Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-10-2018
Մեկնարկում է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը
Հոկտեմբերի 18-ին «Խաչատրյանը եւ ջազը» համերգային ծրագրով մեկնարկելու է Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը՝ նվիրված կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 115-ամյակին:
Փառատոնի շրջանակում մինչեւ նոյեմբերի 13-ը երաժշտասեր հանրությունը հնարավորություն կունենա ունկնդրելու սիմֆոնիկ եւ կամերային 9 համերգներ: 

«Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնի շրջանակում իրականացվող նախաձեռնություններից առանձնահատուկ է  հատկապես «Խաչատրյան-նոն ստոպ» համերգային ծրագիրը: Արամ Խաչատրյանը նաեւ կինոերաժշտություն է գրել, ինչի մասին կարծես թե շատերը գիտեն, բայց չեն ունկնդրել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: 

Փառատոնի շրջանակում հանդես են գալու ոչ միայն Հայաստանում գործունեություն ծավալող, այլեւ այլազգի՝ Խաչատրյանի երաժշտությունը կատարող արտիստներ. աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին կկատարի Խաչատրյանի «Դաշնամուրի կոնցերտը»: Ելույթներով հանդես կգան նաեւ թավջութակահար Ալեքսանդր Ռամը,  ջութակահար Դանիել Ռոնը եւ այլ արտիստներ: 



Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց նաեւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 2018-2019 համերգաշրջանի ամենաուշագրավ նախագծերը: 
 
Նոր համերգաշրջանը սեպտեմբերի 22-ին մեկնարկել է «Դմիտրի Շոստակովիչ, Սիմֆոնիա թիվ 8» համերգով: Այնուհետեւ, ինչպես վերը նշվեց, հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 13-ը կանցկացվի Խաչատրյանի 6-րդ միջազգային փառատոնը: Ամենաուշագրավ համերգներից մեկը «Մայքլ Ջեքսոն» նախագիծն է: 

«Փակագծեր առայժմ չեմ բացի, սակայն հետաքրքիր է լինելու: Ավելին ասեմ՝ ամենահնչեղ նախագծերից մեկն է լինելու»,- հավաստիացրեց Սերգեյ Սմբատյանը: 



 2019 թ.-ի փետրվար-մարտ ամիսներին տեղի կունենա Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ հոբելյանական փառատոնը, որի շրջանակում կներկայացվի կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի երաժշտությունը: 2019 թ.-ին նվագախումբը նաեւ կներկայացնի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգներ: 

Նվագախմբի 2017-2018 համերգաշրջանը եւս չափազանց հագեցած է եղել: Սերգեյ Սմբատյանի բնորոշմամբ՝ ձեռքբերումներով լի. «Մեկ տարվա ընթացքում ունեցել ենք 48 համերգ, որոնցից 32-ը՝ Հայաստանում, 16-ը՝ արտերկրում, ինչը մեծագույն ձեռքբերում է: Ելույթ ենք ունեցել հեղինակավոր համերգասրահներում: Լոնդոնում մասնակցել ենք «Գրամոֆոն» մրցանակաբաշխությանը, որը, կարելի է ասել, երաժշտական աշխարհի Օսկարն է: Այդ համերգասրահում ելույթ ունենալը մեծագույն ձեռքբերում էր, քանի որ աշխարհն իմացավ նվագախմբի մասին: Մյուս կարեւոր ձեռքբերումը մեր համերգն էր Մոսկվայում՝ «ՀՀ մշակույթի օրերը Ռուսաստանում» փառատոնի շրջանակում: Չեմ կարող չառանձնացնել  Համբուրգում՝ Էլբֆիլհարմոնիայում տեղի ունեցած համերգը, որը, վստահ կարող եմ ասել, փառահեղ էր: Համերգի տոմսերը սպառվել էին 2017 թ.-ի տարեվերջից»: 



Նախորդ համերգաշրջանի կարեւոր նախագծերից էին նաեւ Խաչատրյանի 5-րդ միջազգային, Հայ կոմպոզիտորական արվեստի 9-րդ, Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված հոբելյանական եւ մի շարք այլ փառատոները: 

Սերգեյ Սմբատյանը ներկայացրեց նաեւ թվային տվյալներ, որոնք տպավորիչ են. նվագախմբին ունկնդրել է 23931 հանդիսատես, որից 10252-ը՝ արտասահմանոմ: Հեռարձակվել է 26 համերգ՝ 1 միլիոն 624 հազար առցանց դիտումներով: Արտասահմանյան մամուլը նվագախմբի գործունեությունը լուսաբանել է 135, հայաստանյան լրատվամիջոցները՝ 1150 անգամ: