Նյութը՝ Deem Communications ընկերությունից
Լուսանկարները՝ Deem Communications ընկերությունից
Տեղադրվել է 17-07-2018
Գյումրին կունենա պարի միջազգային կենտրոն
Գյումրու ավերիչ երկրաշարժից 30 տարի անց «Բալետ 2021» հիմնադրամը նախաձեռնում է նոր ծրագիր, որպեսզի խթանի քաղաքի վերակենդանացումը՝ կերպարանափոխելով այն պարի միջազգային կենտրոնի:

«Բալետ 2021» հիմնադրամը Գյումրու սրտում կհիմնի «Խառատյան փորձարարական արվեստի կենտրոն», որի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2019 թ.-ին, իսկ բացումը տեղի կունենա 2021 թ.-ին: «Խառատյան փորձարարական արվեստի կենտրոն, Գյումրի» ծրագիրն  իրականացնում է ՀԲԸՄ-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ՔՀ Կամուրջ ծրագրի շրջանակներում ԵՄ դրամաշնորհի միջոցով։

Որպես կատարողական արվեստի ժամանակակից բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ այն հանդես կգա պարի նոր եւ միջառարկայական մոտեցմամբ եւ կդառնա  բարձր մշակույթի կենտրոն: Ներկայացումների դահլիճը, «Հումանիտար գիտությունների եւ շարժման»  հետազոտական կենտրոնը, պարի ակադեմիան եւ խորեոգրաֆների ծրագրերը կենտրոնի բազմաթիվ կողմերից մի քանիսն են, որոնք ողջ Հայաստանից, ինչպես նաեւ աշխարհի տարբեր երկրներից կգրավեն այցելուների եւ մասնակիցների:

Նախագծի հիմքում Ռուդոլֆ Խառատյանի աշխարհով մեկ հայտնի փիլիսոփայությունն է եւ պարի ուսուցման մեթոդը, որը մեկնաբանում է պարը երեք մակարդակներով՝ ֆիզիկական, մտավոր եւ զգայական: Նախագծի առանցքում բալետի եւ հայկական ինքնության արմատների խորը ուսումնասիրությունն է՝ պարզելու համար ինչպես են դրանք փոխազդում: Գյումրու հարուստ պատմությունը, որպես Հայաստանի մշակութային մայրաքաղաք, կատարյալ համապատասխանում է նոր ստեղծագործական միջավայրի ձեւավորմանը, ինչին օժանդակելու է Խառատյանի կենտրոնը:

Նոր շենքը կկառուցվի երկաթուղային կայարանի հարեւանությամբ` նախկին մշակութային կենտրոնի վայրում: 30 տարի անց ինչ-որ կերպ դեռեւս կանգուն են մնացել շինության քարե պատերը, որոնք  ոգեշնչել են կանադաբնակ հայ ճարտարապետ Ազադ Շիշմանյանին կյանքի կոչել ճարտարապետական իր մտահղացումները՝ մեկտեղելու հինն ու նորը:

«Ճարտարապետական նախագծի հանդեպ մոտեցումները ձեւավորել ենք երեք հարթության վրա։  Առաջինը կատարողական արվեստի կենտրոնի  արդյունավետ գործառնական  մակարդակ ձեւավորելն  է։  Երկրորդը, դրանից  զատ, շինության ավելի լայն դերակատարությունը քաղաքի զարգացման ենթատեքստում դիտարկելն է։ Նախագծի նպատակն  Է վերականգնել  քաղաքի  հենց  այն  հատվածը, որը մոռացության է մատնված եւ  կարող է խարիսխ դառնալ, որը կգրավի մարդկանց քաղաքի առօրյա մշակութային կյանքում։  Երրորդ  մոտեցումը,  որը  պակաս կարեւոր չէ, շինության խորհրդանշական  բովանդակությունն է. այն պետք է ոգեշնչման աղբյուր դառնա»,- մանրամասնում է Ազադ Շիշմանյանը:  Հիմնվելով վերոհիշյալ մոտեցումների վրա՝ ճարտարապետը պետք է իրականացնի սույն հավակնոտ նախագիծը, որը նա գնահատում է՝ իբրեւ Գյումրու տնտեսության եւ հեղինակության բարձրացման կարեւոր խթան:

Ի վերջո, «Խառատյանի փորձարարական  արվեստի կենտրոնը» նպատակ ունի  Հայաստանը եւ Գյումրին աշխարհի  քարտեզի վրա դնել որպես փորձարարական եւ հոգեւոր արվեստի յուրահատուկ նշանակակետ՝ հայ մշակույթը լայնորեն տարածելու եւ նրա հանդեպ ինտելեկտուալ հետաքրքրություն առաջացնելու նպատակով:

«Բալետ 2021»-ը հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է նպաստել Հայաստանում բալետի զարգացմանը։