Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-10-2018
Տոնդ շնորհավոր, քաղաքամա՛յր Երեւան
Համայն հայության մայրաքաղաք հինավուրց Երեւանը 2800 տարեկան է: Պատմությունը փաստում է, որ Երեւանը հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն մ.թ.ա. 8-րդ դարում:

Հռոմից ավելի հին, բայց նաեւ նոր, ծեր ու երիտասարդ Երեւանը՝ աշխարհի ամենաջերմ քաղաքը, հոկտեմբերի 21-ին էլ ավելի էր ջերմացել թե՛ տեղացիների, թե՛մայրաքաղաքի  հյուրերի համար: 

Վաղ առավոտից մայրաքաղաքի կենտրոնում եւ վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում ու մեծ այգիներում բազմաբնույթ մարզական ու մշակութային միջոցառումներ են իրականացվել՝ տոնը լիարժեք դարձնելով: 

Երեւանի 2800-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ամենակարեւոր իրադարձություններից մեկը Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացված  «Երեւան մարաթոն» վազքի մրցույթն էր, որն առաջինն էր որպես ամբողջական վազքի մարաթոն:  

Մարզական հաջորդ միջոցառումը «Սիրահարդ եմ, Երեւան» խորագրով հեծանվավազքն էր, որը մեկնարկեց Շահումյան հրապարակից: 

Համերգային ծրագրերը բազմազան էին. «Բազմազգ Երեւան» խորագրով համերգին մասնակցում էին ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները: Երեւանի կենտրոնական հրապարակներում հնչում էին դասական, ջազ, ռոք երաժշտություն, ազգային, ժողովրդական երգեր: 

Տոնին առանձնահատուկ շուք էր պարգեւում հատկապես փողային նվագախմբերի շքերթը: 

Տոնական օրը երեկոյան ամփոփվեց գալա համերգով եւ հրավառությամբ:

Պատկերասրահ՝ Երևան - 2800. 21.10.2018