Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-10-2018
Յուրի Բաշմետը ելույթ ունեցավ երեւանյան բեմում
Այս համերգին հայ երաժշտասեր հանրությունը հինգ տարի է սպասել, եւ ահա բեմում է լեգենդար «ալտի թագավոր», դիրիժոր Յուրի Բաշմետը:

Հոկտեմբերի 15-ին «Երեւանյան հեռանկարներ» 19-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ Յուրի Բաշմետի եւ նրա ղեկավարած «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի համերգը:

Հնչեցին Սվիրիդովի «Կամերային սիմֆոնիան», Բոդրովի «Արտացոլումը»` Պագանինիի 24-րդ կապրիսի թեմայով՝ Բեթհովենի, Բրամսի, Չայկովսկու, Պրոկոֆեւի եւ Բերգի ոճով՝ 6 մենակատարների եւ լարայինների համար, Չայկովսկու «Նոկտյուրնը» եւ «Սերենադը»:
«Երեւանյան հեռանկարներ» փառատոնի նախագահ Ստեփան Ռոստոմյանի խոսքով՝ Յուրի Բաշմետի համերգը փառատոնի անակնկալներից է:

«Յուրի Բաշմետը սիրված է հայ հանրության կողմից, ու մեծ պատիվ է եւս մեկ անգամ  նրան լսելը: Բաշմետի ամեն մի այցը երաժշտական առումով մեծ տոն է»,- նշեց նա:

Հավելենք, որ համերգին ներկա էր նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ:

Յուրի Բաշմետը խորհրդային, ռուս ալտիստ, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ է, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ։ Նա նվագում է 1758 թվականի տեստորե ալտով (նույնանման մոդելի գործիք է, որով նվագել է Մոցարտը), որը գնել է 1971 թվականին։ ԽՍՀՄ պետական մրցանակի ու ՌԴ չորս պետական մրցանակների դափնեկիր է։

Պատկերասրահ՝ Յուրի Բաշմետը երեւանյան բեմում