Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-07-2018
«Գանձասար-Կապանը» ֆուտբոլ խաղաց, սակայն պարտվեց «Լեխին»
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայում հյուրընկալվելիս հանդիպում անցկացրեց Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանը»՝ զիջելով Լեհաստանը ներկայացնող մրցակցին։

Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլում հայկական թիմերից մրցակցի հարկի տան խաղով մեկնարկեց միայն «Գանձասար-Կապանը»։ Հայաստանի գավաթակիրը հյուրընկալվել էր «Լեխին» (Պոզնան, Լեհաստան):

Չնայած հայկական թիմի մրցակիցը լավ սկսեց հանդիպումը, սակայն հետագայում «Գանձասար-Կապանին» հաջողվեց թուլացնել մրցակցի ճնշումը։ Ինչ խոսք, արդեն 15-րդ րոպեին լեհական թիմը հաղթում էր 2-0 հաշվով: Գոլերը խփվել էին հինգ րոպեների ընթացքում։ 

Հանդիպման արդեն 10-րդ րոպեին Քրիստիան Գիտկյաերը բացել էր խաղի հաշիվը՝ հիանալի հարվածով գնդակն ուղարկելով հայկական թիմի դարպասը: Ընդամենը 5 րոպե անց էլ Արթուր Յուսպաշյանը սեփական տուգանային հրապարակում խախտել էր կանոնները, իսկ մրցավարը նշանակել էր 11 մետրանոց հարված. այն հստակ էր իրացրել Քրիստիան Գիտկյաերը՝ դառնալով դուբլի հեղինակ:

Առաջին խաղակեսի մնացած րոպեներին եւ 2-րդ խաղակեսի ամբողջ ընթացքում այլեւ դարպասի գրավում չգրանցվեց: Հատկապես երկրորդ խաղակեսի մեկնարկին հայկական թիմին կարող էր մի փոքր ժպտալ ֆուտբոլային բախտը, բայց ֆուտբոլիստների լավ հնարավորության պարագայում էլ անգամ գնդակը չհայտնվեց մրցակցի դարպասում՝ հետ մղվելով ուղղահայաց դարպասաձողից:

«Գանձասար-Կապանի» ամենաիրական գոլային պահը ստեղծվեց մրցավեճի 83-րդ րոպեին. տուգանային հարվածից Գեւորգ Օհանյանի փոխանցումից հետո Գեղամ Հարությունյանը մոտ տարածությունից հարվածեց ուղիղ դարպասապահի վրա:

Արդյունքում՝ ցավալի պարտություն 0-2 հաշվով մրցակցի հարկի տակ։ «Գանձասար-Կապանը» պատասխան հանդիպման շրջանակում «Լեխին» հյուրընկալելու է մեկ շաբաթ հետո՝ հուլիսի 19-ին: