եմ, տեքստը կորուստ է կրում: Դրա համար լավ տեխնիկա պետք է ունենա էքսպրոմտ գրողը: Իսկ ամենամեծ դժվարությունը սատիրիկի համար դիմանալ «հաշվեհարդարներին»: Ես գրում եմ Պողոսի մասին, Պետրոսն իր վրա է վերցնում, ասում է՝ դու ինձ ես նկատի ունեցել... Է՛, ով իր վրա է վերցնում, ուրեմն ի՛ր մասին է: Օրինակ՝  ինքս ինձ անխնա ծաղրում եմ իմ սատիրաներում: Եվ ճիշտ եմ անում... 
 
- Ի՞նչը Ձեզ ոգեշնչեց, որ գրեցիք «Հոգեվիճակ 13» պատմվածքների և սատիրաների գիրքը: 
 
- Կյանքը: Շատ եմ սիրում կյանքը, շատ-շատ: Մեղմ ասած՝ տխրում եմ, որ հիշում եմ հյուր ենք... «Հոգեվիճակ 13-ը» ծնվեց ուշ: Չշտապեցի, որ գիրքը լավ ճակատագիր ունենա: 
 
- Առաջիկայում ի՞նչ նոր գիրք կներկայացնեք ընթերցողներին: 
 
- Պիեսների գիրքը՝ «Թեթև տարեք» վերնագրով և գրականագիտական՝ «Վ. Սարոյանի  փոքր թատերախաղերը»: 
 
- Վերջերս Գերմանիայում կազմակերպվեց գրական փառատոն-վարպետության դասեր, որտեղ Դուք ներկայացնում էիք Հայաստանը: Ինչպե՞ս ստացաք հրավերը, և ի՞նչ նպատակ էր հետապնդում Ձեր մասնակցությունը:
 
- Պատահական զանգ: Ասացին, որ 2017-ին գրած պիես ուղարկեմ: Բազմաթիվ պիեսների մեջ ընտրվեց իմ հեքիաթ-պիեսը: Դրամատուրգիայի ու կինոդրամատուրգիայի վարպետության դասեր էին: «Ամենաբեմադրված» հեղինակն էի: Ուկրաինա, Բելոռուսիա, Ադրբեջան, Վրաստան և այլ երկրներից երիտասարդ դրամատուրգներ էին եկել, այդ իսկ պատճառով գերմանացիների մոտ ես ՀԱՅԻՆ էի ներկայացնում, հայ արվեստագետին. պատասխանատվությունս առավել քան մեծ էր: Շատ բան տվեց այս ճանապարհորդությունը... Իսկ արվեստը միացրեց բոլորին. ադրբեջանուհին ամենաշատն ինձ հետ էր շփվում և իրեն պահեց բարեկիրթ, որքան էլ որ խարակտերային կերպար էր: Իսկ գերմանացի լրագրողների հետ հանդիպման ժամանակ ավելի շատ երևաց երկիր ներկայացողներից ով ով է... 


 
- «Բյուրեղապակյա մարդը» հեքիաթների ժողովածուն նախատեսված է 7-107 տարեկանների համար: Ո՞րն է ընթերցողների նման մեծ խմբին հետաքրքրելու գաղտնիքը, և ո՞վ է «բյուրեղապակյա մարդը»: 
 
- Հեքիաթն ամենադժվար ժանրերից է: Ով չի կորցնում իր հոգու հեքիաթը, նա կյանքը զարդարող մարդկանց թվին է պատկանում: Իմ հեքիաթները, ինչպես ասում են ընթերցողները, բոլոր տարիքի մարդկանց համար են, բայց պարտադիր 7-ից բարձր: Գաղտնիքների մասին ինքս չեմ կարող ասել, իսկ Բյուրեղապակե Մարդը չար բան չանելու ազդանշան է: Ով չար բան էր անում կամ վատ խոսք ասում, նա փշրվում էր՝ սթափեցնելով մարդուն, իհարկե հետո «վերականգնվում»... Հետո նա բողոքեց, ու բարի կախարդներն այնպես արեցին, որ միայն նրա սիրտը անտես փշրվի նման դեպքերում, որ մարդիկ չծիծաղեն: Այսինքն պետք է զգույշ լինենք, որ դիմացինի սիրտը չփշրենք, գուցե նա հենց Բյուրեղապակե մարդն է:  
 
- Ի՞նչ է նշանակում Ձեզ համար լինել 21-րդ դարում ստեղծագործող հեղինակ: 
 
- Նշանակում է լինել ունիվերսալ, լինել բազմաշերտ, լինել ոչ թե տաղանդավոր, այլ շատ տաղանդավոր: Տեխնիկայի զարգացումից պետք է հետ չընկնել: Իմանալ այսօր ինչ է գրվում, ինչ է խաղացվում թատրոններում, ինչ ֆիլմեր են նկարահանվում, ինչ նորույթ կա նկարչական աշխարհում, ի վերջո, մի քիչ պաթետիկ, բայց դիպուկ՝ դառնաս քո ժամանակի զգացողություն-սիրտը...
 
- Ըստ Ձեզ՝ ո՞ր գրքերը պետք է կարդալ երիտասարդ տարիներին:
 
- Իհարկե երեխան պետք է լիարժեք մանկություն ապրի, հետևապես  նախ պարզ, իսկ պատանեկան շրջանում՝ ավելի խորիմաստ հեքիաթներ, իրենց տարիքին հատուկ՝ արկածային գրականություն, բոլոր ժամանակներում՝ Աստվածաշունչ, ավելի զգացմունքային ընթերցողները՝ սիրային գործեր՝ «Ռոմեո և Ջուլիետ», «Երիտասարդ Վերթերի տառապանքները» և այլն: Երիտասարդ տարիներին ավելի շատ պետք է տալ դասական գրականություն՝ չանտեսելով  ժամանակակիցը: Պետք է երիտասարդ ընթերցողը հասկանա, որ բոլոր մասնագիտությունների և առհասարակ հետաքրքիր մարդ ձևավորվելու համար կարդալն անհրաժեշտ է, բայց ստիպել պետք չէ: Ընթերցելը հաճույքի ժամ պետք է լինի, իսկ որևէ բանում քեզ ստիպելով հաճույք չես ստանա... Կյանքը, վերջին հաշվով, աստվածային հաճույք է...