Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 10-07-2018
«Ալաշկերտը» չկարողացավ դիմակայել հզոր մրցակցին«Ալաշկերտը» չկարողացավ դիմակայել հզոր մրցակցին
Չնայած ժամանակ առ ժամանակ թվում էր, թե հնարավոր է շոտլանդական «Սելտիկի» դեմ խաղում անգամ հաղթանակի մասին մտածել, սակայն բարձրակարգ թիմերը օգտագործում են իրենց շանսը։



Հայաստանի չեմպիոն Երեւանի «Ալաշկերտը» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշարի որակավորման 1-ին փուլի առաջին խաղում սեփական հարկի տակ ընդունեց «Սելտիկին»:



Հայտնի շոտլանդական ակումբը Չեմպիոնների լիգայում հայկական ակումբներին երբեւէ բաժին հասած ամենատիտղոսակիր մրցակիցն էր: Միայն հիշելը, որ «Սելտիկը» 49 անգամ դարձել է իր երկրի չեմպիոն, արդեն իսկ կարող է մտահոգել այս ակումբի մրցակիցներին։ Ամենեւին պատահական չէ, որ 1967 թ.-ին «Սելտիկը» հաղթել է նաեւ եվրոպական Չեմպիոնների գավաթի խաղարկությունում:



«Ալաշկերտը» նախկինում արդեն մեկ անգամ հանդիպել է շոտլանդական ակումբի հետ՝ 2015/16 մրցաշրջանի Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում հայկական թիմը 2 հանդիպումների արդյունքում անցել էր «Սենթ Ջոնսթոնին» (1-0, 1-2):



Ի տարբերություն այդ մրցակցի «Սելտիկը» եվրագավաթներին մասնակցելու հսկայական փորձ ունի: Մասնավորապես, Չեմպիոնների գավաթի, ապա նաեւ Չեմպիոնների լիգայի մրցաշարերում «Սելտիկն» անցկացրել է գրեթե 200 հանդիպում:



Հենց փորձի հաշվին էլ շոտլանդական ակումբին հաջողվեց «Հանրապետական» ստադիոնից հեռանալ չափազանց դրական արդյունքով։ Չնայած հանդիպման մեկնարկում «Սելտիկի» կողմից ավելի վտանգավոր էին գրոհները, սակայն դրանք չափազանց ավելի սուր բնույթ չունեին եւ շատ հանգիստ կասեցվում էին «Ալաշկերտի» պաշտպանների կողմից։ Քիչ-քիչ Հայաստանի չեմպիոնը կարողացավ ավելի ակտիվանալ ու փորձում էր արագ հակագրոհել եւ անհանգստացնել «Սելտիկի» պաշտպաններին ու դարպասապահին:



Ու երբ թվում էր, թե առաջին խաղակեսը կավարտվի գոլազուրկ ոչ-ոքի, տեղի ունեցավ ամպրոպ այն էլ անամպ երկնքում։ Մրցավարի կողմից խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին, երբ դեռ ամեն ինչ «Ալաշկերտի» ֆուտբոլիստների վերահսկողության տակ էր, մրցակիցը գնդակ ուղարկեց Հայաստանի չեմպիոնի դարպասը: Գոլի հեղինակ դարձավ Էդուարդ Օդսոնը:



Երկրորդ խաղակեսում եւս հիմնականում գնդակի վերահսկումը եւ գրոհներ կազմակերպումն արվում էր շոտլանդական թիմի կողմից, իսկ «Ալաշկերտը» փորձում էր հակագրոհների միջոցով անհանգստացնել մրցակցին: Անգամ մի քանի վտանգավոր պահ ստեղծվեց «կելտերի» դարպասին։ Հատկապես վտանգավոր ստացվեց Արտակ Եդիգարյանի հեռահար հարվածը, բայց, ավաղ, այս խաղում աչքի ընկնելու հնարավորություն հայկական կողմը չուներ այլեւս։



Հանդիպման 80-րդ րոպեին շոտլանդական թիմը բազմաքայլ գրոհի արդյունքում կրկնապատկեց հաշվի առավելությունը: Գոլի հեղինակը Ջեյմս Ֆորեստն էր՝ թիմի ավագը: Իսկ երբ հանդիպման ավարտին մնացել էր ընդամենը մի քանի րոպե, շոտլանդական թիմը խփեց նաեւ 3-րդ գոլը. 90-րդ րոպեին շեշտակի հարվածով «Ալաշկերտի» դարպասում գնդակը մխրճեց Կալում ՄակԳրեգորը:



«Ալաշկերտ»-«Սելտիկ» հանդիպումից հետո «Հանրապետական» ստադիոնի լուսատախտակին վառվում էր անհույս 0-3 հաշիվ: Մինչդեռ դա ուրախություն էր պատճառել «կելտերի» մի քանի տասնյակի հասնող երկրպագուներին, որոնք աշխարհի տարբեր ծայրերից եկել էին Երեւան, որ տեղում սատարեն իրենց սիրելի թիմին։ «Սելտիկի» մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները մեծ ոգեւորությամբ հանդիպման վերջում մոտեցան եւ շնորհակալություն հայտնեցին իրենց՝ գրեթե 200-ի հասնող երկրպագուներին։



Թիմերի պատասխան հանդիպումը սպասվում է ընդամենը մեկ շաբաթ անց. խաղը կայանալու է հուլիսի 18-ին Շոտլանդիայում: