Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-10-2018
«Սպորտը հանուն խաղաղության». սպասվում է աննախադեպ ֆուտբոլային հանդիպում
«Սպորտը հանուն խաղաղության» նախաձեռնության շրջանակում հոկտեմբերի 19-ին «Դինամո» մարզահամալիրի փակ մարզասրահում տեղի կունենա աննախադեպ ֆուտբոլային հանդիպում:

Հաղթանակի համար կպայքարեն ՀՀ արտաքին գործերի նախարարության «Դիվանագետ» ֆուտբոլային ակումբը եւ «Ամբասադոր» թիմը, որի կազմում ընդգրկված են լինելու  ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ: 



Այդ ձեւաչափով ֆուտբոլային հանիպում անցկացնելու գաղափարի հեղինակը ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպան Ալիա Սալման ալ Զուբեյդին է: Նախաձեռնությունն իրականացվում է «Դիվանագիտական ակումբ»-ի հետ: 

««Դիվանագիտական ակումբ»-ի նպատակը ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանությունների հետ ծրագրեր իրականացնելն է,  եւ տիկին Ալիա Սալման ալ Զուբեյդիի ցանկությամբ  իրականացվում է այս  նախագիծը: Ֆուտբոլային հանդիպման նպատակը խաղաղություն քարոզելն է նաեւ սպորտի միջոցով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դիվանագիտական ակումբ»-ի հիմնադիր Լեւոն Դավթյանը: 



Շարունակելով ներկայացնել նախաձեռնության նպատակը՝ ակումբի համահիմնադիր Լիլիթ Ադիբեկյանը հավելեց. «Քանի որ 21-րդ դարում դեռեւս խաղաղությունը մնում է ամենաարդիական խնդիրներից մեկը, պետք է տարբեր եղանակներ գտնենք՝ քարոզելու դրա գաղափարը: Տարբեր երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ նման ֆուտբոլային հանդիպում Հայաստանում, երեւի թե նաեւ աշխարհում առաջին անգամ է լինելու: Սա, իսկապես, աննախադեպ է»: 

ՀՀ-ում Իրաքի Հանրապետության դեսպան Ալիա Սալման ալ Զուբեյդին նշեց, որ ֆուտբոլային հանդիպում կազմակերպելու գաղափարն ավելի վաղ է ծնվել. «Ի սկզբանե մտածում էի, որ կարելի է ֆուտբոլային հանդիպումներ կազմակերպել դեսպանատների միջեւ, սակայն «Դիվանագիտական ակումբ»-ի ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում որոշեցինք, որ թիմերից մեկում ներգրավված լինեն օտարերկրյա դիվանագետները, մյուսում՝ ԱԳՆ աշխատակիցները: Ես ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ՀՀ ԱԳՆ-ին եւ անձամբ պարոն նախարարին: Սպորտը նաեւ միջոց է, որպեսզի մարդիկ միավորվեն: Եվ այս հանդիպումը նաեւ այդպիսի նպատակ ունի»: 



Ինչպես դեսպանը նկատեց, ֆուտբոլային հանդիպումը զուտ դիվանագիտական իրադարձություն չէ: Դրա հիմնական ուղերձներից մեկը ՖԻՖԱ-ի կողմից իրաքյան ֆուտբոլային մարզադաշտերի նկատմամբ կիրառվող արգելքի չեղարկումն է. «2003 թ.-ից հետո ՖԻՖԱ-ն սկսեց արգելք կիրառել Իրաքում գտնվող ֆուտբոլային մարզադաշտերի նկատմամբ, քանի որ մեր երկրում հայտնի իրադարձությունների պատճառով անվտանգության առումով խնդիրներ կային: Իրավիճակը սկսեց կարգավորվել, սակայն ՖԻՖԱ-ն շարունակում է արգելք կիրառել: 2017 թ.-ի մարտին Իրաքի 3 նահանգների մարզադաշտերի վրա կիրառվող արգելքը մասամբ չեղարկվեց, սակայն մինչ օրս այն չի հանվել մյուս նահանգներում եւ անգամ մայրաքաղաք Բաղդադում: Իրաքում որեւէ տարբերություն չկա բնակավայրերի միջեւ, սակայն Բաղդադը մայրաքաղաքն է՝ 10 մլն բնակչությամբ: Այնտեղ գտնվող մարզադաշտերն էլ բավականին հագեցած են, բայց փաստորեն դրանք չեն գործում:  Մենք կոչ ենք անելու մեր բարեկամ երկրներին, ինչպես նաեւ ՀՀ ԱԳՆ-ին որոշակիորեն աջակցել մեզ այդ հարցում: Հատկապես Հայաստանը միշտ է օգնության ձեռք մեկնել Իրաքին»: