Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 20-08-2018
ՀՀ 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթ
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաքի մրցույթ:

Մրցույթի մասնակիցներն են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող եւ քաղաքի կարգավիճակ ունեցող համայնքները:

Մրցութային հայտը (այսուհետ՝ հայտ) քաղաքապետարանի կողմից ներկայացվում է քաղաքում երիտասարդական ոլորտում գործունեություն ծավալող առնվազն երկու հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ: Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել մեկից ոչ ավելի հայտ: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ ճանաչվել երիտասարդական մայրաքաղաք: 

Մրցույթի նպատակներն են՝ 

ա) խթանել Հայաստանի Հանրապետության մարզերի համաչափ զարգացումը, 
բ) զարգացնել երիտասարդական նախաձեռնողականության, երիտասարդական քաղաքականության ոլորտում քաղաքների միջեւ գործընկերային հարաբերություններն ինչպես տեղական եւ հանրապետական, այնպես էլ միջազգային մակարդակում,
գ) խրախուսել Հայաստանի Հանրապետության քաղաքային իշխանություններին՝ տեղական մակարդակում մշակելու երիտասարդական քաղաքականության իրականացման արդիական եւ արդյունավետ մոդել, 
դ) նպաստել մարզերում երիտասարդական կազմակերպությունների եւ ենթակառույցների զարգացմանը: 

Մրցույթն իրականացվում է հետեւյալ փուլերով՝ 

ա) դիմումների ընդունում, 
բ) քվեարկություն կարճ հաղորդագրությամբ (sms), 
գ) hայտերի փորձագիտական գնահատումներ` փորձագիտական հանձնաժողովի կողմից տեղում ուսումնասիրությունների արդյունքում: Հայտերը կազմվում են ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի 2013 թ. մայիսի 23-ի № 121-Ա/1 հրամանի № 3 հավելվածի պահանջներով՝ 2 օրինակից, եւ ներկայացվում են «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտե (այսուհետ՝ Կազմկոմիտե): Հայտին կցվում են քաղաքապետի նամակը մրցույթին մասնակցելու մասին, ինչպես նաեւ աջակցության նամակներ: 

Մրցութային փաթեթը ներառում է՝ 

1) լրացված դիմում-հայտը (№ 3 հավելված), 
2) քաղաքապետի նամակը մրցույթին մասնակցելու մասին՝ ներառելով № 4 հավելվածում ներկայացված անհրաժեշտ կից փաստաթղթերը եւ տեղեկատվությունը, կցելով համապատասխան լուսանկարներ եւ/կամ տեսանյութեր։ 

Հայտում պետք է ընդգրկված լինեն քաղաքի եւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ իրականացվող երեք մակարդակի միկրոծրագրեր` քաղաքային (նախարարության համաֆինանսավորման չափը՝ 300.000 ՀՀ դրամ), մարզային (նախարարության համաֆինանսավորման չափը՝ 500.000 ՀՀ դրամ) (ապահովելով գյուղական համայնքների ներգրավումը) եւ համապետական (նախարարության համաֆինանսավորման չափը՝ 700.000 ՀՀ դրամ) (ապահովելով գյուղական համայնքների ներգրավումը) նշանակության` համաձայն ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի 2013 թ. մայիսի 23-ի № 121 Ա/1 հրամանի № 4 հավելվածում առաջարկվող ցանկի: 

Ծրագրերը պետք է համապատասխանեն ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից սահմանված հետեւյալ առաջնայնություններին՝

1. երիտասարդների շրջանում ակտիվ քաղաքացիության խթանում,
2. երիտասարդության զբաղվածության անհրաժեշտ մեխանիզմների մշակում, ինչպես նաեւ մասնագիտական կրթության եւ ձեռներեցության խրախուսում,
3. երիտասարդական աշխատանքի կայացում եւ երիտասարդական աշխատողների կարողությունների զարգացում,
4. երիտասարդների առողջ ապրելակերպի խթանում, քաղաքացիական պաշտպանություն (արտակարգ իրավիճակներ, ռազմական պատրաստվածություն) եւ առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունների խթանում,
5. տեղական, ազգային եւ միջազգային մակարդակներում երիտասարդական համագործակցության, միջմշակութային երկխոսության եւ երիտասարդների շարժունության խրախուսում,
6. ներառականության խրախուսում՝ մարդու իրավունքների եւ հավասար հնարավորությունների տարածման միջոցով:

Հաստատված ձեւի խախտումներով եւ կազմկոմիտեի կողմից նախանշված ժամկետից ուշ ներկայացված հայտերը չեն դիտարկվում: 

Մրցույթի արդյունքները Կազմկոմիտեի կողմից կամփոփվեն մինչեւ 2018 թվականի նոյեմբերի երրորդ տասնօրյակը փորձագիտական գնահատման եւ կարճ հաղորդագրության (sms) քվեարկության արդյունքների համադրմամբ: Մրցույթի արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում է մրցույթի արդյունքների ամփոփումից հետո` 10 օրվա ընթացքում: 

2019 թվականի երիտասարդական մայրաքաղաք կհռչակվի առավելագույն միավորներ հավաքած քաղաքը: Հավասար միավորների դեպքում թեկնածու քաղաքը քվեարկությամբ որոշվում է Կազմկոմիտեի անդամների կողմից: 

Հայտերն ընդունվում են մինչեւ 2018 թվականի օգոստոսի 27-ը ներառյալ: Դիմումներն անհրաժեշտ է հասցեագրել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քր. Ասատրյանին եւ թղթային տարբերակով ներկայացնել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն (ք. Երեւան, Աբովյան 9, սենյակ 227):