Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 29-10-2018
«ՌեԱնիմանիա»-ն 10-ը տարեկան է․ մեկնարկել է պատկերապատման միջազգային փառատոնը
Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունում մեկնարկեց «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման 10-րդ միջազգային փառատոնը:

Սպասված փառատոնի մեկնարկը տրվեց փոքրիկ ֆիլմով․ այն պատմում է արդեն 10-ամյա փառատոնի անցած ճանապարհի եւ ձեռքբերումների մասին։ Գեղեցիկ պատկերներով եւ ժպիտ հաղորդող այդ ֆիլմին հաջորդեց «Անիմացիայի սրտի զարկերը» խորագրով համերգը՝ Սերգեյ Սմբատյանի եւ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ․ այն  նվիրված էր «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման միջազգային կինոփառատոնի 10-ամյակին եւ հայկական անիմացիայի 80-ամյա հոբելյանին։

Համերգին հնչեցին հայկական անիմացիոն ֆիլմերի հայտնի մեղեդիները:



«ՌեԱնիմանիա»-ի հիմնադիր նախագահ Վրեժ Քասունին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ փառատոնը հյուրընկալել է համաշխարհային ճանաչում ունեցող բացառիկ հյուրերի: Նրանց թվում են ֆրանսիացի ռեժիսոր Ստեֆան Կազանջյանը, մի շարք մրցանակների դափնեկիր, լրագրող Էրիկ Փեյփը եւ այլք: Ընդհանուր առմամբ Հայաստան են ժամանել 12 հրավիրված հատուկ հյուրեր, ինչպես նաեւ հայտնի այլ ռեժիսորներ, որոնք ոչ միայն գնահատելու են ցուցադրվելիք ֆիլմերը, այլեւ վարպետության դասեր են անցկացնելու երիտասարդ անիմատորների համար․ «Այս տարի առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է Աննեսիի «Animation du Monde 2018» նախագիծը: Ծրագրի նպատակն է խթանել անիմացիայի զարգացումը եւ հնարավորություն տալ երիտասարդ անիմատորներին դուրս գալ միջազգային հարթակ»։

Ելույթով հանդես եկավ նաեւ Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկին․ «Մենք հավատացած ենք, որ «ՌեԱնիմանիան» լավ օրինակն է այն բանի, թե Հայաստանն ինչպիսի կարեւոր տեղ կարող է զբաղեցնել Եվրոպայի եւ տարածաշրջանի քարտեզին: Փառատոնը ցույց է տալիս, որ Հայաստանը Եվրոպայում եւ աշխարհում անիմացիոն ֆիլմերի արտադրության կենտրոններից մեկն է»։

Ի դեպ, փառատոնն այս տարի ստացել էր ավելի քան 2000 հայտ մոտ 100 երկրներից։ Շուրջ 400 ֆիլմ, այդ թվում՝ 8 լիամետրաժ, ներառվել են 5 մրցութային ծրագրերում՝ «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն ավարտական ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային եւ ուսուցողական ֆիլմ» եւ «Լավագույն երաժշտական անիմացիոն հոլովակ»։

Փառատոնը կշարունակվի մինչեւ նոյեմբերի 3-ը: