Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 18-07-2018
Քննարկվել են Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների համակարգման հարցերը
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը հուլիսի 17-ին երկու հանդիպում է ունեցել տեղական և միջազգային ավելի քան 30 կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների առանցքային թեման օգոստոսի 12-ին նշվող Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումների համակարգումն էր։

ՄԱԿ-ի կողմից հաստատված ամենամյա այս տոնը առաջին անգամ նշվել է 2000թ. օգոստոսի 12-ին։ 1995 թ. դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, հաշվի առնելով հասարակության մեջ երիտասարդության կարևորագույն դերը, ընդունում է ոլորտային հիմնարար մի փաստաթուղթ՝ երիտասարդությանն առնչվող գործողությունների համաշխարհային ծրագիրը: Իսկ 1998 թ. օգոստոսի 8-ից 12-ը Լիսաբոնում տեղի ունեցած երիտասարդության հարցերի նախարարների համաշխարհային խորհրդաժողովը՝  կարևորելով երիտասարդության դերը, իր երիտասարդական քաղաքականության ու ծրագրերի մասին հռչակագրում ՝ ի թիվս այլ մտքերի, առաջարկում է օգոստոսի 12-ը հռչակել Երիտասարդության միջազգային օր։

«Արդյունավետ երկու հանդիպումներից բացի՝ եկա հետևյալ եզրակացության։ Կան բազմաթիվ կայացած և շատ հզոր կառույցներ Հայաստանում՝ թե ՛  տեղական և թե ՛  միջազգային, բայց կան նաև կազմակերպություններ, որոնք ՀԿ-ների գոյատևման համար կարողությունների զարգացման պակաս ունեն։ Այդ կազմակերպությունները շատ մոտիվացված են, գործին նվիրված, բայց որակյալ մարդկային ռեսուրսների կարիք ունեն։ Կարծում եմ, որ մարզային համաչափ զարգացման ներքո կարող ենք ու պետք է նախաձեռնենք մարզերում ու հատկապես փոքր համայնքներում գործող կազմակերպությունների կարողությունների զարգացման գործընթացը»,- արդյունավետ երկու հանդիպման մասին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը: 

Նշենք, որ Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումներ կկազմակերպվեն ոչ միայն 2018 թ. երիտասարդական մայրաքաղաք Իջևանում, այլև տարբեր մարզերում՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և մի շարք միջազգային ու տեղական կազմակերպությունների նախաձեռնությամբ: 

Կազմակերպվելիք միջոցառումների մասին կտեղեկացվի առաջիկայում: