Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 01-11-2018
Հանրությանն են ներկայացվել գյուղաբնակ երեխաների ստեղծագործությունները
Հոկտեմբերի 31-ին Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանում տեղի ունեցավ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի շահառու 8 գյուղական համայնքների նկարչության արտադասարանային խմբակների սաների աշխատանքների ցուցահանդեսի բացումը:



2 օր շարունակ կցուցադրվեն Դեբեդ, Մեծ Այրում, Արեւածագ, Զորական, Կոթի, Լանջիկ եւ Վանանդ գյուղերի նկարչական խմբակների երեխաների շուրջ 60 աշխատանքներ:



«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կրթական ենթածրագրի համակարգող Մելինե Գրիգորյանը նշեց, որ հիմնադրամի համար չափազանց կարեւոր է բազմազան,  ինտերակտիվ դասընթացներին, արվեստի եւ արհեստի ճյուղերին առնչվող խմբակներին երեխաների մասնակցությունը: 



Նա շեշտեց հատկապես խմբակավարների գործունեության կարեւորությունը, որոնք ջանասիրաբար աշխատել ու ստեղծագործել են երեխաների հետ, հայտնաբերել նրանց տաղանդը. «Ես վստահ եմ, որ երեխաներն իրենց սովորածը հետագայում կիրառելու են: Հիմնադրամի համար կարեւոր է այն իրողությունը, որ խմբակները երբեմն դեր են ունենում նաեւ մասնագիտության ընտրության հարցում»: 



«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի փոխտնօրեն, վարչական հարցերով ղեկավար Ինեսա Գրիգորյանն էլ նշեց, որ արդեն 14 տարի հիմնադրամը տարբեր ծրագրեր է իրականացնում գյուղական համայնքներում. «Շատ ուրախ ենք, որ տարեցտարի մենք  ավելի շատ տաղանդավոր երեխաների ենք բացահայտում: Տարիներ շարունակ աշխատում ենք, սակայն չենք դադարում զարմանալ, թե որքան տաղանդավոր են հայ երեխաներն ու երիտասարդները: Ուրախ ենք, որ կարողանում ենք հայտնաբերել երեխաների տաղանդը եւ  զարգացնել նմանատիպ խմբակների շնորհիվ»: 



ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը եւս շնորհավորեց երեխաներին՝ նշելով. «Մշակույթը մեր ժողովդրի ողնաշարն է, որի շնորհիվ դարեր շարունակ պահպանել ենք մեր ազգային նկարագիրը: Ես ուրախ եմ, որ դուք ունեք միջավայր, որը կապում է ձեզ արվեստի ու մշակույթի հետ»: 



Նկարիչը նշեց, որ սիրով դրվատանքի խոսքեր կասի բոլորին, սակայն կան այնպիսի աշխատանքներ, որոնք նույնիսկ կայացած, հասուն նկարչի նախանձը կշարժեն: 



Ելույթ ունեցան նաեւ նկարչուհիներ Հասմիկ Ավետիսյանը եւ Ծովինար Թադեւոսյանը: 



Այնուհետեւ խմբակն ավարտող 55 երեխաներ ավարտական վկայականներ ստացան: