Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 25-09-2018
Ինչպես գրել գիտական հոդված
Մեզնից յուրաքանչյուրն ամեն օր տարբեր պարբերականների միջոցով տեղեկություններ է ստանում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Եվ շատ հաճախ մեր ընթերցածը մենք բնորոշում ենք որպես հոդված, անգամ՝ ֆեյսբուքյան գրառումը: Սակայն հոդված ասվածն այլ է, առավել եւս՝ գիտական հոդվածը: Ցանկացած գիտական հոդված՝ սկսած գաղափարից մինչեւ ավարտ, ունի յուրահատուկ գրելաոճ եւ մոտեցում: 
 
Գիտականորեն ուսումնասիրել նշանակում է որոնողական աշխատանք, գիտական կանխատեսում իրականացնել՝ հիմնավորմամբ, ինչպես նաեւ կշռադատված հաշվարկել, լինել գիտականորեն օբյեկտիվ:  
 
Գիտական հետազոտությամբ բավարար չէ միայն հաստատել գիտական նոր փաստ, այլ կարեւոր է դրան տալ գիտական բացատրություն, ցույց տալ դրա ճանաչողական, տեսական կամ գործնական նշանակությունը: Գիտականորեն ուսումնասիրելը նշանակում է պատճառական կապեր փնտրել, գտնել ուսումնասիրվող երեւույթների, փաստերի եւ իրադարձությունների միջեւ:
 
Գիտական հետազոտությունների ուղղությունները
 
Ժամանակակից գիտական հետազոտություններն իրականացվում են 3 հիմնական ուղղությամբ.
1. Ֆունդամենտալ (արմատական) գիտական հետազոտություններ. իրականացվում է խորը եւ բազմակողմանի հետազոտություն,
2. Կիրառական գիտական հետազոտություններ. օգտագործում են ֆունդամենտալ գիտության ձեռքբերումները՝ գործնական հարցերին լուծում տալու համար, 
3. Գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական մշակումներ. գիտությունը միանում է արտադրությանը՝ դրանով ապահովելով այդ նախագծերի ինչպես գիտական, այնպես էլ տեխնիկական եւ ինժեներական մշակումները։ 
 
Գիտական հոդված գրելու համար կարեւոր է պահպանել մի շարք կանոններ, այսպես ասած, գիտական հոդվածի բանաձեւը. հետազոտության արդիականության ձեւակերպում, նպատակ, վարկած ու դրանցից բխող խնդիրներ: Սրանք այն հիմնական եւ կարեւոր քայլերն են, որոնք շղթայական պետք է կիրառել գիտական հոդված գրելու ժամանակ: 
 
Ընթացիկ աշխատանքների ժամանակ շատ կարեւոր են աղբյուրներից ճիշտ օգտվելն ու հեղինակային իրավունքի պահպանումը, քանի որ դրանք փաստում են ձեր գրագետ աշխատելու մասին:  
 
Իրականացված վերլուծությունները հավելյալ ստուգման կարիք կունենան, ինչից չպետք է խուսափել: Ձեր աշխատանքն առավել մատչելի դարձնելու համար լավ կլինի տեքստը համեմել տեղեկատվություն պարունակող պատկերներով, դիագրամներով, ինֆոգրաֆիկաներով, աղյուսակներով: 
 
Աշխատանքի թերեւս ամենակարեւոր հատվածը վերջաբանն է, որն ամփոփում է ձեր կատարած ամբողջ աշխատանքը: Վերջաբանն ինքնին պետք է իրենից ներկայացնի ձեր առաջ քաշած փաստարկների ու փաստերի եզրակացությունները: Դրանք ձեւավորվում են ստացված արդյունքների հիման վրա: Ընդ որում՝ շատ կարեւոր է, որ դրանք շարադրված լինեն թեզերով՝ ունենալով հիմնավորում: 
 
Մասնագետները խորհուրդ են տալիս նաեւ խուսափել ավելորդ բառերից, արտահայտություններից,  հատկապես եթե դրանք պարունակում են հուզականություն: Հուզական խոսքերի կիրառությունը գիտական հոդվածների համար չէ: Գիտական հոդվածը պետք է շարադրված լինի հստակ, հասկանալի, մատչելի եւ դիպուկ: 
 
Հայաստանում գիտական հոդվածներ հրապարակվում են տարբեր պարբերականներում՝ «Գիտական հոդվածների ժողովածու», «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» եւ այլն: 
 
Վերջին շրջանում շատ են հատկապես երիտասարդ հեղինակները, ովքեր իրենց ուսումը շարունակում են ասպիրանտուրայում: Ուսումնառության ընթացքում երիտասարդ  հեղինակները դառնում են մինչեւ 10 եւ ավելի գիտական հոդվածի հեղինակ՝ այդպիսով հարստացնելով գիտական հետազոտությունների շտեմարանը: 
 
Օգտագործված աղբյուրներ՝ https://goo.gl/Yez8QShttps://goo.gl/cbXwAahttps://goo.gl/cx6Yg5: