Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ Դավիթ Գրիգորյանից
Տեղադրվել է 02-08-2018
Ռոմելլա Թամարյանը՝ «ՄԻՍՍ ԱՊՀ-2018»-ի 2-րդ վիցե միսս
Հայաստանը «ՄԻՍՍ ԱՊՀ-2018» մրցույթում ներկայացրած մոդել, դերասանուհի Ռոմելլա Թամարյանը միջազգային գեղեցկության ստուգատեսին ճանաչվել է «2-րդ վիցե միսս ԱՊՀ»:

Միջազգային ստուգատեսն այս տարի անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, այն նվիրված է եղել Աստանայի հոբելյանին: Մրցույթին մասնակցել է 18-25 տարեկան 19 գեղեցկուհի Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Վրաստանից, Ուկրաինայից, Ղազասխստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Տատյանա Ակուլենկոն:

Հիշեցնենք, որ «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի եզրափակիչը նախորդ տարի անցկացվել էր Հայաստանում:  «ՄԻՍՍ ԱՊՀ» միջազգային գեղեցկության մրցույթի հիմնադիրն ու կազմակերպիչը մեր հայրենակից «NAIRI TRAVEL» տուրիստական գործակալության տնօրեն Նաիրի Մնացականյանն է։ Նրա խոսքով՝ գեղեցկության մրցույթի եզրափակչին ներկա են գտնվել ԱՄՆ-ի, Չինաստանի, եվրոպական երկրների դեսպաններ, պաշտոնատար անձինք: Ղազախստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունն էլ՝ դեսպան Արա Սահակյանի նախաձեռնությամբ, մրցութային օրերին մասնակիցների համար կազմակերպել էր ընդունելություն:

Ըստ Նաիրի Մնացականյանի՝ միջոցառումն, ընդհանուր առմամբ, շատ լավ է անցել: Իհարկե, նախորդ տարի Հայաստանում կազմակերպված ստուգատեսի մակարդակն ավելի բարձր էր, սակայն ղազախական կողմը փորձել է ամեն ինչ անել հավուր պատշաճի: «ՄԻՍՍ ԱՊՀ 2018»-ի եզրափակչի ժյուրիի կազմում ընդգրկված էին ոլորտի փորձառու մասնագետներ Հայաստանից ու տարբեր երկրներից:

Նաիրի Մնացականյանի խոսքով՝ մրցույթը լայնորեն լուսաբանվել է տարբեր լրատվամիջոցներով: Այս տարի եւս գեղեցկության մրցույթի եզրափակիչը լուսաբանել են հայտնի բլոգերներ, նորաձեւության հայտնի ամսագրերի խմբագիրներ, նորաձեւության քննադատներ, դիզայներներ եւ հայտնի աստղային դեմքեր, ովքեր հատուկ այս միջոցառմանը մասնակցելու համար մեկնել էին Ղազախստան: Բացի բուն մրցույթից, մասնակիցները հնարավորություն են ստացել բացահայտելու Աստանան, այցելել տարբեր մշակութային վայրեր:

Միջազգային գեղեցկության մրցույթի նպատակն է բացահայտել աղջիկների, ովքեր ունակ են պատշաճ եւ բարձր մակարդակով ներկայացնել ԱՊՀ երկրները համաշխարհային նորաձեւության եւ կինոարտադրության ասպարեզներում, հաղթողի համար ապահովել պրոֆեսիոնալ զարգացում եւ մասնագիտական աճ, որին կհաջորդեն հրավերներն աշխարհահռչակ մոդելային տների, տարբեր պրոդյուսերական ընկերությունների եւ կինոարտադրողների կողմից, ինչը «ՄԻՍՍ ԱՊՀ»-ի հաղթողին կընձեռի այդ ոլորտներում առաջնային դերեր զբաղեցնելու հնարավորություն: Մրցույթի նպատակներից է նաեւ ամրապնդել ԱՊՀ երկրների միջեւ միջազգային հարաբերությունները մոդելինգի եւ գեղեցկության ոլորտներում:

Հաջորդ՝ «ՄԻՍՍ ԱՊՀ 2019»-ի եզրափակիչն անցկացվելու է Հայաստանում: