Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-09-2018
Ցուցահանդես՝ ՀՀ անկախության հռչակման 27-ամյակին նվիրված
Թումանյանի այգում սեպտեմբերի 21-ին «Youth Opportunities NGO»-ն կազմակերպել էր ազատ թեմայով նկարների ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության հռչակման 27-ամյակին:
Ցուցահանդեսին ներկայացված էին մոտ 60 աշխատանքներ, որոնք ընտրվել էին 200 աշխատանքներից: 
 
«Երիտասարդների հնարավորությունների ակումբ» ՀԿ-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Տիգրան Ավագյանը, Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով ցուցահանդեսի մասին, նշեց, որ, երբ կազմակերպությունը ստեղծվել է, շուրջ 9 ամիս կրթական ոլորտում աշխատանքներ են տարվել երիտասարդների հետ: Այդ աշխատանքները մեծ ոգեւորություն են առաջացրել, եւ մշակութային բաժնի պատասխանատու Լիլիթ Ավետիսյանը հանդես է եկել հետաքրքրիր առաջարկով. այն է՝ երիտասարդ նկարիչներին ինքնադրսեւորվելու հնարավորություն տալ: 
 
Հուլիս ամսից կազմակերպությունը սկսել է ակտիվ աշխատանքներ տանել ցուցահանդեսը կազմակերպելու ուղղությամբ: 
 
«Սկզբում որոշեցինք ցուցահանդեսն անցկացնել օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը, սակայն հետո հասկացանք, որ պետք է այնպիսի օր ընտրել, որը խորհրդանշական եւ կարեւոր կլինի մեզ համար: Ի վերջո, ընտրվեց սեպտեմբերի 21-ը»,- նշեց Տիգրան Ավագյանը: 
 
Խոսելով մրցանակների մասին՝ նա նշեց, որ մրցանակները տարբեր են եւ յուրահատուկ. «Նախատեսված է 3 մրցանակ: Առաջիկայում ունենք նախագիծ՝ անգլերենի անվճար դասընթացներ կազմակերպելու հետ կապված: Երիտասարդները դիմելու եւ ընտրվելու դեպքում դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան: Մրցանակներից մեկը 2019 թ. այցելություն է զորամաս: Մյուս մրցանակն էլ միջազգային հարթակ դուրս գալու հնարավորություն կտա: Անձամբ ես պատրաստ եմ սատարել այդ մասնակցին»: 
 
«Youth Opportunities NGO»-ի մշակութային բաժնի ղեկավար Լիլիթ Ավետիսյանը մեզ հետ զրույցում անկեղծացավ՝ նշելով, որ 200 նկարից 60 նկար ընտրելը բավականին պատասխանատու աշխատանք է: Հաշվի են առնվել մի շարք գործոններ՝ տեխնիկան, օգտագործված նյութերը, գունային գամման, նկարի ընդհանուր աշխատանքային բնույթը, ծավալը, իմաստը: 
 
«Մեր երիտասարդներն իսկապես շատ տաղանդավոր են, ունեն մեծ ներուժ: Նրանց ներուժն անկասկած գերազանց գնահատականի է արժանի: Բոլոր աշխատանքներն էլ յուրահատուկ են, առանձնացող, իսկ ամենակարեւորն այն է, որ փոխանցում են մեր երիտասարդների պայծառ ու դրական հոգեվիճակը: Ես կարող եմ վստահորեն ասել, որ միայն դրական զգացողություններ եմ ունեցել ընտրելու գործընթացն իրականացնելու ժամանակ»,- նշեց Լիլիթ Ավետիսյանը եւ հավելեց, որ սպասվում է նաեւ երկրորդ փուլ, ինչի մասին կարելի է տեղեկանալ կազմակերպության ֆեյսբուքյան էջի միջոցով: 
 
Կարապետյան Թամարան, ով ակումբի գլխավոր քարտուղարն է, զբաղվել է ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքներով: Նրա խոսքով՝ նմանօրինակ միջոցառումներն ու ցուցահանդեսները շատ կարեւոր են երիտասարդների ինքնադրսեւորման համար. «Շատ տաղանդավոր երիտասարդներ, կարելի է ասել, ստվերում են մնում, իսկ մեր խնդիրը նրանց բացահայտելն է եւ ներկայացնելը: Նկարիչները մեր օրերում շատ հազվադեպ են կարճ ժամանակահատվածում հայտնի դառնում, իսկ սա շատ լավ միջոց է, որպեսզի հասարակությունն իրազեկվի եւ ճանաչի տաղանդավոր երիտասարդներին»: 
 
Նշենք, որ կազմակերպությունը նպատակ ունի հոկտեմբերի 15-ից հետո այս ծրագրով ներկայանալ նաեւ Գյումրիում: Ներկա պահին աշխատանքներ են տարվում ցուցահանդեսի տարածքի ընտրման ուղղությամբ: Մյուս տարի էլ կփորձեն ծրագիրն իրականացնել մարզերում եւս: 

Պատկերասրահ՝ ՀՀ անկախության հռչակման 27-ամյակին նվիրված ցուցահանդես