Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 11-09-2018
Քըրք Քըրքորյանի մասին «Խաղացողը» գիրքը ներկայացվեց Երեւանում
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը #ՔըրքԱրշավի շրջանակում սեպտեմբերի 10-ին Երեւանի «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնի Քըրք Քըրքորյանի անվան դահլիճում անցկացրեց ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի Ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» գրքի շնորհանդեսը:

Ամերիկայի Միացյալ Նահանգներում լույս տեսած եւ արդեն իսկ բեսթսելեր դարձած գրքի հեղինակը Ուիլյամ Չ. Ռեմփելն է: Գիրքը հայ ընթերցողին է ներկայացվում «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ: Գրքի թարգմանիչներն են Ալինա եւ Աննա Միրզոյանները: Այն արդեն ներկայացվել է Գյումրիում, Վանաձորում, Կապանում:



«Խաղացողը. թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին: Այն ներկայացնում է Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ եւ սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ցնցոտիներից մինչեւ հարուստ կյանքի հասնելու պատմությունը: 



Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար եւ գործարար աշխարհի հսկաներից, ով, վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է 2-րդ աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը եւ գործարքների անզուգական հանճարը: Թեեւ նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որեւէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը:



Այս հափշտակող կենսագրականի մեջ հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելը, խորամուխ լինելով Քըրքորյանի՝ երկար ժամանակ գաղտնի պահված կյանքի պատմության մեջ, ներկայացնում է հակասություններով լի մի մարդու՝ թերի կրթությամբ, սակայն գործարքների հանճարեղ վարպետի, անչափ ամաչկոտ մի մարդու, ով ամենահամարձակ ու հանդուգն բիզնես նախաձեռնությունների հեղինակ էր, զգուշավոր եւ ամեն ինչ մանրամասն հաշվարկող ներդրողի, ով պատրաստ էր ամեն ինչ դնել խաղասեղանին: «Խաղացողը» լույս է սփռում ամեն ինչին ինքնուրույն հասած այդ սակավաճանաչ ձեռնարկատիրոջ ոգեշնչող պատմության վրա:



Գրքի թարգմանիչ Աննա Միրզոյանը նշում է, որ գրքի թարգմանությանը միայն որպես թարգմանություն չի նայել. դա դիտարկել է որպես մի հրաշալի ու հետաքրքիր կյանքի պատմություն: Աննա Միրզոյանը փաստեց, որ գիրքը կհետաքրքրի ընթերցողների լայն շրջանակի՝ հավելելով, որ Քըրքորյանը հայտնի էր ոչ միայն Հայաստանում եւ ԱՄՆ-ում, այլեւ այդ երկրների սահմաններից դուրս:



Մյուս թարգմանիչ Ալինա Միրզոյանը վստահ է՝ «Խաղացողը» գիրքը մեծ արժեք ունի, եւ այն պետք է ներկայացվեր հայ ընթերցողին. «Այս գիրքը կարդալով՝ ընթերցողը նոր բացահայտումներ կանի: Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ Քըրքորյանը շատ ներամփոփ մարդ էր: Կարծում եմ, որ շատ հետաքրքիր կլինի կարդալ այս գիրքը»: 



Նշենք, որ գիրքը թարգմանվելու է նաեւ ռուսերեն: