Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ ՀՖՖ-ի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 14-10-2018
Հայկական ֆուտբոլ կամ Դանայան տակառ. հատակը տեսանելի չէ
Ջիբրալթարի հավաքականը պատմության առաջին հաղթանակը տոնեց պաշտոնական խաղում՝ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում նվազագույն հաշվով հաղթելով իրենց մարզչի խոսքով՝ «բարձրակարգ ու լավ» ֆուտբոլիստներով համալրված Հայաստանի ազգային հավաքականին։
ՈՒԵՖԱ-ին անդամակցելուց հետո Ջիբրալթարի ազգային հավաքականը մասնակցել էր 22 խաղի եւ այդպես էլ չէր կարողացել միավոր վաստակել՝ պարտվելով բոլոր պաշտոնական խաղերում։ Սա առավելապես պատմական է դարձնում Երեւանում հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականի նկատմամբ տոնած արտագնա հաղթանակը, որի արդյունքում ջիբրալթարցիները կարողացան ուրախացնել ու երջանկացնել «Հանրապետական» ստադիոն եկած իրենց փոքրաթիվ հայրենակիցներին։
 
Արմեն Գյուլբուդաղյանի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղն անցկացնող Հայաստանի ազգային հավաքականում խաղային ձեռագրի փոփոխություն, մեծ հաշվով, նկատելի չէր, եթե այս հանդիպումը համեմատենք մեկ ամիս առաջ Երեւանում կայացած Հայաստան-Լիխտենշտեյն խաղի հետ. թիմերից մեկը փորձում էր գրոհել, սակայն չէր կարողանում, մյուսը՝ պաշտպանվում էր շատ ավելի գրագետ, քան կարելի էր ակնկալել ֆուտբոլային գաճաճ համարվողից։ Արդյունքում բարդ իրավիճակ է ստեղծվում, երբ պաշտպանվող թիմը կարողանում է արդյունքի հասնել։
 
Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականը, որի հարձակման գծում հանդես գալու շանս էր ստացել Յուրա Մովսիսյանը, ստեղծեց գոլային պահեր, սակայն դրանք օգտագործելու համար նաեւ վարպետություն է պետք, իսկ այդ վարպետությունը, կարծես, Հայաստանի հավաքականի կազմում միայն երկու-երեք ֆուտբոլիստի մոտ է առկա։ Վարպետներից մեկը՝ Մարկոս Պիզելլին, չէր խաղում հանդիպման առաջին րոպեներից եւ փոխարինման դուրս եկավ միայն երկրորդ խաղակեսում։ Մեկ այլ վարպետ՝ թիմի ավագ Հենրիկ Մխիթարյանը զբաղված էր ավելի շատ գրոհներ կազմակերպելու մասին մտածելով, քան թե գրոհներ կազմակերպելով....
 
Տիգրան Բարսեղյան, Գեւորգ Ղազարյան, Յուրա Մովսիսյան... Նրանք պատասխանատու էին հարձակմանը սրություն հաղորդելու եւ գոլեր խփելու համար, սակայն այդ հարցում էլ Հայաստանի հավաքականի բախտը չբերեց, քանի որ 1-ին խաղակեսում ամենանպաստավոր պահն ունեցավ ամենահաս պաշտպան Կամո Հովհաննիսյանը։ Իհարկե, նպաստավոր պահից օգտվելու շանսեր ունեցան նաեւ մյուսները, սակայն Ջիբրալթարի հավաքականի պաշտպանները եւ այս խաղում ամենակարող դարպասապահն արժանապատիվ կերպով հետ էին մղում մրցակցի գրոհները, հարվածները եւ չեզոքացնում էին հարձակվողական գործողությունները։
 
2-րդ խաղակեսից անցել էր 5 րոպե, երբ Հրայր Մկոյանը հերթական անգամ ցուցադրեց, որ չնայած փորձառություն ունի, սակայն նախորդ սխալներից դասեր քաղելու փոխարեն մշտապես նորերն է գործում։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպանը խախտեց խաղի կանոնները մրցակցի ֆուտբոլիստի՝ Լի Կասսիարոյի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում, եւ մրցավարն առանց հապաղելու ցույց տվեց 11-մետրանոց նշակետը։ Հարվածելու պատասխանատվությունն իր վրա վերցրեց Ջոզեֆ Չիպոլինան. հարվածն անվրեպ էր, իսկ Արամ Հայրապետյանը ստիպված էր գնդակը հանել սեփական դարպասից։
 
Մինչեւ հանդիպման ավարտը կար 40 րոպե, երեւի սա էր պատճառը, որ Արթուր Սարկիսովը եւ Սարգիս Ադամյանը խաղադաշտ դուրս եկան ավելի ուշ՝ փոխարինելով Տիգրան Բարսեղյանին եւ Յուրա Մովսիսյանին։ Հատկապես Յուրա Մովսիսյանի փոխարինումը բավականաչափ ուշացած էր, քանի որ նկատելի էր արդեն առաջին խաղակեսի վերջում, որ ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակը լավագույնից բավականաչափ հեռու է։
 
Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականի առաջատարի դերը ստանձնեց փոխարինման մտած Մարկոս Պիզելլին։ «8 համարը» հիմնականում փորձում էր հեռահար հարվածներով ինչ-որ բան փոխել խաղում, որը այդպես էլ չկար, տեսանելի չէր ու արժանապատիվ արդյունք չէր բերելու։ Հենրիկ Մխիթարյանը եւս մի քանի դրվագներում փորձեց հեռվից սպառնալ մրցակցին, սակայն այս հանդիպման հերոսը Ջիբրալթարի հավաքականի 33-ամյա դարպասապահն էր։
 
Անգամ հանդիպման հիմնական ժամանակին մրցավարի կողմից ավելացված 5 րոպեները որեւէ կերպ չօգնեցին Հայաստանի հավաքականին։ Արդյունքն էլ այնպես ստացվեց, որ երկրպագուների նյարդերը տեղի տվեցին. խաղադաշտ նետվեցին պլատիկե շշեր, շատերն էլ վանկարկում էին՝ ամո՜թ, ամո՜թ, ամո՜թ.... Ինչեւէ, արձանագրվեց տնային պարտություն՝ 0-1 հաշվով։
 
Հանդիպման ավարտից հետո խառը գոտում հայտնված ֆուտբոլիստներից շատերն ասելիք չունեին եւ շտապում էին հեռանալ առանց խոսքերի։ Հենրիկ Մխիթարյանն առաջիններից մեկն էր, որը շատ արագ կերպով հեռացավ՝ առանց սպասելու թիմային ավտոբուսին։ Երկրպագուներից ցուցադրած խաղի համար ներողություն էին խնդրում Մարկոս Պիզելլին, Վարազդատ Հարոյանը, ինչպես նաեւ գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, որը Ջիբրալթարի հավաքականի հետ հանդիպումից հետո պարտությունը բնորոշեց դաժան ու ամոթանքի արժանի։
 
Ընդամենը երեք օր անց՝ հոկտեմբերի 16-ին կայանալիք Հայաստան-Մակեդոնիա խաղն այլեւս ոչ մի իրատեսական հնարավորության մասին չէ։ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի՝ դեռ ամռանն ունեցած ակնկալիքները խորտակվեցին։ Մրցաշարը կարծես վերաիմաստավորման նոր խթանիչի կարիք ունի Հայաստանի հավաքականի համար, այլապես անգամ մոտակա խաղում Մակեդոնիայի ընտրանուն հաղթելը հնարավորությունների մասին միայն տեսական շանսեր է թողնելու։
 
Ի դեպ, Մակեդոնիայի հավաքականը Երեւան գալուց առաջ կարողացավ 4-1 հաշվով հաղթել Լիխտենշտեյնի հավաքականին եւ երեք խաղից հետո ունի 100 տոկոսանոց արդյունք։ Այդպիսին մրցակցին հաղթելն արդեն իսկ ուրախանալու առիթ կդառնա, չէ՞ որ Հայաստանի հավաքականի համար ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 198-րդ տեղում գտնվողին թիմին տնային խաղում պարտվելը եւ Ջիբրալթարի ֆուտբոլային պատմության մեջ առաջին անգամ միավոր պարգեւելը Հայաստանի հավաքականի պատմության հատակը չէ, թե՞ հայկական ֆուտբոլն այժմ վերածվել է Դանայան տակառի՝ հատակ գոյություն չունի, մինչդեռ հետընթացը շարունակական է։