Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 20-08-2018
«Գութան» փառատոնի շրջանակում կներկայացվեն Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը
«Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն այս տարի եւս ինքնատիպ տոն կպարգեւի ազգային երգ ու պարի երկրպագուներին: Այն կանցկացվի օգոստոսի 24-ին, 19:30 Գաֆէսճեան քանդակների պարտեզում:

Փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ եւ նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Փառատոնին այս տարի մասնակցելու են գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար» համույթները:

«Մենք ունենք սկզբունք՝ ամեն տարի փառատոնի յուրաքանչյուր մասնակից խումբ ներկայացնում է ամբողջական Հայաստանի որեւէ տարածքի ֆոլկլորը: Այդպիսով մենք նաեւ հարստացնում ենք տվյալ խմբերի ծրագիրը: Այս տարի եւս երգի-պարի խմբերը ներկայացնելու են Հայաստանի տարբեր շրջանների երգերն ու պարերը»,-նշում է փառատոնի մտահղացման հեղինակ Արսեն Գրիգորյանը (Մրո):

Ընդ որում՝ բոլոր երգերն ու պարերը ներկայացվում են պարտադիր կենդանի նվագակցությամբ, բացառապես կատարվում են մեր ազգային նվագարաններով:

Արդեն 5-րդ տարին անցկացվող փառատոնը հայտնաբերում է նոր խմբերի, որոնք եւս, ինչպես ավանդաբար մասնակցողներն ահռելի աշխատանք են կատարում տարվա ընթացքում, պատրաստվում, որպեսզի ըստ արժանվույն ելույթ ունենան «Գութան»-ի շրջանակում: Բացի խմբերին հայտնաբերելուց, փառատոնն իր առջեւ նպատակ է դրել երեւան հանել ստեղծագործություններ, որոնք մատնված են մոռացության, փրկել դրանք եւ հրամցնել ունկնդրին: Չէ՞ որ այս փառատոնը կրում է հայ ավանդական երաժշտարվեստի, երգարվեստի եւ պարարվեստի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման յուրատեսակ առաքելությունը: Եվ, ըստ կազմակերպիչների, այսօր առավել քան արդիական խնդիր է մեր ազգային մշակույթի պահպանումն ու փոխանցումը սերունդներին:

Նշենք, որ փառատոնն այս տարի տեղի կունենա մեկ ամիս շուտ.կազմակերպիչները հաշվի են առել երկու կարեւոր հանգամանք՝ սեպտեմբերի անկանխատեսելի եղանակային պայմանները և զբոսաշրջիկների ներկայիս մեծ ներհոսքը մեր երկիր: Բացի նրանից, որ հայ մշակույթը ներկայացվում է տեղաբնակներին, այն նաեւ ճանաչելի է դառնում օտարերկրացիներին:

Տեղեկացնենք, որ փառատոնի մեկնարկից առաջ՝ օգոստոսի 22-ից յուրաքանչյուր խումբ Երեւանի որեւէ վարչական շրջանում հանդես է գալու համերգով: Իսկ օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզից (Կասկադ) դեպի Հյուսիսային պողոտա ֆլեշմոբ կկազմակերպվի, որին կմասնակցեն փառատոնի մասնակից երգի ու պարի խմբերը, կներկայացնեն նաեւ գեղարվեստական համարներ:

Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաեւ մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների կյանքին ու գործին վերաբերող ֆիլմեր՝ արժեւորելով նրանց ծավալած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը: Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի «Գութան»-ը կանցկացվի նաեւ Արցախում:

«Գութան» ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից: