Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-10-2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կտուգանվի, սակայն մեղավորները չեն պատժվի
Երկրպագուների կողմից Հայաստան-Ջիբրալթար հանդիպման ժամանակ խաղադաշտ շշեր նետելը կարող է ֆինանսապես թանկ նստել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի վրա։
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարում հոկտեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում հյուրընկալել էր Ջիբրալթարի հավաքականին։ Խաղի ընթացքը չդասավորվեց այնպես, ինչպես ցանկանում էին տրիբունաներում հայ երկրպագուները, որոնք հանդիպման վերջին րոպեներին սկսեցին խաղադաշտ նետել շշեր ու վանկարկել՝ ամո՜թ է, ամո՜թ է, ամո՜թ է...
 
Չնայած նշյալ դրվագի մասին ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն դեռ եզրակացություն չի տվել (նիստը կգումարվի մոտակա օրերին), սակայն ակնհայտ է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վստահաբար տուգանվելու է՝ ելնելով ՈՒԵՖԱ-ի՝ խաղերի կազմակերպման կարգապահական մի շարք դրույթների խախտումից։ ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունից հայտնեցին, որ առայժմ չեն ստացել ծանուցում, սակայն պարզ է՝ ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն արձագանքելու է այն դրվագին, որը տեղի է ունեցել Հայաստան-Ջիբրալթար հանդիպման ժամանակ։
 
Իհարկե, Հայաստան-Ջիբրալթար հանդիպման կազմակերպման կարգապահական խնդիրներից մեկն էլ եղել է Ջիբրալթարի պետական հիմնի փոխարեն Լիխտենշտեյնի ազգային հիմնը հնչեցնելը, սակայն ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն նմանօրինակ իրավիճակներում սովորաբար որեւէ տուգանք չի սահմանում՝ համարելով կազմակերպչական շփոթ, թերացում, որը, սակայն, խոշոր հաշվով տուգանելի չէ։ Մինչդեռ երկրպագուների պահվածքի համար պատասխանատվությունն ընկնելու է ՀՖՖ-ի վրա, քանի որ դժվար է պատկերացնել, որ Հայաստանում հնարավոր է լինելու պարզել, թե ով է եղել խաղադաշտ նետված շշերի պատասխանատուն կամ կազմակերպիչը։
 
Շաբաթվա ընթացքում, երբ արդեն կավարտվեն ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի շրջանակում կայանալիք բոլոր խաղերը, Կարգապահական կոմիտեն նիստ կգումարի եւ որոշում կկայացնի Հայաստանում տեղի ունեցած իրադարձության մասին։ Որոշման մասին կտեղեկացնենք հետագա հրապարակումներում, քանի որ դա առաջին դեպքը չի լինի, երբ երկրպագուների պահվածքի արդյունքում վճարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
 
Հ.Գ.։ Մամուլում օրերս լուրեր էին հայտնվել, թե ՀՖՖ-ին ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն տուգանելու է շուրջ 100 հազար եվրո, այն էլ հիմնը շփոթելու համար։ Ուսումնասիրելով ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի կանոնադրական դրույթները՝ չգտանք կետ, ըստ որի՝ ազգային հիմնի շփոթումը կարող է բերել տուգանքի։