Նյութը՝ Հայկ Ծատրյանի, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Լուսանկարները՝ www.fifa.com-ից
Տեղադրվել է 11-07-2018
Աշխարհի առաջնության 27-րդ օրը. Ֆրանսիայի հավաքականը կխաղա եզրափակիչում
Չնայած հավասար պայքարում ընթացած Ֆրանսիա – Բելգիա խաղում երկու կողմերին հաղթելու հնարավորություն էր տրված, սակայն Սամուել Ումտիտիի ջանքերով ֆրանսիացիները կարող են երկրորդ անընդմեջ խոշոր մրցաշարում խաղալ եզրափակիչում։

Սանկտ Պետերբուրգի գլխավոր ստադիոնը, որ գտնվում է Կրեստովսկի կղզում հյուրընկալել էր Ֆրանսիայի եւ Բելգիայի հավաքականներին։ Մունդիալի 61-րդ հանդիպումը պետք է վճռեր, թե որ երկրին բախտ կվիճակվի հինգ օր անց խաղալու Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում՝ եզրափակիչ մրցավեճում։

Թե՛ Ֆրանսիայի, թե՛ Բելգիայի հավաքականները բավականաչափ պատրաստված էին եւ խաղին ներկայացել էին նվազագույն կորուստներով։ Որոշակի փոփոխություններ էր կատարել Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը՝ պայմանավորված Թոմա Մենյեի՝ խաղին չմասնակցելու խնդրով (վերջինս երկու դեղին քարտ էր վաստակել եւ ստիպված էր բաց թողնելու անչափ կարեւոր մրցավեճը)։ Իհարկե, բելգիացիների կազմը բավականաչափ համալրված է բարձր կարգ ունեցող ֆուտբոլիստներով եւ անգամ այնպիսի խաղացողը, ինչպիսի Թոմա Մենյեն է, կարելի է փոխարինել համարժեք տարբերակով։

Ֆրանսիայի հավաքականի պարագայում որեւէ կորուստ չկար։ Անսպասելի որոշումներ էլ Դիդյե Դեշանը չէր կատարել՝ խաղադաշտ դուրս բերելով իր տրամադրության տակ առկա լավագույն խաղացողներին։ Սա էր թերեւս պատճառներից մեկը, թե ինչու էր ստադիոնը լեփ-լեցուն. գրեթե 64 հազար երկրպագուներ եկել էին սատարելու իրենց սիրելի ֆուտբոլիստներին։


Առաջին խաղակեսում թե՛ բելգիացիները, թե՛ ֆրանսիացիները կարող էին բացել խաղի հաշիվը եւ առավել հետաքրքիր դարձնել պայքարը։ Չնայած հարձակման գծի խաղացողների բարձրակարգ կատարողներ լինելուց, սակայն պակաս ուժեղ չէին թիմերի դարպասապահները, պաշտպանները։ Վերջիններս էլ կարողանում էին կասեցնել հնարավոր յուրաքանչյուր գրոհ, իսկ եթե չէր ստացվում, բարձունքի վրա էին Տիբո Կուրտուան եւ Հուգո Լյորիսը՝ ամեն պահի օգնության հասնելով։

Երկրորդ խաղակեսում լիովին նույն պատկերն էր։ Թե՛ Բելգիայի, թե՛ Ֆրանսիայի հավաքականները կարող էին բացել հանդիպման հաշիվը, սակայն հաղթում էր առավել զգուշավորությունը։ Խոշոր էր խաղադրույքը. հաղթողը հայտնվելու էր եզրափակիչում, այնպես հավելյալ ռիսկերի գնալ դեռ վաղ էր։ Ամեն ինչ գլխիվայր փոխվեց հանդիպման 51-րդ րոպեին։ Անկյունային հարվածից հետո բոլորից բարձր ցատկեց Սամուել Ումտիտին եւ կարողացավ գնդակն ուղարկել Տիբո Կուրտուայի անառիկ մնացած դարպասը՝ բացելով խաղի հաշիվը։



Խփած գոլից հետո ֆրանսիացիները մտածեցին մրցակցի գրոհները կասեցնելու մասին եւ գրեթե ամբողջ կազմում նահանջեցին սեփական կիսադաշտ։ Բելգիացիներն իրենց հերթին չփորձեցին սեփական շարքերում խուճապ առաջանա, քանի որ առջեւում առնվազն 40 րոպե դեռ կար։ Բայց խաղի ընթացքը ցույց տվեց, որ Ֆրանսիայի հավաքականն առավել պատրաստված էր այսպիսի պաշտպանական խաղ ցուցադրելուն, իսկ Բելգիայի հավաքականին չէին հերիքում մրցակցից ազատ մնացած տարածությունները։

Անգամ Էդեն Ազարի, Կեւին դե Բրյոյնեի եւ Ռոմելու Լուկակուի գործադրած ջանքերը չկարողացան օգնել Բելգիայի հավաքականին խուսափելու պարտությունից։ Երբ ընթանում էր հանդիպման 85-րդ րոպեն, Դիդյե Դեշանը՝ Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը, որոշեց փոխարինումներով մի փոքր գցել խաղի տեմպը եւ ժամանակ շահել։ Վնասվածք ստացած Բլեզ Մատյուիդին եւ Օլիվյե Ժիրուն դուրս եկան խաղադաշտից՝ իրենց տեղը զիջելով պաշտպանական գործողությունների ու մրցակցի գրոհները քանդելու միտված Ստեֆան Նզոնզիին եւ Կորենտեն Տոլիսոյին։



Ի պատասխան ֆրանսիացիների՝ դեպի պաշտպանություն ամրանալուն՝ Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը խաղադաշտ դուրս բերեց Միշի Մատշուայիին։ Վերջինս ակտիվորեն ներգրավվեց խաղին, սակայն ժամանակը բավարար չէր ինչ-որ կերպ հանդիպման ընթացքի վրա ազդելու համար։ Արդյունքում՝ բելգիացիները, պատմության մեջ երկրորդ անգամ հայտնվելով կիսաեզրափակիչ, կրկին պարտվում են։

Ֆրանսիայի հավաքականն իր հերթին երկրորդ անընդմեջ խոշոր մրցաշարում հնարավորություն է ստանում խաղալու եզրափակիչում։ Ամեն ինչ Սամուել Ումտիտիի ջանքերով, եւ պատահական չէ, որ վերջինս էլ դարձավ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Ի դեպ, ուղիղ 20 տարի անց կրկին նոր հնարավորություն է ստեղծվում նվաճելու Աշխարհի գավաթը։ 2006 թ.-ին այդպիսի շանսից օգտվել ֆրանսիացիները չկարողացան...



Հ.Գ.։ Հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում իսկական ֆուտբոլային տոն է սպասվում։ Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Խորվաթիա – Անգլիա դիմակայության հաղթողը։ Այդ հանդիպումը կայանալու է հենց Մոսկվայում եւ «Լուժնիկի» ստադիոնում, այնպես որ հաղթողին կրկնակի հնարավորություն է տրվում խաղալու լեգենդար «Լուժնիկիում», որը միայն վերջերս է վերանորոգվել ու լիովին թարմացվել։