Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 13-10-2018
Նոր ղեկավարությամբ, բայց հին ֆուտբոլիստներով խաղ ընդդեմ ֆուտբոլային գաճաճի
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակում կհանդիպի ՖԻՖԱ-ի վարկանիշով 198-րդ հորիզոնականում գտնվող Ջիբրալթարի հավաքականին։
Սեպտեմբերին ամբողջությամբ փոխվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը, այն խիստ կարեւոր մարմինը, որը նախկինում «տարըմբռնելի» հարցեր էր լուծում։ Սա փոփոխություն բերեց ՀՖՖ նախագահի հարցում. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահ։
 
Առաջին ու ամենակարեւոր հարցերից մեկը, որը պետք է հնարավորինս արագ կայացներ ՀՖՖ նոր ղեկավարությունը, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի նշանակումն էր, քանի որ մինչեւ ՀՖՖ ղեկավարության սպասվող փոփոխությունն «անակնկալ» հրաժարական ներկայացրեց Հայաստանի հավաքականի պատմության ամենահաջող փուլի վառ ներկայացուցիչ Վարդան Մինասյանը, որին ամռանը երկրորդ անգամ էր վստահվել ազգային հավաքականի ղեկը։ Հոկտեմբերի 7-ին արտասահմանցի եւ տեղացի մասնագետների հետ բանակցություններ վարելուց հետո ՀՖՖ ղեկավարությունը հանրայնացրեց որոշումը. Հայաստանի հավաքականի գլխավորելու ղեկը վստահվեց Արմեն Գյուլբուդաղյանցին։
 
Հաջորդ կարեւոր խնդիրը Հայաստանի ազգային հավաքականի «արժանապատիվ ելույթ ունենալն» էր։ Ահա այն պահանջը, որ ներկայացվել էր Արմեն Գյուլբուդաղյանցին ու նրա մարզչական թիմին։ Մարզչական նշանակումից ուղիղ 5 օր անց՝ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակում Երեւանում կայանալիք Հայաստան-Ջիբրալթար հանդիպման նախախաղային մամուլի ասուլիսին Արմեն Գյուլբուդաղյանցը հստակեցրեց, թե ինչ ասել է «արժանապատիվ խաղ». «Մեր երիտասարդական հավաքականի հանդիպումը (խմբ. Մ21 տարեկանների հավաքականի մասին է) Մակեդոնիայի հասակակիցների հետ հանդիպումը դիտե՞լ եք։ Այն արդյո՞ք արժանապատիվ չէր, երբ թիմը 1-3 պարտվելիս կարողացավ 3-3 արդյունք գրանցել։ Ես վստահ եմ, որ տղաները դուրս են գալու խաղադաշտ, ցուցադրելու են արժանապատիվ խաղ եւ հասնելու են դրական արդյունքի»։
 
Հաշվի առնելով հանգամանքը, որ Ջիբրալթարի հավաքականը, ամենայն հավանականությամբ, կխաղա հիմնականում հակագրոհների մարտավարությամբ, Հայաստանի հավաքականը տնային խաղում կարող է խնդիրներ ունենալ պաշտպանությունում։ Հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը վստահ է, որ թիմի պաշտպանները պատրաստ են չեզոքացնելու մրցակցի հակագրոհը, եթե խաղային այդպիսի իրավիճակ կստեղծվի. «Թիմը պատրաստ է։ Մենք մի քանի օր արդեն լավ մարզվել ենք, պատրաստ ենք խաղին»։
 
Հայաստանի հավաքականի հետ խաղին պատրաստ է նաեւ Ջիբրալթարի հավաքականը։ Թեեւ այս խաղին չեն մասնակցի ջիբրալթարցիներից երկու առանցքային ֆուտբոլիստ՝ վնասվածքի եւ առկա որակազրկման պատճառով, սակայն Հայաստանի հավաքականի հանդեպ խաղը կկառուցվի մյուս ֆուտբոլիստների շուրջ. «Տեղյակ ենք, թե Հայաստանի հավաքականը ինչպիսի բարձրակարգ թիմ է, այստեղ կան որակյալ ֆուտբոլիստներ, որոնք հանդես են գալիս աշխարհի լավագույն լիգաներում։ Մենք պատրաստ ենք դիմակայելու Հայաստանի հավաքականին։ Եթե գնդակը լինի մեզ մոտ, ապա կփորձենք հարձակվել, եթե մրցակցի մոտ կլինի, ապա ստիպված ենք պաշտպանվել»։
 
Հայաստանի ազգային հավաքականն առաջին անգամ է մրցելու Ջիբրալթարի ազգային ընտրանու հետ։ Մինչեւ այս պահը ջիբրալթարցիների հետ հանդիպում էր եղել միայն երիտասարդական թիմի մակարդակով։ Չնայած Հայաստանի հավաքականը մեկ ամիս առաջ դժգույն խաղ էր ցուցադրում, բայց կարողացել է տեսական հնարավորություններ պահպանել Ազգերի լիգայում հաջողության հասնելու եւ «ԵՎՐՈ-2020»-ին մասնակցելու համար։ Անհրաժեշտ է հաղթել հոկտեմբերի 13-ին եւ 16-ին կայանալիք խաղերում, համապատասխանաբար Ջիբրալթարի եւ Մակեդոնիայի ազգային հավաքականներին։ Միայն հաղթանակները հնարավորություն կտան մտածելու 2020թ. Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատվածում հանդես գալու մասին։
 
Ի դեպ, ՀՖՖ նոր ղեկավարությունը զգալիորեն վերանայել է Հայաստանի ազգային հավաքականի մասնակցությամբ խաղերի տոմսերի գները։ Օրինակ, մատչելի տոմսերը կարելի է գնել ընդամենը 1000 ՀՀ դրամ վճարելով, մինչդեռ ամիսներ առաջ տնային հանդիպումների մատչելի տոմսերի գինը 3000 ՀՀ դրամ էր։ Վերանայվել է նաեւ այլ կատեգորիաներում տոմսերի գինը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայաստան-Ջիբրալթար հանդիպմանը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում երկրպագուի պակաս չի լինի, ինչպիսին նկատելի էր վերջին տնային խաղերում։
 
Հ.Գ.։ Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը կկայանա ժամը 20:00-ին։ Հայաստանի ազգային թիմի մրցակիցը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակի հետնապահներից է. զբաղեցնում է 198-րդ տեղը։ Այս հանդիպումը կարող է դրական տրամադրություն ապահովել արդեն հոկտեմբերի 16-ին սպասվող Հայաստան-Մակեդոնիա հանդիպման համար, միայն թե պետք է ամեն գնով հաղթել մրցակցին, չնայած ՀՖՖ ղեկավարությունը հաղթանակների պահանջ չի դրել մարզչական շտաբի առաջ՝ «պետք է արժանապատիվ խաղ ցուցադրել»....