Նյութը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության
Տեղադրվել է 17-10-2018
Հրավիրում ենք մասնակցելու հայ-ռուսական երիտասարդական չորրորդ համաժողովին
2018 թվականի նոյեմբերի 12-16-ը Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում տեղի կունենա հայ-ռուսական երիտասարդական չորրորդ համաժողովը:
Շարունակելով հայ-ռուսական երիտասարդական համաժողովների անցկացման ավանդույթը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ ՌԴ կրթության ու գիտության նախարարությունը, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալությունը կազմակերպում են հերթական համաժողովը:
 
Համաժողովի նպատակն է զարգացնել հայ-ռուսական երիտասարդական համագործակցությունը, այդ թվում՝ ակտիվացնել Հայաստանի ու Ռուսաստանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների, մասնագիտական շրջանակների ներկայացուցիչների փոխգործակցությունը, պայմաններ ստեղծել համատեղ նախագծերի մշակման համար:
 
Ֆորումի թեմատիկ քննարկման հարթակներն են՝
- երիտասարդական գործարարություն,
- երիտասարդական զբոսաշրջություն,
- կամավորություն։
 
Մասնակիցների չափանիշները՝ 
տարիքը՝ 16-35 տարեկան, 
ռուսերենի ազատ տիրապետում,
գործարար, զբոսաշրջության ոլորտի մասնագետ, կամավոր, նշված ոլորտներում գործող կազմակերպություններ, երիտասարդական կազմակերպության անդամ կամ ուսանող,
ֆորումի աշխատանքներին եւ հետագա զարգացումներին մասնակցության մոտիվացիա, 
միջազգային երիտասարդական, մասնագիտական, միջմշակութային միջոցառումներին մասնակցության փորձ, 
հայ-ռուսական համագործակցության, միջմշակութային երկխոսության զարգացմամբ հետաքրքրվածություն, 
ֆորումի ընթացքում ստացած գիտելիքների տարածման պատրաստակամություն, 
ֆորումի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին մասնակցության պատրաստակամություն, 
ֆորումի ծրագրի մասին սոցիալական ցանցերում կամ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվության տարածման պատրաստակամություն,
Երեւան-Մոսկվա-Երեւան իր ճանապարհածախսը հոգալու պարտավորության հանձնառում:
 
Հայաստանի Հանրապետությունից կմասնակցեն ֆորումի կազմակերպիչների կողմից վերոնշյալ չափանիշների հիման վրա ընտրված մինչեւ 30 մասնակից: 
 
Ֆինանսական եւ տեխնիկական պայմանները. Մոսկվայում մասնակիցների կեցության, սննդի եւ փոխադրումների համար վճարում են ֆորումի կազմակերպիչները: Մոսկվա մեկնելու եւ վերադառնալու համար վճարում է մասնակիցը: 
 
Խնդրում ենք մասնակցության հայտը և Ձեր ինքնակենսագրությունը ուղարկել erit.msy@gmail.com էլեկտրոնային փոստին՝ մինչև 2018 թ. հոկտեմբերի 29-ը` ժամը 12:00: Կազմակերպիչների կողմից կիրականացվի ընտրություն, և արդյունքների մասին կծանուցվի դիմողներին: 
 
Ֆորումի կազմակերպիչներն են՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, ՌԴ կրթության եւ գիտության նախարարություն, Երիտասարդության հարցերի դաշնային գործակալություն, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն, Մ.Մ. Ջամբուլատովի անվան Դաղստանի պետական ագրարային համալսարան:
 
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք դիմել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի երիտասարդական քաղաքականության վարչություն (հեռ.` 011-54-69-31):