Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 07-08-2018
Ինչպե՞ս են պատրաստվում գորգն ու կարպետը
Eritasard.am-ը շարունակում է բացահայտել ոչ այնքան տարածված մասնագիտությունները: Այս անգամ մեր թղթակից Թամարա Գասպարյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերության գործարան, ծանոթացել գորգի պատրաստման ընթացքինեւաշխատանքի «գաղտնիքներին», եղել գորգերի թանգարանում, հետաքրքիր տեղեկություններ հավաքել արդեն պատմական դարձած նմուշների մասին:

Ամեն ինչ սկսվում է...(աշխատանքին ծանոթացրեց գորգագործ Օֆելյա Ասլանյանը)

Նախնական փուլում արվում է գորգի հենքը: Այնպատրաստվում է՝ դազգահի վրա ձիգ, ուղղահայաց ամրացնելով հիմնականում բամբակյա կամ բրդյա սպիտակ թելեր: Այնուհետեւ պատրաստվում է ասպը, որը գորգի հենքի թելերը բաժանում է 2 մասի: Մինչ գործելու բուն ընթացքին անցնելը շղթա է գործվում, որն ամրացնում է գորգը, թույլ չի տալիս քանդվել (սա արվում է նաեւ գորգը վերջացնելիս):



Ինչո՞վ են գործում…

Գորգը գործվում է հիմնականում բնական եւ բրդյա թելերով: Ներկանյութերը եւս բնական են: Կարմիր գույնը ստանում են տորոնի արմատից, շագանակագույնը՝ ընկույզի կեղեւից, դեղինը՝ անթառամ ծաղկից, Հնդկաստանից էլ ներմուծվում է կապույտի գունանյութը, որըստացվում է ինդիգո քարից: Կանաչը ձեռք է բերվում կապույտի եւ դեղինի միախառնումից:Կան նաեւ մի քանի բաց գույներ, որոնք ստացվում են թթի ծառի թեփից, նռան կեղեւից եւ այլն:



Գործելու ընթացքը…

Գործում են հայկական կրկնակի հանգույցով, որն արվում է հենքի 2 թելերով: Այս եղանակն ապահովում է երկարակեցություն. գորգը կարող է տարիներ, նույնիսկ դարեր պահպանվել (եթե, իհարկե, ցեցերը չանեն իրենց «սեւ գործը»):

Գորգը պատրաստում են քարտեզի օգնությամբ, որի վրա կան փոքրիկ քառակուսիներ, որոնցից յուրաքանչյուրը մի հանգույց է: Գործում են շարքերով՝ ներքեւից դեպի վերեւ:Օգտագործվում է դանակ, որի մի ծայրին կեռիկ է: Կեռիկն օգնում է թելերն անցակցել, իսկ դանակով կտրում են թելը: Յուրաքանչյուր շարքից հետո անցկացնում են միջնաթել (երկու թելերի՝ ասպի միջոցով բացված արանքով), որը երկու հաջորդող շարքերն իրար ամրացնելու համար է, ապահովում է նաեւ խտություն:Այնուհետեւ հատուկ գործիքի՝ կտուտի միջոցով ամրացնում ենք այն: Այս ամենից հետո կտրում են գործված թելերը: Դրա համար նախատեսված մկրատը թելերը կտրում է հատուկ չափով: Հետո գործվում է հաջորդ շարքը, եւ այսպես շարունակ: Գորգի եզրերը եւս ամրացնում են, որ չքանդվի:



Վերջնական մշակման փուլը...

Գորգը գործելուց, դազգահի վրայից հանելուց հետո ուղարկում են վերջնական մշակման: Մարդը չի կարող այնպես կտրել, որ թելի հատիկներ, ավելորդ մազեր չմնան: Դրա համար գործելուց հետոխուզում են հատուկ սարքով, որը հավասարեցնում է թելերը:Սանրի միջոցով էլ հանվում են ավելորդ մազերը: Նաեւ լվանում են: Այս գործընթացը կատարվում է 4-5 անգամ: Այնուհետեւ ամրացնում են հատակին, որ ուղղվեն ծայրերը: Հետեւի կողմին քսում են ծառի խեժ՝ ամրության եւ ցեցերից պաշտպանելու համար:



Աշխատանքի դժվարությունը...

Գորգ գործելը բավական ժամանակատար է: Օֆելյայի խոսքով՝ այս աշխատանքով զբաղվել ցանկացողները պետք է ունենան անսահման համբերություն: Օրինակ՝ 1,5X2մ չափեր ունեցող գորգի պատրաստման համար կարող է պահանջվել 4 ամիս: Օֆելյան նշում է՝ դա տանջալից, բայց հետաքրքիր աշխատանք է:

Գորգագործության մեջ սխալներն անխուսափելի են: Եթե վրիպումն աննշան է եւ մնացել է մի քանի շարք ներքեւում, չեն քանդում եւ ուղղում: Իսկ եթե թերությունը նկատելի է, վերանորոգողները գորգի հետեւի մասից փոխում են հանգույցները: Եթե սխալից հետո շատ շարքեր չեն գործվել, փոքր հատված քանդում են եւ նորից գործում: Սխալները դժվար է լինում գտնել, որովհետեւ մեր գորգերը հիմնականում սիմետրիկ չեն:



Կարպետ գործելը…

Կարպետ գործելն ավելի հեշտ է, քան գորգ գործելը: Այն պակաս ժամանակ է խլում, գործողություններն էլ ավելի քիչ են:Նորից օգտագործվում է քարտեզ, սակայն՝ առանց քառակուսիների:Հենքը նման է գորգի հենքին, բայց չունի ասպ: Ներքեւում եւ վերեւում շղթա է արվում: Գործում են հիմնականում հատուկ ասեղով, թելը հենքի թելերի միջով մեկումեջ անցկացնելով:Ամեն շարքից հետո կտուտով խտացնում են շարքերը:



Գորգի վերանորոգումը...(գործընթացը ներկայացրեց վերանորոգող Գոհար Սահակյանը)

Գորգը վերանորոգում են, երբ մաշվում է, պատռվում, կամ ցեցն է ուտում: Վերականգնողի աշխատանքը բավականին դժվար է, ավելի բարդ, քան գորգագործինը:Վերականգնում են հանգույցը, նախշերը, իսկ երբ վնասվածքը շատ լուրջ է լինում, նորից հենք են անում, հիմքը պատրաստում, անցկացնում միջնաթել եւ հանգույց: Աշխատանքը բարդանում է, երբ ընդհանրապես չի երեւում նախշը. այդ դեպքում գորգի այլ հատվածից նույն նախշը հաշվարկով գործում են նաեւ այդ մասում: Խնդիր է առաջացնում նաեւ տարիներ առաջ կատարված սխալը, երբ նախշ գործելը չի ստացվում, որովհետեւ ի սկզբանե թերություն է ունեցել: Այդ դեպքում վերանորոգողները դիմում են երեւակայությանը: Հին գորգերի պարագայում չկա քարտեզ, ինչը եւս դժվարացնում է աշխատանքը: Նշենք նաեւ, որ ամենաշուտը փչանում է շագանակագույն թելը, որովհետեւ պատրաստված է ընկույզի կեղեւից. յոդը քայքայում է:



Հետաքրքիր փաստեր գորգերի մասին…

Գորգերի թանգարանում պահվում է «Վահան» անունով մի գորգ: Մեջտեղում երեւում է կար: Ցեղասպանության տարիներին մայրը կիսել էր գորգը եւ տվել աղջիկներին՝ իրար հետագայում գտնելու համար: Այդպես էլ լինում է. տարիներ հետո գորգի միջոցով դուստրերն իրար գտնում են:

Աշխարհում ամենահին գորգը՝ պազիրիկը, թվագրվում է Ք. ա. 5-րդ դարով: Գորգի հայկականությունը փաստում են հետեւյալ հանգամանքները. այն գործված է կրկնակի հանգույցով, ներկանյութը ստացել են որդան կարմիրից, իսկ զարդանախշերը կրկնում են Ուրարտական պալատի որմնանկարները: Այժմ գորգն Էրմիտաժում է: