Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Սողոմոն Մաթևոսյանի
Տեղադրվել է 31-10-2018
Ուկրաինայի երիտասարդ ուսանողների առօրյան հագեցած է, բայց եւ լի է մարտահրավերներով
Յուլիա Շկոդկինան Սոմսկից է: Ինը տարի է, ինչ աշխատում է Սոմսկի պետական համալսարանում: Նա ապրում է ակտիվ, երիտասարդական հագեցած կյանքով: Բացի նրանից, որ դասավանդում է համալսարանում, շփվում է բազմաթիվ երիտասարդների հետ, նաեւ զբաղվում է ոչ ֆորմալ կրթությանը միտված ծրագրերով:
Մոտ 5 տարի է, ինչ Յուլիան համագործակցում է Եվրոպական մտահղացումների կենտրոնի հետ, եւ միասին իրականացնում են համատեղ ծրագրեր: 

«Ես աշխատում եմ երիտասարդների հետ եւ մասնակցում բազմաթիվ հետաքրքիր ծրագրերի: Բուհում 16-23 տարեկան ուսանողների հետ կազմակերպում եւ մասնակցում ենք տարբեր ծրագրերի: Թեմաները բազմաբնույթ են, օրինակ՝ Դոնբասից ներգաղթած մարդկանց վերաբերյալ: Ծրագիր ունեինք, որը կոչվում էր «Կենդանի գրադարան»: Այդ ծրագրում ուսանողները հանդես էին գալիս որպես օտարերկրացիներ եւ մանրամասն, համակողմանիորեն, ինչպես գրքերում, պատմում էին այդ երկրի ավանդույթների, պատմության եւ մարդկանց մասին,- պատմում է Շկոդկինան եւ հավելում,- հաջողված ծրագիր էր նաեւ «Եվրոպական մտահղացումների կենտրոնի» հետ իրականացրած «Միջազգային խոհանոց» նախագիծը, որի ընթացքում կամավորների հետ հավաքվում էինք մի սրճարանում եւ միասին պատրաստում իրենց ազգային ավանդական ճաշատեսակը»: 


Յուլիան սիրում է իր աշխատանքը, քանի որ շփվում է երիտասարդների հետ, ովքեր հասարակության շարժիչ ուժն ու ապագան կերտողներն են: Բացի դրանից՝ տարբեր ծրագրերի շնորհիվ նա շատ է ճամփորդում, ձեռք է բերում նոր ծանոթություններ, ընկերներ, փորձ: Օրինակ՝ բոլորովին վերջերս մասնակցեց «Երիտասարդների ներգրավումը եւ երիտասարդության մասնակցությունն Արեւելյան գործընկերության տարածաշրջանում. Արեւելյան գործընկերության եւ ԵՄ-ում փորձի փոխանակում» համաժողովին, որի ընթացքում Հայաստանը, Վրաստանը, Գերմանիան, Մոլդովան, Բելգիան ներկայացնող երիտասարդների հետ քննարկեցին իրենց երկրներում երիտասարդների առջեւ ծառացած խնդիրները:

«Վերջին տարիներին, կարծում եմ, Ուկրաինայի երիտասարդությունը շատ է ակտիվացել: Դա երեւի թե պայմանավորված է քաղաքական իրադարձություններով: Մայդանից հետո մեր երիտասարդությունը հասկացավ, որ կարող է ինքնուրույն անել այն, ինչ ճիշտ է, եւ հասնել ինչ-որ բանի. այլ ոչ թե սպասել մինչ ղեկավարությունն ինչ-որ օրենքներ ընդունի: Այս փոփոխություններն էլ հիմք են տալիս մտածելու, որ շատ բան կարելի է փոխել, բարելավել: Այսօր մեզ մոտ՝ փոքր քաղաքներում, կազմակերպվում են հանդիպումներ, որոնց ընթացքում որոշվում է, թե ինչ բարեփոխումներ կարելի է անել: Օրինակ՝ մեր քաղաքում շաբաթական մեկ անգամ հավաքվում են տարբեր տարիքի, մասնագիտությունների, մտածելակերպի, հնարավորությունների տեր մարդիկ եւ միասին քննարկում մեր քաղաքի զարգացման ծրագրերը»,- կարեւորում է երիտասարդ ուկրաինուհին:  



Մեր զրուցակցի կարծիքով՝ Ուկրաինայի երիտասարդության խնդիրներից են պարբերաբար առաջացող ազգային խնդիրները, որոնք փորձում են հաղթահարել: Նրանց նպատակն է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որտեղ մարդիկ ավելի անկեղծ լինեն միմյանց հետ, վստահեն եւ սիրեն իրար: Նա կարեւոր է համարում նաեւ այն, որ ուկրաինացի երիտասարդությունը կարողանա հարթել ցանկացած փորձություն, յուրահատուկ, անաչառ վերաբերմունք ունենա տարբեր փոքրամասնությունների, ներգաղթյալների, որոշակի սահմանափակում ունեցող մարդկանց հանդեպ: