Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 29-10-2018
«Քեզ համար, Ազնավուր»
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը՝ նվիրված շանսոնիեի հիշատակին:
«Իրականում համերգը նախապես պլանավորած է եղել: Նախատեսել էինք, որ Շառլ Ազնավուրն ինքը պետք է մասնակցեր համերգին, բայց հայտնի իրադարձություններից հետո որոշեցինք հավուր պատշաճի տուրք մատուցել նրա հիշատակին»,- ասաց ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Համերգին հանդես եկան հայ էստրադային եւ օպերային երգիչները, ովքեր կատարեցին Ազնավուրի երգերը: Համերգին կատարումներով հանդես եկան Իվետա Մուկուչյանը, Մաշա Մնջոյանը, Սոնա Ռուբենյանը, Էրիկը եւ այլ երգիչներ: Ազնավուրի երգերը հնչեցին նաեւ հայերեն թարգմանությամբ:

«Անցյալ տարի հունիսի 1-ին եւ 2-ին մենք առաջին համերգը արեցինք՝ «Քեզ համար, Ազնավուր» խորագրով, որին ներկա էր նաեւ մեծն Շառլը:  Որոշել էինք, որ համերգը շարունակական բնույթ է կրելու եւ ամեն տարի հարգանքի տուրք ենք մատուցելու վարպետին: Այս տարի եւս դիմեցինք նախարարությանը՝ համերգը անցկացնելու համար, ստացանք դրական պատասխան եւ աջակցություն նախարարության կողմից: Հիմա սա երկրորդ համերգն է, որը, ցավոք, դարձավ հիշատակի համերգ»,- ասաց Հայկ Պետրոսյանը: 

Որպես երեկոյի հյուր՝ ելույթ ունեցավ նաեւ ֆրանսիացի երգիչ, բարիտոն Ժերեմի Դելվերը, ով կատարեց Շառլ Ազնավուրի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ հնչած «Հայկական վալս» ստեղծագործությունը:

«Ինձ համար առանձնահատուկ է մասնակիցներից մեկը, ով 5 տարի է՝ Երեւանում բեմ չի բարձրացել: Նախատեսում էր հաջորդ տարի միայն գալ Երեւան եւ իր վերադարձը ազդարարել… Խոսքն իմ հոր՝ Վարդան Պետրոսյանի մասին է: Որպես հատուկ հյուր նա եւս մասնակցելու է այս համերգին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով Շառլ Ազնավուրին: Վստահ եմ, որ հանդիսատեսին շատ հուզական եւ ուրախ համերգ է սպասվում, ինչպես հենց ինքը` Ազնավուրն էր շատ ուրախ, զվարթ եւ միաժամանակ հուզական»,- նշեց Հայկ Պետրոսյանը: 

Մեծ ուշադրություն էր հատկացվել լուսային, ձայնային եւ էկրանային ձեւավորումներին:

«Մշակույթի նախարարության աջակցությունը եղել է թե՛ ֆինանսական, թե՛ ոչ ֆինանսական: Ծրագրի փոփոխության պարագայում, երբ նախատեսված էր մեկ օր, իսկ հիմա ավելացնում ենք օրերի քանակը, բնականաբար, ավելանում է նաեւ բյուջեից նախատեսված գումարը: Սակայն ինչ նոր խնդիր էլ առաջանա, ինչ պետք լինի, ամեն ինչ կարվի, որպեսզի հավուր պատշաճի եւ բարձր մակարդակով անցկացվի միջոցառումը,- մանրամասնեց Լիլիթ  Մակունցը եւ հավելեց,- սա ամենափոքրն է, որ մենք կարող ենք անել՝ Ազնավուրի  հանդեպ մեր սերն ու հարգանքը ցույց տալու համար: Համերգները կլինեն շարունակական: Նրա երգացանկն այնքան մեծ է, որքան մեծ եւ հարուստ է նրա կյանքը, որն անվերջ կարելի է պատմել»:

Համերգը տեղի կունենա նաեւ հոկտեմբերի 30-ին՝ 19:30-ին:

Պատկերասրահ՝ «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը