Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 25-09-2018
Զինվորների ժպիտներն ու զգացմունքները՝ մեկ ցուցահանդեսում
Սեպտեմբերի 24-ին «Նարեկացի» արվեստի միությունում բացվել է «Հայրենիքն սկսվում է սահմանից» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:
Ներկայացված են լուսանկարիչներ Էլեն Գասպարյանի, Իննա Թումանյանի, Լիանա Բրյանի, Նարե Շահինյանի՝ սահմանին, տարբեր զորամասերում արված լուսանկարները:

Զինվորի ժպիտ, ուրախություն, տխրություն, հուզմունք, կարոտ… Ամեն ինչ կարելի է գտնել զորամասից, զինվորից քաղված այդ լուսանկարներում, տեսնել անտեսանելին, չնշմարվողը:

Նարե Շահինյանի համար կարեւոր են ամենապատահական կադրերը, որոնք արվել են զորամասերում, խրամատներում. «Կարեւոր են,  երբ որսում ես զինվորի անկեղծ հայացքը, աչքերի արտահայտությունը, զգացմունքները: Պահ է եղել, որ թաքնված եմ նկարել, որպեսզի հայացքները կարողանամ ֆիքսել. այն, ինչ որ կա նրանց հոգում, էության մեջ, պատահական հայացքների միջոցով եմ գտնում: Նկարներս պայքարի, բարության, տխրության, կարոտի մասին են»:

Նարեն պատմում է, որ շատ է սիրում զինվորների դեմքեր նկարել, քանի որ պատկերացնում է ծնողների ուրախությունը, երբ հանկարծ նկարների մեջ իրենց որդուն գտնեն. «Երբ ծնողները պատահական տեսնում են, շատ են ուրախանում, ես էլ դրանից մեծ հուզմունք եմ ապրում: Մի անգամ ծնողներից մեկն ասում էր՝ կարծես որդուս տուն բերած լինես»:

Նշենք, որ միջոցառումն իրականացվում է «Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: 

ՀԿ-ի նախագահ Դավիթ Թորոսյանը փաստում է՝ ցուցահանդեսի նպատակն է զինվորական կյանքից ցույց տալ այն, ինչ մնում է հասարակության աչքից հեռու. «Միշտ զոհերի, վիրավորների մասին բացասական տեղեկատվություն է հասնում հանրությանը, իսկ զինվորների ամենօրյա ժպիտներն ու զգացմունքները դուրս են մնում մարդկանց ուշադրությունից»: 

Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 29-ը:

Պատկերասրահ՝ «Հայրենիքն սկսվում է սահմանից» խորագիրով ցուցահանդեսը