Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-10-2018
Արիանա Կաոիլին հեծանվով 1900 կմ ճանապարհ է անցել՝ հանուն հայ երեխաների
Ավարտվել է հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանի կնոջ՝ ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլիի՝ սեպտեմբերի 21-ին մեկնարկած հեծանվային շրջագայությունը:

Արիանայի՝ 1900 կմ երկարությամբ ճանապարհը մեկնարկել է Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, անցել Անատոլիայով, Իրանի հյուսիսով եւ ավարտվել հայ-իրանական սահմանի հարեւանությամբ տեղակայված Ագարակ քաղաքում: 

Հեծանվային արշավը բարեգործական էր. հավաքագրված ողջ գումարը ծառայելու է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ Այգեհովիտ,  Բերդավան, Պտղավան ու Զորակն գյուղերում տղաների եւ աղջիկների ֆուտբոլի, վոլեյբոլի եւ թենիսի մեկամյա խմբակներ ստեղծելուն, անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը: 

«Մենք շնորհակալ են Արիանա Կաոիլիին այդպիսի առաջարկի համար: Շատ ոգեւորված ենք նրա  նպատակասլացությամբ եւ խիզախությամբ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի մարքեթինգի հարցերի համակարգող Հասմիկ Սարգսյանը: 



Նախաձեռնությունն իրականացնելու համար անհրաժեշտ 10000 ԱՄՆ դոլարից հավաքվել է 6000-ը: 

«Ես շատ կարեւոր «հանձնարարություն» ունեմ, եթե իհարկե կարող եմ խնդրել ձեր օգնությունը: Մենք պետք է կարողանանք  հավաքել եւս 4000 ԱՄՆ դոլար: Սա շատ կարեւոր նախաձեռնություն է, եւ ես առաջին մարդն եմ, ով իրականացնում է այն: Անհրաժեշտ է, որ այս նախաձեռնության մասին շատերն իմանան, որպեսզի դրամահավաքն առավել արդյունավետ լինի: Ես խնդրում եմ տարածել այս տեղեկատվությունը»,- լրագրողներին դիմեց Արիանա Կաոիլին:  

Նա նշեց, որ հեծանվային շրջագայություն իրականացնելու նպատակ ունեցել է դեռ անցյալ տարի. «Սակայն ամուսնացա եւ չկարողացա նպատակս իրականացնել: Ընդհանրապես խենթություններ շատ եմ անում: Ճանապարհորդությունից մի քանի շաբաթ առաջ ինձ խորհուրդ տվեցին դիմել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին եւ նրանց հետ դրամահավաք կազմակերպել: Նախատեսված գումարն ամբողջությամբ հավաքված չէ, եւ ես պատրաստ եմ շարունակել իմ խենթությունները, միայն թե մնացած գումարն էլ կարողանանք հավաքել»: 



Արիանան հավաստիացնում է՝ թեպետ ազգությամբ հայ չէ, բայց  սիրում է Հայաստանը: Ինչպես ինքն է բնորոշում՝ Հայաստանի նկատմամբ իր հիացմունքն արտահայտվել է 7 տարեկանից, երբ Հայաստանի մասին գիրք է կարդացել: Բացի դրանից՝ նրա շախմատի մարզիչն ազգությամբ հայ է եղել. «Հետագա տարիներին եւս միշտ հետաքրքրված եմ եղել Հայաստանով: Այնուհետեւ հանդիպեցի Լեւոնին: Անգամ իմ թեկնածուական աշխատանքն է այս տարածաշրջանի մասին ( ՀՀ-ի եւ ՌԴ-ի տնտեսական հարաբերությունների մասին): Հայաստանում էլ մշտական բնակություն հաստատելու որոշում կայացրի 4 տարի առաջ»: 

Արիանան դժվարանում է առանձնացնել ճանապարհորդության ամենատպավորիչ պահերը. «Ես քնում էի 4 ժամ, արթնանում առավոտյան ժամը 5-ին եւ շարունակում ճանապարհս, այդ պատճառով չեմ կարող հիշել որեւէ դեպք, որը շատ է տպավորվել: Բացասական միջադեպեր եւս եղել են, որոնց մասին չէի ցանկանա խոսել: Ճանապարհի ամենասիրելի հատվածն Իրանն էր, քանի որ Արաքսի ափով հաճելի էր ճանապարհորդելը: Թուրքիան եւս գեղեցիկ էր: Ես անցնում էի հիմնականում լեռնային ճանապարհներով, որոնք ինձ «սպանում էին»»: